YouVersion Logo
Search Icon

ՆԵԵՄԻԱ 8

8
Եզրասն Օրենքը կարդում է ժողովրդի առաջ
1Եվ ամբողջ ժողովուրդը մեկ մարդու պես հավաքվեց այն հրապարակում, որ Ջրի դռան առջևում է, և ասացին Եզրաս դպիրին, որ Մովսեսի օրենքի գիրքը բերի, որ Տերը հրամայեց Իսրայելին։ 2Եվ Եզրաս քահանան յոթերորդ ամսվա առաջին օրը տղամարդ ու կին և հասկանալու կարողություն ունեցող բոլոր հավաքվածների առաջ բերեց օրենքը։ 3Եվ առավոտից մինչև կեսօր տղամարդկանց, կանանց և հասկացողների առաջ կարդաց նրանից այն հրապարակում, որ Ջրի դռան առջևում է, և ամբողջ ժողովրդի ականջը օրենքի գրքին էր։ 4Եզրաս դպիրը կանգնած էր փայտե մի բեմի վրա, որ շինել էին այս բանի համար, իսկ նրա մոտ՝ աջ կողմում, կանգնել էին Մատաթիան, Սեման, Անանիան, Ուրիան, Քեղկիան և Մաասիան, իսկ նրա ձախ կողմում՝ Փադայիան, Միսայելը, Մեղքիան, Հասումը, Ասբադանան, Զաքարիան և Մեսուղամը։ 5Եվ Եզրասն ամբողջ ժողովրդի աչքի առաջ բացեց գիրքը, որովհետև ինքն ամբողջ ժողովրդից վեր էր, և երբ որ բացեց, ամբողջ ժողովուրդը կանգնեց։ 6Եվ Եզրասն օրհնեց Տեր մեծ Աստծուն, իսկ ամբողջ ժողովուրդը պատասխանեց՝ ամե՜ն, ամե՜ն, իրենց ձեռքերը բարձրացնելով և երեսի վրա խոնարհվելով մինչև գետին՝ երկրպագեցին Տիրոջը։ 7Հեսուն, Բանին, Սարաբիան, Համինը, Ակկուբը, Սաբեթան, Ովդիան, Մաասիան, Կովդիտան, Ազարիան, Հովզաբադը, Անանը, Բաղայիան և ղևտացիները օրենքը բացատրում էին ժողովրդին, իսկ ժողովուրդը կանգնած էր իր տեղում։ 8Եվ Աստծու օրենքի գրքից հստակ կարդում էին և բացատրելով հասկացնում կարդացածը։
9Եվ Նեեմիան, որ Աթարսաթան է, և Եզրաս քահանա դպիրը և ղևտացիները, որ բացատրում էին ժողովրդին, ասացին ամբողջ ժողովրդին. «Այս օրը սուրբ է ձեր Տեր Աստծու համար, սուգ մի՛ արեք և մի՛ լացեք», որովհետև ամբողջ ժողովուրդը լաց էր լինում, երբ լսում էր օրենքի խոսքերը։ 10Եվ նրանց ասաց. «Գնացե՛ք, յուղալի բանե՛ր կերեք և քաղցր բանե՛ր խմեք և բաժիննե՛ր ուղարկեք պատրաստություն չունեցողին, որովհետև այս օրը սուրբ է մեր Տիրոջ համար, և մի՛ տրտմեք, որովհետև Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է»։ 11Եվ ղևտացիները լռեցրին ամբողջ ժողովրդին՝ ասելով. «Լռեցե՛ք, որովհետև այս օրը սուրբ է, և մի՛ տրտմեք»։ 12Եվ ամբողջ ժողովուրդը գնաց ուտելու, խմելու և բաժիններ ուղարկելու և մեծ ուրախություն անելու, որովհետև հասկանում էին այն խոսքերը, որ նրանց բացատրում էին։
Տաղավարահարաց տոնը
13Եվ երկրորդ օրը ամբողջ ժողովրդի տոհմապետները, քահանաները և ղևտացիները հավաքվեցին Եզրաս դպիրի մոտ՝ օրենքի խոսքերը կրկին հասկանալու համար։ 14Եվ գտան օրենքում գրված, որ Տերը Մովսեսի միջոցով պատվիրել էր, թե Իսրայելի որդիները յոթերորդ ամսին տաղավարներում պիտի բնակվեն։ 15Եվ հայտարարեն ու մունետիկ կանչել տան նրանց բոլոր քաղաքներում և Երուսաղեմում՝ ասելով. «Բարձրացե՛ք սարը և ձիթենու ոստեր և յուղի ծառի ոստեր, մրտենու ոստեր և արմավենու ոստեր և տերևախիտ ծառերի ոստե՛ր բերեք, որպեսզի տաղավարներ շինեք, ինչպես որ գրված է»։ 16Եվ գնացին ու իրենց համար տաղավարներ շինեցին՝ ամեն մարդ իր կտուրի վրա և իրենց գավիթներում և Աստծու տան գավիթներում ու Ջրի դռան հրապարակում և Եփրեմի դռան հրապարակում։ 17Եվ գերությունից վերադարձածների ողջ բազմությունը տաղավարներ շինեց և տաղավարներում բնակվեց։ Որովհետև Իսրայելի որդիները Նավեի որդի Հեսուի օրերից մինչև այդ օրը այդպես չէին արել, ուստի շատ մեծ ուրախություն եղավ։ 18Եվ ամեն օր կարդում էին Աստծու օրենքի գրքից՝ առաջին օրից մինչև վերջին օրը, և յոթ օր տոն կատարեցին, իսկ ութերորդ օրը կանոնի համաձայն հանդիսավոր ժողով էր։

Currently Selected:

ՆԵԵՄԻԱ 8: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in