ՍԱՂՄՈՍՆԵՐ 78
78
Աստված և իր ժողովուրդը
Ասափի երգ։
1Ակա՛նջ դիր իմ օրենքին, ո՛վ իմ ժողովուրդ. խոնարհեցրե՛ք ձեր ականջները դեպի իմ բերանի խոսքերը։
2Ես պիտի առակով բացեմ բերանս, հին ժամանակի խրթին բաներ պիտի խոսեմ,
3Այն, որ լսեցինք ու ճանաչեցինք, և մեր հայրերը պատմեցին մեզ։
4Մենք դրանք չենք թաքցնում որդիներից, եկող սերնդին պատմում ենք Տիրոջ գովասանքը և նրա զորություններն ու արած հրաշքները։
5Նա վկայություն հաստատեց Հակոբի մեջ և օրենք դրեց Իսրայելում. այն, որ պատվիրեց մեր հայրերին, որպեսզի սովորեցնեն իրենց որդիներին,
6Որպեսզի նոր սերունդը և այն որդիները, որ պիտի ծնվեն, իմանան. վեր կենան և պատմեն իրենց որդիներին։
7Որ նրանք իրենց հույսը դնեն Աստծու վրա և չմոռանան Աստծու գործերը և պահեն նրա պատվիրանները։
8Եվ իրենց հայրերի նման չլինեն ապստամբ և անհնազանդ ազգ. մի ազգ, որ իր սիրտը չպատրաստեց, և իր հոգին հավատարիմ չէ Աստծուն։
9Եփրեմի որդիները, որ զենք առած աղեղնավորներ էին, պատերազմի օրը ետ դարձան,
10Աստծու ուխտը չպահեցին և մերժեցին, չգնացին նրա օրենքի համաձայն։
11Եվ մոռացան նրա գործերը և նրա հրաշքները, որ ցույց էր տվել իրենց։
12Նրանց հայրերի առաջ հրաշք արեց Եգիպտոսի երկրում՝ Տայանիսի դաշտում։
13Նա ծովը պատռեց և անցկացրեց նրանց և պարսպի պես կանգնեցրեց ջրերը։
14Ցերեկն ամպով առաջնորդեց նրանց և ամեն գիշեր՝ կրակի լույսով։
15Վեմերը ճեղքեց անապատում և նրանց խմեցրեց, ինչպես հեղեղներից։
16Առուներ հանեց վեմից և գետերի պես ջրեր ցած բերեց։
17Բայց և այնպես դարձյալ մեղանչեցին նրա դեմ և անապատի մեջ դառնացրին Բարձրյալին։
18Եվ Աստծուն փորձեցին իրենց սրտում՝ կերակուր խնդրելով իրենց անձերի համար։
19Եվ խոսեցին Աստծու դեմ և ասացին. «Մի՞թե Աստված կարող է սեղան պատրաստել անապատում։
20Ահա վեմին զարկեց, և ջրեր բխեցին, և առուներ հոսեցին. մի՞թե կարող է հաց էլ տալ. մի՞թե միս էլ կպատրաստի իր ժողովրդի համար»։
21Դրա համար էլ Տերը լսեց և խիստ բարկացավ. կրակ բորբոքվեց Հակոբի մեջ, և բարկություն իջավ Իսրայելի վրա,
22Որ չհավատացին Աստծուն և հույս չդրեցին նրա փրկության վրա։
23Տերը վերևից հրաման տվեց ամպերին և բացեց երկնքի դռները,
24Եվ անձրևի պես մանանա տեղաց նրանց վրա կերակուրի փոխարեն, և երկնքի ցորենը տվեց նրանց։
25Մարդը հրեշտակների հաց կերավ. նա առատ կերակուր ուղարկեց նրանց համար։
26Նա երկնքում բարձրացրեց արևելյան քամին և իր զորությամբ մոտ բերեց հարավային քամին.
27Եվ փոշու պես միս թափեց նրանց վրա և ծովի ավազի պես՝ թևավոր թռչուններ.
