YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 106

106
Տիրոջ բարությունն իր ժողովրդին
1Ալելուիա՜։ Գոհացե՛ք Տիրոջից, որ բարի է, որ հավիտյան է նրա ողորմությունը։
2Ո՞վ պիտի պատմի Տիրոջ զորությունը, ո՞վ պիտի իմացնի նրա ամբողջ գովասանքը։
3Երանի՜ իրավունքը պահողներին և ամեն ժամանակ արդարություն անողներին։
4Հիշի՛ր ինձ, Տե՛ր, քո ժողովրդի նկատմամբ ունեցած հաճությանդ համեմատ, այցելի՛ր ինձ քո փրկությամբ։
5Որ տեսնեմ քո ընտրյալների հաջողությունը, ուրախանամ քո ազգի ուրախությամբ, պարծենամ քո ժառանգությամբ։
6Մենք մեղանչեցինք մեր հայրերի հետ, անօրենություն արեցինք և ամբարշտություն գործեցինք։
7Մեր հայրերը Եգիպտոսում չհասկացան քո հրաշքները, չհիշեցին քո մեծ ողորմությունը և քեզ հակառակվեցին ծովի մոտ՝ Կարմիր ծովի մոտ։
8Բայց նա փրկեց նրանց իր անվան համար, որպեսզի հասկացնի իր զորությունը։
9Սաստեց Կարմիր ծովին, և նա ցամաքեց, ու նրանց անցնել տվեց անդունդի միջով, ինչպես անապատով։
10Նրանց փրկեց ատողի ձեռքից և թշնամու ձեռքից ազատեց նրանց։
11Ջրերը ծածկեցին նրանց հալածողներին, և նրանցից ոչ մեկն էլ չմնաց։
12Հավատացին նրա խոսքերին և օրհնեցին նրա օրհնությունը։
13 Բայց շուտով մոռացան նրա գործերը և չսպասեցին նրա խորհուրդներին։
14Անապատի մեջ բորբոքվեցին ցանկությամբ և Աստծուն փորձեցին անջուր տեղում։
15Նա իրենց ուզածը տվեց նրանց և ուժաթափություն ուղարկեց նրանց անձերին։
16Նրանք նախանձով լցվեցին Մովսեսի դեմ բանակի մեջ և Տիրոջ սրբի՝ Ահարոնի դեմ։
17Երկիրը բացվեց ու կուլ տվեց Դաթանին և Աբիրոնի ամբոխին ծածկեց։
18Կրակ բորբոքվեց նրանց հավաքույթներում, և բոցն այրեց ամբարիշտներին։
19Հորթ շինեցին Քորեբում և երկրպագեցին ձուլածո պատկերին։
20Եվ իրենց փառքը փոխարինեցին խոտաճարակ հորթի նմանությամբ։
21Մոռացան իրենց փրկիչ Աստծուն, որ մեծամեծ գործեր արեց Եգիպտոսում,
22Հրաշքներ գործեց Քամի երկրում և ահավոր բաներ՝ Կարմիր ծովի վրա։
23Եվ ասաց, որ պիտի սատկեցնի նրանց, բայց նրա ընտրյալ Մովսեսը կանգնեց նրա առջև՝ ետ դարձնելու նրա բարկությունը, որ չսատկեցնի։
24Եվ նրանք անարգեցին այն ցանկալի երկիրը, չհավատացին նրա խոսքին։
25Տրտնջացին իրենց վրանների մեջ, Տիրոջ ձայնին չհնազանդվեցին։
26Եվ նա բարձրացրեց իր ձեռքը նրանց վրա, որ նրանց ցած գցի անապատի մեջ
27Եվ նրանց սերունդը գցի հեթանոսների մեջ ու ցրի նրանց երկրներում։
28Բայց նրանք կպան Բել-Փեգովրին և մեռածների զոհերը կերան
29Ու Աստծուն բարկացրին իրենց գործերով, և ժանտամահը հասավ նրանց վրա։
30Հետո Փենեհեսը վեր կացավ և դատաստան արեց, և մահը դադարեց։
31Եվ սրա համար նա արդարացի համարվեց սերնդից մինչև սերունդ հավիտյան։
32Մերիբայի ջրերի վրա բարկացրին նրան, և Մովսեսին չարիք հասավ նրանց պատճառով,
33Որովհետև դառնացրին նրա հոգին, և նա մեղանչեց իր շրթունքներով։
34Նրանք կորստյան չմատնեցին այն ազգերին, ինչպես Տերը հրամայել էր նրանց,
35Այլ խառնվեցին հեթանոսների հետ և սովորեցին նրանց գործերը.
36Ծառայեցին նրանց կուռքերին, որոնք էլ որոգայթ եղան իրենց համար։
37Նրանք իրենց որդիներին և աղջիկներին մատաղ արեցին դևերին։
38Եվ անմեղ արյուն թափեցին՝ իրենց որդիների և աղջիկների արյունը, որովհետև նրանց մատաղ արեցին Քանանի կուռքերին, և երկիրը պղծվեց արյամբ։
39Իրենց գործերով պղծվեցին և իրենց արարքներով պոռնկություն գործեցին։
40Տիրոջ բարկությունը բորբոքվեց իր ժողովրդի վրա, և նա զզվեց իր ժառանգությունից։
41Նրանց հեթանոսների ձեռքը մատնեց, և իրենց ատողները տիրեցին նրանց։
42Իրենց թշնամիները նեղեցին նրանց, և իրենք խոնարհվեցին նրանց ձեռքի տակ։
43Նա շատ անգամ փրկեց նրանց, բայց նրանք դառնացրին նրան իրենց խորհուրդներով և փչացան իրենց անօրենությունների պատճառով։
44Նա նայեց նրանց նեղությանը, երբ լսեց նրանց աղաղակը։
45Նրանց համար իր ուխտը հիշեց և զղջաց իր մեծ ողորմության համեմատ։
46Եվ բոլոր նրանց առջև, որ գերի էին տարել իրենց, ողորմություն գտնել տվեց իրենց համար։
47Փրկի՛ր մեզ, ո՜վ Տեր, մեր Աստվա՛ծ, և ժողովի՛ր մեզ հեթանոսների միջից, որ գոհանանք քո սուրբ անունից և պարծենանք քո օրհնությամբ։
48Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, հավիտյանս հավիտենից. և ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։ Ալելուիա՜։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy