ՍԱՂՄՈՍՆԵՐ 77:1-20
ՍԱՂՄՈՍՆԵՐ 77:1-20 ՆՎԱԱ
Իմ ձայնը Աստծուն է ուղղված, և ես կանչում եմ. իմ ձայնը Աստծուն է ուղղված, և նա կլսի ինձ։ Իմ նեղության օրը խնդրում եմ Տիրոջը. իմ ձեռքը մեկնած է գիշերը և չի թուլանում. իմ անձը չի կամենում մխիթարվել։ Հիշում եմ Տիրոջը և անհանգիստ եմ. միտք եմ անում, և նվաղում է հոգիս։ (Սելա)։ Արթուն ես պահում իմ աչքերը. խռովված եմ և չեմ կարող խոսել։ Մտածում եմ առաջվա օրերի մասին, հավիտյան անցած տարիների մասին։ Հիշում եմ գիշերվա մեջ իմ երգելը, խոսում եմ իմ սրտի հետ, և հոգիս քննություն է անում։ Մի՞թե Տերը հավիտյան դեն է նետելու և այլևս քաղցրություն ցույց չի տալու։ Մի՞թե հավիտյան վերջանալու է նրա ողորմությունը, և պակասելո՞ւ է նրա խոսքը ազգից մինչև ազգ։ Մի՞թե Աստված մոռացավ շնորհ ցույց տալ. մի՞թե բարկությամբ արգելեց իր ողորմությունը։ (Սելա)։ Բայց ես ասում եմ. «Սա իմ ցավն է. փոխելը Բարձրյալի ձեռքին է»։ Հիշում եմ Տիրոջ գործերը, որովհետև հիշում եմ հավիտենության քո հրաշքները։ Քննում եմ քո բոլոր գործերը և մտաբերում եմ քո արածները։ Ո՜վ Աստված, քո ճանապարհը սրբության մեջ է. ո՞ր աստվածն է մեծ, ինչպես մեր Աստվածը։ Դու ես Աստվածը, որ հրաշք է գործում. դու ցույց տվեցիր քո զորությունը ժողովուրդների մեջ։ Դու քո բազկով փրկեցիր քո ժողովրդին՝ Հակոբի և Հովսեփի որդիներին։ (Սելա)։ Ջրերը տեսան քեզ, ո՜վ Աստված, ջրերը տեսան քեզ ու դողացին, և անդունդները սարսափեցին։ Ամպերը ջուր թափեցին, երկինքները ձայն հանեցին, և քո նետերը գնացին։ Քո որոտման գոռոցը երկնքի ոլորտների մեջ էր. փայլատակումները լուսավորեցին աշխարհը, երկիրը դղրդաց և դողաց։ Քո ճանապարհը ծովի մեջ էր, և քո շավիղները՝ հորդառատ ջրերի մեջ, և քո հետքերը չհայտնվեցին։ Քո ժողովրդին առաջնորդեցիր ոչխարի հոտի նման՝ Մովսեսի և Ահարոնի ձեռքով։