YouVersion Logo
Search Icon

ԱՌԱԿՆԵՐ 30

30
Ագորի խոսքերը
1Հակեի որդի Ագորի խոսքերը, այսինքն՝ այն մարգարեական պատգամը, որ նա ասաց Իթիելին, Իթիելին և Ուքալին։
2Ես հիրավի բոլոր մարդկանցից ավելի անխելք եմ և մարդկային ըմբռնողություն չունեմ։
3Ես իմաստություն չեմ սովորել և Ամենասուրբի գիտությունը չգիտեմ։
4Ո՞վ երկինք բարձրացավ և իջավ, ո՞վ քամին հավաքեց իր բռերի մեջ, ջուրն ո՞վ ծրարեց իր հանդերձի մեջ, ո՞վ հաստատեց երկրի բոլոր ծայրերը, ի՞նչ է նրա անունը, և նրա որդու անունը եթե գիտես, ասա՛։
5Աստծու ամեն մի խոսքը փորձված#30.5 Բռց. զտված։ է. նա վահան է իրեն ապավինողների համար։
6Նրա խոսքերի վրա չավելացնես, որ հանկարծ քեզ չհանդիմանի, և դու ստախոս չերևաս։
7Քեզանից երկու բան եմ խնդրում. ինձ մի՛ մերժիր, քանի դեռ չեմ մեռել։
8Ունայնությունն ու սուտ խոսքը հեռացրո՛ւ ինձանից, ինձ աղքատություն կամ հարստություն մի՛ տուր, իմ բաժին հացո՛վ կերակրիր ինձ։
9Չլինի թե կշտանամ և քեզ ուրանամ և ասեմ. «Ո՞վ է Տերը». և չլինի թե աղքատանամ ու գողանամ և արատավորեմ իմ աստծու անունը։
10Մի ծառայից մի՛ բամբասիր իր տիրոջ մոտ, որ քեզ չանիծի, և դու հանցավոր չլինես։
11Մարդիկ#30.11 Բռց. սերունդ։ կան, որոնք անիծում են իրենց հորը և չեն օրհնում իրենց մորը։
12Մարդիկ կան, որոնք իրենց աչքին անբիծ են երևում, բայց իրենց կեղտից չեն մաքրվել։
13Մարդիկ կան, որոնց աչքերն ամբարտավան են, և նրանց կոպերը՝ բարձրացած։
14Մարդիկ կան, որոնց ատամները սրեր են, որոնց ժանիքները՝ դանակներ, որպեսզի երկրի վրայից աղքատներին և մարդկանց միջից տնանկներին ուտեն։
15Տզրուկը երկու աղջիկ ունի. «Տո՛ւր, տո՛ւր» են ասում։ Նույնպես և երեք բան անկուշտ է, և չորսը, որ չեն ասում՝ «Հերիք է».
16Գերեզմանը և ամուլ արգանդը, երկիրը, որ ջրով չի կշտանում, և կրակը, որ չի ասի՝ «Հերիք է»։
17Իր հորը ծաղրողի և իր մոր հնազանդությունն արհամարհողի աչքը պիտի փորեն ձորի ագռավները, և այն պիտի ուտեն արծվի ձագերը։
18Երեք բան կա, որոնք զարմանալի են ինձ համար, և չորսը, որոնք չեմ հասկանում։
19Երկնքում արծվի ճանապարհը, ապառաժի վրա օձի ճանապարհը, ծովի սրտում նավի ճանապարհը և տղամարդու ճանապարհն աղջկա մոտ։
20Այդպիսին է շնացող կնոջ ճանապարհը. ուտում է, բերանը սրբում է և ասում է. «Չար բան չեմ արել»։
21Երեք բանի տակ դողում է երկիրը, և չորս բան կա, որոնք նա հանդուրժել չի կարողանում.
22Ստրուկը, երբ որ թագավորի, տխմարը, երբ որ հացով կշտանա,
23Ատելի կինը, երբ որ ամուսնանա, աղախինը, երբ որ իր տիրուհու ժառանգորդ դառնա։
24Չորս բան կա երկրի վրա, որ փոքր են, բայց իմաստուններից իմաստուն են.
25Մրջյունները մի զորավոր ժողովուրդ չեն, բայց իրենց հացը ամռանն են պատրաստում։
26Ճագարները մի ուժեղ ժողովուրդ չեն, բայց իրենց տունը ապառաժում են շինում։
27Մորեխները թագավոր չունեն, բայց բոլորը գունդ-գունդ են դուրս գալիս։
28Մողեսին կարող ես ձեռքերովդ բռնել, բայց թագավորական պալատներում է լինում նա։
29Երեքն են, որ գեղեցիկ են քայլում, և չորսն են, որ վայելուչ ընթացք ունեն.
30Առյուծը, որ գազանների զորավորն է և ոչ մի բանի երեսից չի շրջվում,
31Աքաղաղը#30.31 Եբր. անորոշ է։, այծը և թագավորը, որի զորքն իր հետ է։
32Եթե ինքդ քեզ բարձրացնելով ապուշություն արեցիր կամ եթե մի չար բան մտադրեցիր, ձեռքդ բերանիդ վրա՛ դիր,
33Որովհետև կաթի հարելուց կարագ դուրս կգա, քիթը ճմլելուց արյուն դուրս կգա, և բարկությունը գրգռելուց վեճ դուրս կգա։

Currently Selected:

ԱՌԱԿՆԵՐ 30: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in