YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 72

72
Սողոմոն թագավորի համար աղոթք
Սողոմոնի (սաղմոս)։
1Ո՜վ Աստված, քո իրավունքները թագավորի՛ն տուր և քո արդարությունը՝ թագավորի որդուն։
2Նա արդարությամբ պիտի դատի քո ժողովրդին, և քո խեղճերին՝ իրավունքով։
3Լեռները խաղաղություն պիտի բուսցնեն ժողովրդի համար, և բլուրները՝ լցվեն արդարությամբ։
4Նա պիտի տա ժողովրդի աղքատների իրավունքը, խեղճերի որդիներին պիտի փրկի և պիտի ջարդի զրկողներին.
5Քեզնից պիտի վախենան, քանի կա արեգակը, և լուսնի առջև՝ ազգից մինչև ազգ։
6Պիտի ցած գա, ինչպես անձրևը հնձած խոտի վրա, ինչպես շաղը, որ ոռոգում է երկիրը։
7Նրա օրերին արդարը պիտի ծաղկի, և մեծ խաղաղություն պիտի լինի, մինչև այլևս լուսին էլ չլինի։
8Ծովից մինչև ծով նա պիտի տիրի և Եփրատ գետից մինչև երկրի ծայրերը։
9Նրա առջև պիտի խոնարհվեն անապատում բնակվողները, և նրա թշնամիները փոշի պիտի լիզեն։
10Թարսիսի և կղզիների թագավորներն ընծա պիտի մատուցեն, պարգևներ պիտի բերեն Շաբայի և Սաբայի թագավորները։
11Բոլոր թագավորները պիտի երկրպագեն նրան, բոլոր ազգերը պիտի ծառայեն նրան։
12Որովհետև նա պիտի փրկի խեղճին, որ աղաղակում է, և աղքատին, որ օգնական չունի։
13Նա պիտի խղճա տկարին և խեղճին և պիտի ազատի խեղճերի անձերը։
14Նրանց անձերը պիտի փրկի նենգությունից և բռնությունից, և նրանց արյունը պիտի պատվական լինի իր առաջ։
15Նա պիտի ապրի, և նրան ոսկի պիտի տան Շաբայի ոսկուց և ամեն ժամանակ պիտի աղոթք անեն նրա համար, ամեն օր պիտի օրհնեն նրան։
16Ցորենի առատություն պիտի լինի երկրի մեջ՝ լեռների գագաթների վրա. նրա պտուղը պիտի շարժվի, ինչպես Լիբանանը, և քաղաքից պիտի ծաղկեն, ինչպես երկրի խոտը։
17Նրա անունը հավիտյան թող լինի, քանի դեռ կա արեգակը, նրա անունը կմնա, և կօրհնվեն նրանով, և բոլոր ազգերը երանի կտան նրան։
18Օրհնյա՜լ է Տեր Աստվածը՝ Իսրայելի Աստվածը, որ միայն ինքն է հրաշք գործում։
19Օրհնյա՜լ է հավիտյան նրա փառավոր անունը, և թող ողջ երկիրը լցվի նրա փառքով. ամեն, ամեն։
20Վերջացան Հեսսեի որդու՝ Դավթի աղոթքները։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in