Հայտնություն 8
8
Յոթ հրեշտակներ՝ յոթ փողերով
1Երբ յոթերորդ կնիքը բացեց, երկնքում մոտ կես ժամ լռություն եղավ։
2Եվ տեսա յոթ հրեշտակներին, որ կանգնած էին Աստծու առաջ, և որոնց յոթ փող տրվեց։
3Մի ուրիշ հրեշտակ եկավ և կանգնեց զոհասեղանի առաջ. նա ոսկե խնկաման ուներ, և նրան շատ խունկ տրվեց, որպեսզի բոլոր սրբերին աղոթք մատուցի ոսկե զոհասեղանի վրա, որ գահի առաջ էր։ 4Եվ խնկի ծուխը սրբերի աղոթքի հետ հրեշտակի ձեռքից Աստծու առաջ բարձրացավ։ 5Հրեշտակը խնկամանը վերցրեց ու զոհասեղանի կրակով լցրեց և երկրի վրա գցեց. եղան ձայներ, որոտումներ, փայլատակումներ ու երկրաշարժ։
6Եվ յոթ հրեշտակները, որ յոթ փողեր ունեին, պատրաստվեցին հնչեցնելու։
Առաջին չորս փողերը
7Առաջին հրեշտակը փողը հնչեցրեց, և եղավ կարկուտ ու արյան հետ խառնված կրակ ու թափվեց երկրի վրա, և այրվեց երկրի մեկ երրորդ մասը, և ծառերի մեկ երրորդ մասը, ու ամբողջ դալար խոտը։
8Երկրորդ հրեշտակը փողը հնչեցրեց, և վառվող մեծ լեռան նման մի բան ծովի մեջ ընկավ, ու ծովի մեկ երրորդ մասն արյուն դարձավ։ 9Եվ ծովային կենդանիների մեկ երրորդ մասը մեռավ, ու նավերի մեկ երրորդ մասը ոչնչացավ։
10Երրորդ հրեշտակը փողը հնչեցրեց, և երկնքից ջահի պես վառվող մի մեծ աստղ ընկավ գետերի մեկ երրորդ մասի և ջրերի աղբյուրների վրա։ 11Այդ աստղի անունը Օշինդր էր։ Ջրերի մեկ երրորդը դառնացավ, ու շատ մարդիկ մեռան դառնացած ջրերից։
12Չորրորդ հրեշտակը փողը հնչեցրեց, և խոցվեց արեգակի մեկ երրորդը, և լուսնի մեկ երրորդը, և աստղերի մեկ երրորդը, որպեսզի նրանց մեկ երրորդ մասը խավարի, ու ցերեկը լույսի մեկ երրորդը չտվեց, և գիշերը՝ նմանապես։
13Տեսա և լսեցի մի արծվի, որ թռչում էր երկնքի մեջ ու բարձրաձայն ասում. «Վա՛յ, վա՛յ, վա՛յ երկրի վրա բնակվողներին, երբ կհնչեն նաև մյուս փողերի ձայները, որ հնչեցնելու են երեք հրեշտակները»։
Currently Selected:
Հայտնություն 8: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018