Հռոմեացիներին 4
4
Աբրահամի օրինակը
1Արդ ի՞նչ ասենք մեր նախահոր՝ Աբրահամի մասին. ի՞նչ ձեռք բերեց նա ըստ մարմնի։ 2Որովհետև եթե Աբրահամը գործերով արդարացած լիներ, պարծենալու բան կունենար, բայց ո՛չ Աստծու առաջ։ 3Որովհետև Գիրքն ի՞նչ է ասում. «Աբրահամն Աստծուն հավատաց, և դա արդարություն համարվեց նրան» (Ծնն. 15.6, Գղտ. 3.6)։ 4Բայց ով գործ է անում, վարձը նրան շնորհ չի համարվում, այլ պարտք։ 5Իսկ ով գործ չի անում, այլ հավատում է նրան, ով ամբարիշտին արդարացնում է, նրա հավատն արդարություն է համարվում։ 6Այդպես էլ Դավիթն է երանի տալիս այն մարդուն, որին Աստված, անկախ գործերից, արդար է համարում.
7 «Երանի՜ նրանց, որոնց անօրենությունները ներվեցին,
և որոնց մեղքերը ծածկվեցին։
8 Երանի՜ այն մարդուն, որի մեղքը Տերը հաշվի չի առնի» (Սաղ. 32.1-2ա)։
9Արդ այս երանությունը թլփատությա՞նն է վերաբերում, թե՞ անթլփատությանն էլ. որովհետև ասում ենք. «Աբրահամի հավատն արդարություն համարվեց»։ 10Արդ ինչպե՞ս համարվեց. թլփատություն ընդունելուց հետո՞, թե՞ առաջ. ոչ թե թլփատությունից հետո, այլ անթլփատության վիճակում։ 11Եվ թլփատության նշանն ընդունեց իբրև այն հավատի արդարության կնիք, երբ անթլփատ էր, որպեսզի նա հայր լիներ այն բոլոր հավատացյալներին, որոնք անթլփատությունից են, որպեսզի նրանց էլ արդարություն համարվի։ 12Եվ թլփատության հայր լինի ոչ միայն նրանց, ովքեր թլփատությունից են, այլ նրանց էլ, ովքեր այն հավատի հետքով են գնում, որ մեր հայր Աբրահամն անթլփատ ժամանակ ուներ։
13Հիրավի Աբրահամին կամ նրա սերնդին աշխարհի ժառանգորդը լինելու խոստումը եղավ ոչ թե օրենքով, այլ հավատի արդարությամբ։ 14Որովհետև եթե ժառանգները օրենքի վրա հիմնվողներն են, ապա հավատն ունայն կլիներ, իսկ խոստումը կդրժվեր։ 15Որովհետև օրենքը բարկություն է ստեղծում, քանի որ որտեղ օրենք չկա, օրինազանցություն էլ չկա։ 16Դրա համար հավատից է ժառանգ լինելը, որպեսզի դա շնորհով լինի, որպեսզի խոստումը հաստատուն լինի ամբողջ սերնդի համար. ոչ միայն օրենք ունեցողի համար, այլ նաև նրա համար, ով Աբրահամի հավատից է, որ մեր բոլորի հայրն է, 17ինչպես որ գրված է. «Քեզ բազում ազգերի հայր կարգեցի» (Ծնն. 17.5)։ Եվ դա Աստծու առաջ, որին հավատաց, որ մեռելներին կենդանացնում է և չեղած բաները գոյության կոչում։ 18Երբ հույս չկար, նա հուսալով հավատաց, որ շատ ազգերի հայր է լինելու, ինչպես որ իրեն ասվեց. «Քո սերունդն այսպիսին է լինելու» (Ծնն. 15.5բ)։ 19Եվ հավատի մեջ չթուլացավ՝ իր մարմնին նայելով, որովհետև արդեն մեռածի պես էր՝ գրեթե հարյուր տարեկան լինելով, և ոչ էլ Սառայի արգանդի մեռած լինելուն։ 20Եվ Աստծու խոստման հանդեպ անհավատությամբ չերկմտեց, այլ հավատով զորացավ ու փառք տվեց Աստծուն։ 21Եվ իր մտքում համոզված էր, որ նա, ով խոստացավ, կարող է և կատարել։ 22Դրա համար էլ նրան արդարություն համարվեց։ 23Բայց ոչ միայն նրա համար գրվեց, որ նրան արդարություն է համարվել, 24այլև մեզ համար, որ մեզ էլ է համարվելու, որ հավատում ենք նրան, ով մեռելներից հարություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսին, 25որ մատնվեց մեր հանցանքների համար ու հարություն առավ մեզ արդարացնելու համար։
Currently Selected:
Հռոմեացիներին 4: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018