ՍԱՂՄՈՍՆԵՐ 18:1-50
ՍԱՂՄՈՍՆԵՐ 18:1-50 ՆՎԱԱ
Սրտանց սիրում եմ քեզ, ո՜վ Տեր, իմ զորությո՛ւն։ Տե՛ր, իմ վե՛մ և իմ ամրո՛ց և իմ ազատարա՛ր. իմ Աստվա՛ծ, իմ վե՛մ, որտեղ ապաստան եմ գտնում։ Ո՛վ իմ վահան և իմ փրկությա՛ն եղջյուր. նա իմ ապավենն է։ Ես օրհներգությամբ կանչեցի Տիրոջը և պիտի փրկվեմ իմ թշնամիներից։ Մահվան լարերը շրջապատեցին ինձ, և կորստյան վտակները սարսափեցրին ինձ։ Գերեզմանի ցավերը պատեցին ինձ, մահվան որոգայթները իմ դիմաց ելան։ Իմ նեղության մեջ ես կանչեցի Տիրոջը և իմ Աստծուն աղաղակեցի. նա լսեց իմ ձայնն իր տաճարից, և իմ աղաղակը հասավ նրա առաջ՝ նրա ականջին։ Այն ժամանակ երկիրը դողաց և սասանվեց, և ցնցվեցին լեռների հիմքերն ու դողացին, որովհետև նա բարկացավ։ Ծուխ դուրս եկավ նրա քթից, և ոչնչացնող կրակ՝ նրա բերանից. կայծակներ փայլատակեցին նրանից։ Նա խոնարհեցրեց երկինքը և վայր իջավ, և մառախուղ կար նրա ոտքերի տակ։ Նա հեծավ քերովբեի վրա ու թռավ և սլացավ քամու թևերի վրա։ Նա խավարը ծածկույթ դրեց իր վրա. խավարի ջրերը և երկնքի ամպերը վրան դարձան նրա չորս կողմով։ Նրա առջև փայլող լույսից նրա ամպերն անցան, դարձան կարկուտ և կրակի կայծակներ։ Տերը որոտաց երկնքում, և Բարձրյալն իր ձայնը տվեց կարկուտով ու կրակի կայծակներով։ Նա ուղարկեց իր նետերը և ցրեց նրանց, կայծակները գցեց և խուճապի մատնեց նրանց։ Երևացին ջրերի հատակները, և երկրի հիմքերը հայտնվեցին քո սաստելուց, Տե՛ր, քո բարկության հողմի փչելուց։ Նա վերևից ուղարկեց և բռնեց ինձ. նա առատ ջրերից հանեց ինձ։ Նա ազատեց ինձ իմ զորավոր թշնամուց և ինձ ատողներից, որոնք զորավոր էին ինձնից։ Իմ նեղության օրը նրանք կտրեցին իմ առջևը, բայց Տերը նեցուկ եղավ ինձ։ Ինձ հանեց լայնարձակ տեղ և ազատեց ինձ, որովհետև հավանեց ինձ։ Տերն ինձ հետ վարվեց իմ արդարության համեմատ և հատուցում է ինձ իմ ձեռքերի մաքրության համեմատ, Որովհետև ես պահեցի Տիրոջ ճանապարհները և ամբարշտությամբ չհեռացա իմ Աստծուց։ Որովհետև նրա բոլոր դատաստաններն իմ առջև են, և ես նրա կանոնները չեմ հեռացնում ինձնից։ Ես անբիծ եմ նրա առաջ և զգուշանում եմ իմ անօրենությունից, Ուստի Տերը հատուցում է ինձ իմ արդարության համեմատ, իմ ձեռքի մաքրության համեմատ, որ նրա աչքի առաջ է։ Հավատարիմի հետ հավատարիմ ես և անբիծ ես անբիծի հետ։ Մաքուրի հետ մաքուր ես և խոտորի հետ՝ խոտոր, Որովհետև դու ազատում ես աղքատ ժողովրդին և խոնարհեցնում ես ամբարտավան աչքերը։ Որովհետև դու լուսավորում ես իմ ճրագը. Տեր Աստված լուսավոր է դարձնում իմ խավարը, Որովհետև քեզնով արշավում եմ զորքի վրա և իմ Աստծով անցնում պարսպի վրայից։ Աստծու ճանապարհն անբիծ է, Տիրոջ խոսքը մաքրված է կրակով. նա վահանն է բոլոր նրանց, ովքեր իրենց հույսը նրա վրա են դրել, Որովհետև Տիրոջից բացի ո՞վ է Աստված, և ո՞վ է վեմ մեր Աստծուց բացի. Այն Աստվածը, որ զորություն է հագցնում ինձ և անբիծ է դարձնում իմ ճանապարհը, Նա, որ իմ ոտքերը դարձնում է եղջերուների ոտքերի նման և ինձ կանգնեցնում է բարձր տեղերում։ Նա վարժեցնում է իմ ձեռքը պատերազմելու, որ իմ բազուկները պղնձե աղեղ լարեն։ Տալիս ես ինձ քո փրկության վահանը. քո աջը զորավիգ է ինձ, և քո քաղցրությունը մեծացնում է ինձ։ Դու լայնարձակ ես դարձնում ընթացքս իմ ոտքերի տակ, և իմ ոտքերը չեն սահում։ Ես կհալածեմ իմ թշնամիներին և կհասնեմ նրանց և հետ չեմ դառնա, մինչև որ չոչնչանան։ Ես գետնին կզարկեմ նրանց այնպես, որ չկարողանան վեր կենալ. նրանք կընկնեն իմ ոտքերի տակ։ Դու զորությամբ գոտեպնդում ես ինձ պատերազմի համար և իմ դեմ վեր կացածներին գցում ես իմ ոտքերի տակ։ Դու իմ թշնամիներին հալածական ես դարձնում, և ես կոչնչացնեմ ինձ ատողներին։ Նրանք օգնության են կանչում, բայց փրկող չկա, աղաղակում են Տիրոջը, բայց նա չի պատասխանում։ Ես կփշրեմ նրանց, ինչպես փոշին՝ քամու առաջ, նրանց դուրս կթափեմ, ինչպես փողոցի ցեխը։ Դու ազատում ես ինձ ժողովրդի հակառակությունից, ինձ գլխավոր ես դնում հեթանոսների վրա. այն ժողովուրդը, որին ես չէի ճանաչում, ծառայում է ինձ։ Հենց միայն ականջով լսելով՝ հնազանդվեցին ինձ. օտարների որդիները քծնելով հպատակվեցին ինձ։ Օտարների որդիները թուլացան և սարսափած դուրս եկան իրենց ապաստարաններից։ Կենդանի է Տերը. օրհնյալ է իմ Վեմը, և թող բարձր լինի իմ փրկության Աստվածը։ Այն Աստվածը, որ իմ վրեժն է առնում և իմ ձեռքի ներքո հնազանդեցնում է ժողովուրդներին, Որ փրկում է ինձ իմ թշնամիներից և ինձ բարձրացնում է նրանցից, ովքեր վեր կացան իմ դեմ. դու ազատում ես ինձ բռնացող մարդուց։ Դրա համար էլ, ո՜վ Տեր, պիտի փառաբանեմ քեզ հեթանոսների մեջ և սաղմոս պիտի ասեմ քո անվանը։ Նա իր թագավորին մեծ հաղթանակներ է տալիս և մեծ ողորմություն ցույց տվեց իր օծյալին՝ Դավթին, և նրա սերնդին՝ մինչև հավիտյան։