28Եվ գցեց նրանց բանակի մեջ՝ բնակարանների չորս կողմը։
29Եվ կերան ու խիստ կշտացան, և ըստ իրենց ցանկության տվեց նրանց։
30Իրենց ցանկությունից դեռ չէին դադարել, դեռ իրենց կերակուրը բերաններում էր,
31Աստծու բարկությունն իջավ նրանց վրա, և սպանեց նրանց զորավորներին և գետնին զարկեց Իսրայելի երիտասարդներին։
32Եվ այսուհանդերձ էլի մեղանչեցին և չհավատացին նրա հրաշքներին։
33Նա էլ նրանց օրերը սպառեց ունայնության մեջ և նրանց տարիները՝ ահի ու վախի մեջ։
34Երբ սպանում էր նրանց, խնդրում էին նրան, ետ էին դառնում և առավոտից փնտրում էին Աստծուն։
35Եվ հիշում էին, թե Աստված իրենց վեմն է, և Բարձրյալ Աստվածն իրենց Փրկիչն է։
36Կեղծավորություն էին անում նրան իրենց բերանով և իրենց լեզվով սուտ էին ասում նրան։
37Եվ նրանց սիրտն ուղիղ չէր նրա առջև, և հավատարիմ չէին նրա ուխտին։
38Բայց նա ողորմած էր. քավում էր անօրենությունը և չէր ապականում. և շատ անգամ զսպում էր իր բարկությունը և չէր բորբոքում իր ամբողջ ցասումը։
39Հիշում էր, որ նրանք մարմին են, քամի, որ գնում է և ետ չի դառնում։
40Քանի անգամ նրան դառնացրին անապատում և բարկացրին նրան անջուր վայրում։
41Կրկին ու կրկին փորձեցին Աստծուն և նեղացրին Իսրայելի Սրբին։
42Չհիշեցին նրա ձեռքն այն օրը, երբ իրենց փրկեց թշնամուց,
43Երբ իր նշաններն արեց Եգիպտոսում և իր հրաշքները՝ Տայանիսի դաշտում։
44Եվ արյան փոխեց նրանց գետերը և առուները, որ չկարողանան խմել։
45Շնաճանճեր ուղարկեց նրանց վրա, որ նրանց ուտեն, և գորտեր, որ ապականեն նրանց։
46Եվ նրանց պտուղները մատնեց թրթուրին և նրանց վաստակը՝ մորեխին։
47Նրանց խաղողի որթերը փչացրեց կարկուտով և նրանց թզի ծառերը՝ եղյամով։
48Նրանց անասունները մատնեց կարկուտին և նրանց հոտերը՝ կայծակի կրակին։
49Իր բարկության բոցն ուղարկեց նրանց վրա, ցասում, զայրույթ և նեղություն՝ չարիքների հրեշտակներ ուղարկելով։
50Ճանապարհ պատրաստեց իր բարկության համար. նրանց անձերը չպահեց մահից և նրանց կյանքը մատնեց ժանտախտի։
51Եվ բոլոր առաջնեկ որդիներին սպանեց Եգիպտոսի մեջ. զորության առաջին պտուղները՝ Քամի բնակարաններում։
52Ոչխարների պես հանեց իր ժողովրդին և նրանց հոտի պես տարավ անապատի մեջ։
53Եվ ապահով առաջնորդեց նրանց, և նրանք չվախեցան, իսկ ծովը ծածկեց նրանց թշնամիներին։
54Նրանց տարավ իր սրբության սահմանը՝ այն սարը, որը ձեռք բերեց իր աջ ձեռքը։
55Ազգեր վռնդեց նրանց առջևից և հողեր բաժանեց նրանց իբրև ժառանգություն. և Իսրայելի ցեղերին բնակեցրեց նրանց բնակարաններում։
56Բայց նրանք փորձեցին և դառնացրին Բարձրյալ Աստծուն և չպահեցին նրա վկայությունները։
57Իրենց հայրերի պես ետ դարձան և նենգություն արեցին. ետ դարձան ծուռ աղեղի նման։
58Եվ նրան բարկացրին իրենց Բարձր տեղերով և իրենց կուռքերի պատկերներով շարժեցին նրա նախանձը։
59Աստված լսեց և բարկացավ և շատ անարգեց Իսրայելին։
60Մերժեց Սելովի բնակարանը՝ այն խորանը, որի մեջ բնակվում էր նա մարդկանց մեջ։
61Գերության մատնեց նրա զորությունը և իր փառքը՝ թշնամիների ձեռքը։
62Իր ժողովրդին սրի մատնեց և խիստ բարկացավ իր ժառանգության վրա։
63Կրակը կերավ նրա երիտասարդներին, և նրա աղջիկների համար հարսանեկան երգ չերգեցին։
64Նրա քահանաներն ընկան սրով, և նրա որբևայրիները չկարողացան սուգ անել։
65Բայց Տերը կարծես թե զարթնեց քնից, ինչպես զորավոր մարդն է սթափվում գինուց։
66Զարկեց իր թշնամիների թիկունքին և հավիտենական նախատինք տվեց նրանց։
67Հովսեփի բնակարանն անարգեց և չընտրեց Եփրեմի ցեղը,
68Այլ ընտրեց Հուդայի ցեղը և Սիոնի սարը, որ սիրեց։
69Իր սրբարանը շինեց բարձր տեղերի նման և այն հաստատեց հավիտյան, ինչպես երկիրը։
70Ընտրեց իր ծառա Դավթին և նրան վերցրեց ոչխարների փարախից։
71Ծիծ տվող ոչխարների մոտից տարավ նրան, որ կառավարի իր Հակոբ ժողովրդին և իր Իսրայելի ժառանգությունը։
72Եվ նա արածեցնում էր նրանց սուրբ սրտով և իմաստուն ձեռքով առաջնորդում էր նրանց։
Currently Selected:
ՍԱՂՄՈՍՆԵՐ 78: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018