ՍԱՂՄՈՍՆԵՐ 89
89
Երգ ազգային տագնապի ժամանակ
Եզրահեցի Եթանի երգ։
1Հավիտյան պիտի օրհնեմ Տիրոջ ողորմությունը. իմ բերանով սերնդեսերունդ պիտի պատմեմ քո ճշմարտությունը.
2Որովհետև ասացի. «Ողորմությունը հիմնված է հավիտյան. դու երկնքում հաստատում ես քո ճշմարտությունը»։
3«Ես ուխտ դրեցի իմ ընտրյալի հետ, երդվեցի իմ Դավիթ ծառայի համար.
4Քո սերունդը պիտի հաստատեմ հավիտյան և սերնդից սերունդ պիտի հիմնեմ քո աթոռը»։ (Սելա)։
5Եվ երկինքը պիտի փառավորի քո հրաշքները, Տե՛ր, և քո ճշմարտությունը՝ սրբերի ժողովում։
6Որովհետև ո՞վ կա երկնքում, որ հավասար լինի Տիրոջը, և աստվածների որդիների մեջ ո՞վ է, որ նման լինի Տիրոջը։
7Աստված զարհուրելի է սրբերի ժողովում և ահավոր է բոլոր իրեն շրջապատողների համար։
8Ո՛վ Տեր, Զորությունների՛ Աստված, ո՞վ է քեզ պես զորավոր Տեր. և քո չորս կողմն է քո ճշմարտությունը։
9Դու տիրում ես ծովի զորությանը. երբ բարձրանում են նրա կոհակները, դու խոնարհեցնում ես նրանց։
10Դու խոցվածի նման ճզմեցիր Ռահաբին, քո բազկի զորությամբ ցրեցիր քո թշնամիներին։
11Քոնն է երկինքը, քոնն է նաև երկիրը. դու հիմնեցիր աշխարհը և նրա լիությունը։
12Դու արարեցիր հյուսիսն ու հարավը. Թաբորն ու Հերմոնը ցնծում են քո անվամբ։
13Քոնն է ուժեղ բազուկը. քո ձեռքը հզոր է, և քո աջը՝ բարձր։
14Արդարությունը և իրավունքը քո աթոռի հաստատությունն են, ողորմությունը և ճշմարտությունը գնում են քո առջևից։
15Երանի՜ այն ժողովրդին, որ գիտի փողերի ձայնը. ո՜վ Տեր, նրանք պիտի գնան քո երեսի լույսով։
16Քո անվամբ պիտի ցնծան ամեն օր և պիտի բարձրանան քո արդարությամբ.
17Որովհետև դու ես նրանց զորության պարծանքը, և քո հաճությամբ պիտի բարձրանա մեր եղջյուրը.
18Որովհետև Տերը մեր վահանն է, և Իսրայելի Սուրբը՝ մեր թագավորը։
Աստծու խոստումը Դավթին
19Այն ժամանակ տեսիլքով խոսեցիր քո սրբի հետ և ասացիր. «Օգնություն դրեցի զորավարի վրա, ընտրվածին բարձրացրի ժողովրդի միջից։
20Գտա իմ Դավիթ ծառային, իմ սուրբ յուղով օծեցի նրան։
21Իմ ձեռքը պիտի հաստատի նրան, և իմ բազուկը պիտի զորացնի նրան։
22Թշնամին նրան չպիտի նեղացնի, և անօրենության որդին չպիտի չարչարի նրան։
23Նրա թշնամիներին պիտի փշրեմ իր առջև և պիտի զարկեմ նրան ատողներին։
24Իմ ճշմարտությունն ու իմ ողորմությունը պիտի լինեն նրա հետ, և իմ անվամբ պիտի բարձրանա նրա եղջյուրը։
25Նրա ձեռքը պիտի դնեմ ծովի մեջ և նրա աջ ձեռքը՝ գետերի վրա։
26Նա պիտի կանչի ինձ. “Դու ես իմ Հայրը, ո՛վ իմ Աստված և իմ փրկությա՛ն Վեմ”։
27Եվ ես առաջնեկ պիտի դարձնեմ նրան, երկրի թագավորներից ավելի բարձր։
28Իմ ողորմությունը հավիտյան պիտի պահեմ նրա համար, և իմ ուխտը նրա հետ հաստատ պիտի լինի։
29Եվ ես հավիտյան պիտի հաստատեմ նրա սերունդը, և նրա աթոռը, ինչպես երկնքի օրերը։
30Իսկ եթե նրա որդիները թողնեն իմ օրենքը և չընթանան իմ իրավունքի համաձայն,
31Եթե նրանք անարգեն իմ հրամանները և չպահեն իմ պատվիրանները,
32Գավազանով պիտի պատժեմ նրանց անօրենությունը և ծեծելով՝ նրանց անիրավությունը։
33Բայց իմ ողորմությունը չեմ կտրելու նրանից և չեմ դրժելու իմ հավատարմությունը,
34Չեմ անարգելու իմ ուխտը և իմ շրթունքներից դուրս եկածը չեմ փոխելու։
35Մեկ անգամ երդվել եմ սրբությամբ, թե սուտ չպիտի ասեմ Դավթին։
36Նրա սերունդը հավիտյան պիտի լինի, և նրա աթոռը՝ ինչպես արեգակն իմ առջև։
37Ինչպես լուսինը, հավիտյան հաստատ պիտի լինի, և հավատարիմ, ինչպես վկան ամպերի մեջ»։ (Սելա)։
Ողբ թագավորի պարտության համար
38Բայց դու մերժեցիր և անարգեցիր, բարկացար քո օծյալի վրա։
39Արհամարհեցիր քո ծառայի ուխտը, պղծեցիր նրա պսակը՝ գցելով գետնին։
40Քանդեցիր նրա բոլոր պարիսպները, նրա ամուր տեղերը ավերակ դարձրիր։
41Ճանապարհով անցնողները բոլորը կողոպտում են նրան. նա նախատինք դարձավ իր հարևանների առջև։
42Նրան նեղողների աջ ձեռքը բարձրացրիր, ուրախացրիր նրա բոլոր թշնամիներին։
43Ետ դարձրիր նաև նրա սրի բերանը և պատերազմի մեջ լքեցիր նրան։
44Հանգցրիր նրա փառավորությունը և նրա աթոռը գետնին գցեցիր։
45Նրա երիտասարդության օրերը կարճացրիր, ամոթով ծածկեցիր նրան։ (Սելա)։
Աղոթք փրկության համար
46Տե՛ր, մինչև ե՞րբ պիտի թաքցնես քո անձը, և քո ցասումը պիտի բորբոքվի՞ կրակի պես։
47Հիշի՛ր, իմ կյանքն ի՜նչ անցավոր է, և ի՛նչ ունայնության համար ստեղծեցիր մարդկանց բոլոր որդիներին։
48Ո՞վ է այն մարդը, որ պիտի ապրի և մահ չտեսնի և իր անձը պիտի փրկի դժոխքից։ (Սելա)։
49Ո՞ւր է քո առաջվա ողորմությունը, Տե՛ր. այն, որ քո ճշմարտությամբ երդվեցիր Դավթին։
50Հիշի՛ր, Տե՛ր, քո ծառաների նախատինքը, որը կրում եմ իմ ծոցում բոլոր զորավոր ազգերից.
51Նրանով քո թշնամիներն անարգում են, Տե՛ր, նրանով անարգում են քո օծյալի քայլերը։
52Օրհնյա՜լ է Տերը հավիտյան։ Ամեն ու ամեն։
Currently Selected:
ՍԱՂՄՈՍՆԵՐ 89: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018