Հայտնություն 22
22
Կենաց ջրի գետը և կենաց ծառը
1 Հրեշտակն ինձ ցույց տվեց կենաց ջրի գետը՝ փայլուն, ինչպես բյուրեղը, որ բխում էր Աստծու ու Գառան գահից։ 2Եվ նրա հրապարակի մեջտեղում՝ գետի այս ու այն կողմերում, կենաց ծառն էր, որ տասներկու պտուղ էր տալիս. ամեն ամիս իր պտուղն էր տալիս, իսկ ծառի տերևները ազգերին բժշկելու համար էին։ 3Այնտեղ այլևս նզովք չի լինելու։ Աստծու ու Գառան գահը նրա մեջ է լինելու, և նրա ծառաները պաշտելու են նրան։ 4Եվ տեսնելու են նրա երեսը, և նրա անունը նրանց ճակատների վրա է լինելու։ 5Այնտեղ գիշեր չի լինելու. ճրագի և արեգակի լույսի կարիք չի լինելու, որովհետև Տերը՝ Աստված է լուսավորելու նրանց, և պիտի թագավորեն հավիտյանս հավիտենից։
Հիսուսի գալուստը
6Եվ ինձ ասաց. «Այս խոսքերը հավաստի և ճշմարիտ են։ Տերը՝ մարգարեների հոգիների Աստվածը, ուղարկեց իր հրեշտակին, որ իր ծառաներին ցույց տա այն, ինչ շուտով պիտի լինի»։ 7«Ահա շուտով պիտի գամ. երանի՜ նրան, ով պահում է այս գրքի մարգարեության խոսքերը»։
8Եվ ես՝ Հովհաննեսս, այս բաները լսողն ու տեսնողը, երբ լսեցի ու տեսա, ընկա, որ երկրպագեմ այն հրեշտակի ոտքերի առաջ, որ այս բաները ցույց էր տալիս ինձ։ 9Եվ նա ինձ ասաց. «Զգուշացի՛ր, մի՛ արա այս, որովհետև ես ծառայակից եմ քեզ, քո եղբայր մարգարեներին և այս գրքի մարգարեության խոսքերը պահողներին. Աստծո՛ւն երկրպագիր»։ 10Եվ ինձ ասաց. «Այս գրքի մարգարեության խոսքերը կնքված մի՛ պահիր, որովհետև ժամանակը մոտ է։ 11Անիրավություն գործողը թող ավելի անիրավանա, և կեղտոտը թող ավելի կեղտոտվի, և արդարը թող ավելի արդարանա, և սուրբը թող ավելի սրբանա։
12Ահա շուտով պիտի գամ, և իմ վարձը ինձ հետ է, որպեսզի յուրաքանչյուրին ըստ իր գործերի հատուցեմ։ 13Ես եմ Ալֆան ու Օմեգան, Սկիզբն ու Վերջը, Առաջինն ու Վերջինը»։
14Երանելի են նրա պատվիրանները պահողները, որովհետև նրանցն է իշխանությունը կենաց ծառի վրա և քաղաքի դռնով ներս մտնելու։ 15Դրսում շներն են, կախարդները, պոռնիկները, մարդասպանները, կռապաշտները և ստություն սիրող ու գործող բոլորը։
Վերջաբան
16«Ես՝ Հիսուսս, ուղարկեցի իմ հրեշտակին, որ այս բաները վկայի ձեզ՝ եկեղեցիներիդ։ Ես եմ Դավթի արմատն ու սերունդը և առավոտյան փայլող աստղը»։ 17Հոգին ու հարսն ասում են. «Արի՛»։ Լսողը ևս ասում է. «Արի՛։ Թող գա, ով ծարավ է, և ով կամենում է, թող ձրի վերցնի կենաց ջուրը»։
18Ես վկայում եմ ամեն մեկին, ով լսում է այս գրքի մարգարեության խոսքերը։ Եթե մեկը սրանց վրա բան ավելացնի, Աստված նրա վրա կավելացնի այն պատուհասները, որ գրված են այս գրքում։ 19Եվ եթե մեկն այս գրքի մարգարեության խոսքերից բան պակասեցնի, Աստված նրա բաժինը կպակասեցնի կենաց ծառից, սուրբ քաղաքից և այս գրքում գրվածներից։
20Այս բաները վկայողն ասում է. «Այո՛, ես շուտով պիտի գամ»։ Ամե՛ն։ Արի՛, Տե՛ր Հիսուս։
21Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ բոլորիդ հետ լինի։ Ամե՛ն։
Currently Selected:
Հայտնություն 22: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018