YouVersion Logo
Search Icon

Հայտնություն 16

16
Աստծու ցասման յոթ գավաթները
1Եվ տաճարից բարձր ձայն լսեցի, որ ասում էր յոթ հրեշտակներին. «Գնացե՛ք և Աստծու բարկության գավաթները երկրի վրա՛ թափեք»։
2Առաջինը գնաց և իր գավաթը երկրի վրա թափեց։ Չար ու ցավոտ պալարներ գոյացան այն մարդկանց վրա, որոնք գազանի դրոշմն ունեին և նրա պատկերին էին երկրպագում։
3Երկրորդն իր գավաթը ծովը թափեց, և ջրերը մեռելի արյան վերածվեցին։ Ամեն կենդանի արարած, որ ծովում էր, սատկեց։
4Երրորդն իր գավաթը գետերի ու ջրերի աղբյուրների մեջ թափեց, և արյան վերածվեցին։ 5Եվ ջրերի հրեշտակից լսեցի, որ ասում էր.
«Արդար ես, որ ես և էիր, Սո՛ւրբդ,
որ այս դատաստաններն արեցիր։
6Քանի որ սրբերի ու մարգարեների արյունը թափեցին,
դրա համար էլ նրանց արյուն տվեցիր խմելու,
որին արժանի են»։
7Զոհասեղանից ձայն լսեցի, որ ասում էր.
«Այո՛, Տե՛ր Աստված Ամենակալ,
ճշմարիտ ու արդար են քո դատաստանները»։
8Չորրորդը իր գավաթն արևի վրա թափեց։ Եվ նրան իշխանություն տրվեց, որ կրակով խորշակահար անի մարդկանց։ 9Եվ մարդիկ սաստիկ տապից խորշակահար եղան ու Աստծու անվանը հայհոյեցին, որ այս պատուհասների վրա իշխանություն ունի, սակայն չապաշխարեցին, որպեսզի նրան փառք տան։
10Հինգերորդն իր գավաթը գազանի գահի վրա թափեց, և նրա թագավորությունը խավար դարձավ, և ցավից կծում էին իրենց լեզուները։ 11Եվ երկնքի Աստծուն իրենց ցավերի ու պալարների պատճառով հայհոյում էին և իրենց գործերի համար չէին ապաշխարում։
12Վեցերորդն իր գավաթը թափեց մեծ գետի՝ Եփրատի վրա, և նրա ջուրը ցամաքեց, որպեսզի Արևելքի թագավորների ճանապարհը պատրաստվի։
13Եվ տեսա՝ վիշապի, գազանի և սուտ մարգարեի բերանից երեք պիղծ ոգիներ էին ելնում՝ նման գորտերի։ 14Քանի որ նրանք դևերի ոգիներ են, նշաններ գործելիս գնում են ամբողջ աշխարհի թագավորների մոտ, որպեսզի նրանց պատերազմի հավաքեն Ամենակալ Աստծու այն մեծ օրվա համար։ 15«Ահա գալիս եմ, ինչպես գողը. երանի՜ նրան, ով արթուն է և պահում է իր զգեստները, որ մերկ ման չգա, ու նրա ամոթանքը չտեսնեն»։ 16Եվ նրանց հավաքեցին այնտեղ, որ եբրայերեն Արմագեդոն է կոչվում։
17Յոթերորդն իր գավաթն օդի մեջ թափեց, և տաճարից ու գահից բարձր ձայն ելավ, որ ասում էր. «Եղա՛վ»։ 18Եվ եղան ձայներ, փայլատակումներ և որոտներ, ու մեծ երկրաշարժ եղավ, որպիսին չէր եղել երկրի վրա մարդու ստեղծվելուց ի վեր։ 19Եվ մեծ քաղաքը երեք մասի բաժանվեց, և ազգերի քաղաքներն ընկան։ Մեծ Բաբելոնը հիշվեց Աստծու առաջ, որպեսզի իր ցասման թունդ գինու բաժակը նրան տա։ 20Եվ բոլոր կղզիները փախան, և լեռներ չգտնվեցին։ 21Եվ երկնքից մարդկանց վրա խոշոր՝ մեկ տաղանդաչափ#16.21 Շուրջ 40 կգ կշռով։ կարկուտ էր թափվում։ Եվ մարդիկ հայհոյեցին Աստծուն այդ կարկտի հարվածի համար, որովհետև նրա պատուհասը սաստիկ մեծ էր։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in