YouVersion Logo
Search Icon

Հռոմեացիներին 2

2
Աստծու արդար դատաստանը
1Ուստի աններելի ես, ո՛վ մարդ, որ բոլորին դատում ես. որովհետև ինչով ուրիշին դատում ես, ինքդ քեզ ես դատապարտում, քանի որ դու նույնն ես անում, ինչով որ դատում ես։ 2Բայց մենք գիտենք, որ Աստծու դատաստանը ճշմարիտ է նրանց նկատմամբ, ովքեր այդպիսի բաներ են անում։ 3Իսկ դու, ո՛վ մարդ, որ այդպիսի բաներ անողներին դատում ես, դու ևս նույնն ես անում, կարծում ես, թե կխուսափե՞ս Աստծու դատաստանից։ 4Կամ նրա անչափ բարությունը, մեծահոգությունը և համբերատարությունն արհամարհո՞ւմ ես՝ չգիտենալով, որ Աստծու բարությունը քեզ ապաշխարության է տանում։ 5Բայց դու քո խստությամբ և չզղջացող սրտով քո անձի հանդեպ բարկություն ես կուտակում Աստծու բարկության և այն արդար դատաստանի հայտնության օրվա համար։ 6Նա յուրաքանչյուրին ըստ իր գործերի հատուցում է տալու։ 7Հավիտենական կյանք է տալու նրանց, ովքեր, բարի գործերի մեջ հարատևելով, փառք, պատիվ և անմահություն են փնտրում, 8իսկ բարկություն և վրդովմունք՝ նրանց, ովքեր հակառակվում են, չեն հնազանդվում ճշմարտությանը և անիրավության հետևից են գնում, 9նեղություն և տառապանք՝ ամեն մարդու վրա, որ չարիք է գործում, նախ՝ հրեայի, հետո՝ հույնի։ 10Բայց փառք, պատիվ և խաղաղություն՝ ամեն բարիք գործողին, նախ՝ հրեային, հետո՝ հույնին. 11որովհետև Աստծու մոտ աչառություն չկա։ 12Որովհետև ովքեր առանց օրենքի մեղք են գործել, առանց օրենքի էլ կկորչեն, իսկ ովքեր մեղանչում են օրենքն ունենալով, օրենքով էլ կդատվեն. 13որովհետև Աստծու առաջ ոչ թե օրենքը լսողներն են արդար, այլ օրենքը կատարողները պիտի արդարացվեն։ 14Ուրեմն երբ հեթանոսները, որ օրենք չունեն, օրենքի պահանջները բնականորեն կատարեն, սրանք թեև օրենք չունեն, իրենք են իրենց համար օրենք։ 15Նրանք ցույց են տալիս, որ օրենքի պահանջն իրենց սրտերում է գրված՝ իրենց խղճի վկայությամբ, և իրենց մտքերում, որ միմյանց ամբաստանում են կամ էլ արդարացնում։ 16Այդպես է լինելու այն օրը, երբ Աստված դատի մարդկանց գաղտնի գործերն ըստ իմ Ավետարանի, Հիսուս Քրիստոսի միջոցով։
Հրեան և օրենքը
17Ահա դու, որ հրեա ես կոչվում և օրենքի վրա ես հենվում ու պարծենում ես Աստծով։ 18Նրա կամքը գիտես և օրենքից ուսանած լինելով՝ զանազանում ես տարբեր բաները։ 19Վստահ ես քեզ վրա, որ կույրերի առաջնորդ ես ու խավարի մեջ գտնվողների լույս, 20անմիտներին խրատող, երեխաներին ուսուցանող, որ օրենքի մեջ ունես օրենքի գիտության և ճշմարտության արտահայտությունը։ 21Արդ դու, որ ուրիշին ուսուցանում ես, ինքդ քեզ չե՞ս ուսուցանում։ Դու, որ քարոզում ես չգողանալ, գողանո՞ւմ ես։ 22Որ ասում ես չշնանալ, շնանո՞ւմ ես։ Դու, որ կուռքերից նողկում ես, նրանց տաճարները կողոպտո՞ւմ ես։ 23Դու, որ օրենքով պարծենում ես, օրենքը խախտելով Աստծուն անարգո՞ւմ ես։ 24Որովհետև «Ձեր պատճառով հեթանոսների մեջ հայհոյվում է Աստծու անունը» (Ես. 52.5), ինչպես որ գրված է։
Ճշմարիտ թլփատությունը
25Թլփատությունն օգտակար է, եթե օրենքը պահես, իսկ եթե օրենքի առաջ հանցավոր ես, քո թլփատությունն անթլփատություն է դառնում։ 26Իսկ եթե անթլփատը օրենքի կանոնները պահի, նրա անթլփատությունը թլփատություն չի՞ համարվի։ 27Եվ մարմնով անթլփատը, օրենքը կատարելով, կդատապարտի քեզ, որ գրով ու թլփատությամբ օրենքի առաջ հանցավոր ես։ 28Որովհետև հրեան նա չէ, ով արտաքուստ է երևում, և թլփատությունն այն չէ, որ մարմնով է հայտնի. 29այլ հրեան նա է, ով ներքուստ է հրեա, և թլփատությունը սրտով ու հոգով է և ոչ թե գրով։ Նրա գովքը մարդկանցից չէ, այլ Աստծուց։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in