Մարկոս 2
2
Անդամալույծի բժշկումը
(Մտթ. 9.1-8, Ղուկ. 5.17-26)
1Օրեր անց Հիսուսը դարձյալ Կափառնաում մտավ։ Լուր տարածվեց, որ մեկի տանն է։ 2Անմիջապես այնքան շատ մարդիկ հավաքվեցին, որ դռան մոտ նույնիսկ տեղ չկար։ Եվ նա Աստծու խոսքն էր քարոզում նրանց։ 3Եվ նրա մոտ բերեցին մի անդամալույծի, որին բռնել էին չորս հոգով։ 4Երբ ամբոխի պատճառով Հիսուսին մոտենալ չկարողացան, քանդեցին այն տան տանիքը, որտեղ նա էր, և անցք բաց անելով՝ իջեցրին մահիճը, որի վրա պառկած էր անդամալույծը։ 5Հիսուսը, նրանց հավատը տեսնելով, անդամալույծին ասաց. «Որդյա՛կ, քո մեղքերը քեզ ներված են»։ 6Դպիրներից ոմանք նստած էին այնտեղ և իրենց մեջ մտածում էին. 7«Ինչպե՞ս է սա այդպես խոսում. հայհոյում է։ Ո՞վ կարող է մեղքերին թողություն տալ, եթե ոչ միայն մեկը՝ Աստված»։ 8Եվ Հիսուսն իսկույն իր հոգում իմացավ, որ իրենց մտքում այդպես են մտածում, և նրանց ասաց. «Ինչո՞ւ եք ձեր մտքում նման բաներ մտածում։ 9Ո՞րն է հեշտ. անդամալույծին ասել՝ "Քո մեղքերը ներված են քեզ", թե՞ ասել՝ "Վե՛ր կաց, մահիճդ վերցրո՛ւ և քայլի՛ր"։ 10Բայց որպեսզի իմանաք, որ Մարդու Որդին երկրի վրա մեղքերին թողություն տալու իշխանություն ունի (անդամալույծին ասաց), 11ասում եմ քեզ՝ վե՛ր կաց, մահիճդ վերցրո՛ւ, քո տո՛ւն գնա»։ 12Եվ սա իսկույն վեր կացավ, մահիճը վերցրեց ու բոլորի առաջ դուրս գնաց, մինչ բոլորը զարմանում էին ու Աստծուն փառաբանում՝ ասելով. «Այսպիսի բան երբեք չենք տեսել»։
Հիսուսը կանչում է Ղևիին
(Մտթ. 9.9-13, Ղուկ. 5.27-32)
13Եվ դարձյալ գնաց դեպի լճի եզերքը. ամբողջ ժողովուրդը նրա մոտ էր գալիս, և նա ուսուցանում էր նրանց։ 14Անցնելիս տեսավ Ալփեոսի որդի Ղևիին՝ մաքսատանը նստած, ու նրան ասաց. «Իմ հետևի՛ց արի»։ Եվ նա վեր կացավ ու գնաց Հիսուսի հետևից։ 15Եվ երբ նրա տանը սեղան էր նստել, շատ մաքսավորներ ու մեղավորներ էին Հիսուսի ու նրա աշակերտների հետ ճաշի նստել, որովհետև շատ մարդիկ էին նրա հետևից գնում։ 16Բայց դպիրներն ու փարիսեցիները, տեսնելով, որ ուտում է մաքսավորների ու մեղավորների հետ, նրա աշակերտներին ասացին. «Ինչո՞ւ է մաքսավորների ու մեղավորների հետ ուտում և խմում»։ 17Երբ Հիսուսը լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին. ես եկել եմ ոչ թե արդարներին, այլ մեղավորներին ապաշխարության կոչելու»։
Հարց ծոմապահության մասին
(Մտթ. 9.14-17, Ղուկ. 5.33-39)
18Հովհաննեսի աշակերտներն ու փարիսեցիները ծոմ էին պահում։ Ոմանք նրա մոտ եկան ու ասացին. «Ինչո՞ւ են Հովհաննեսի ու փարիսեցիների աշակերտները ծոմ պահում, իսկ քո աշակերտները ծոմ չեն պահում»։ 19Եվ Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե փեսայի բարեկամները ծոմ պիտի պահեն, քանի դեռ նա իրենց հետ է. ինչքան ժամանակ որ փեսան նրանց հետ է, ծոմ չպիտի պահեն։ 20Բայց օրեր կգան, և փեսան նրանց միջից կվերցվի. այդ օրերին էլ ծոմ կպահեն։
21Ոչ ոք հին հագուստի վրա նոր կտորից կարկատան չի գցի, այլապես նոր կարկատանը հին կտորը կքաշի, և պատռվածքն ավելի վատ կլինի։ 22Եվ ոչ ոք նոր գինին հին տիկերի մեջ չի լցնի, այլապես նոր գինին տիկերը կպայթեցնի, գինին կթափվի, տիկերն էլ կփչանան. այլ նոր գինին նոր տիկերի մեջ պետք է լցվի»։
Շաբաթ օրը հարգելու մասին
(Մտթ. 12.1-8, Ղուկ. 6.1-5)
23Եվ այնպես եղավ, որ նա շաբաթ օրն անցնում էր արտերով, ու նրա աշակերտներն սկսեցին հասկ պոկելով գնալ։ 24Փարիսեցիները նրան ասացին. «Տե՛ս, շաբաթ օրով ի՛նչ են անում. օրինավոր չէ»։ 25Եվ նա ասաց նրանց. «Դուք երբևէ չե՞ք կարդացել, թե Դավիթն ի՛նչ արեց, երբ կարիքի մեջ էր, երբ սոված էին և՛ ինքը, և՛ իր հետ եղողները. 26ինչպե՛ս Աբիաթար քահանայապետի օրոք Աստծու տուն մտավ ու առաջավորության հացերը կերավ և իր հետ եղողներին էլ տվեց։ Այնինչ բացի քահանայից, ոչ ոքի համար օրինավոր չէր ուտելը»։ 27Եվ Հիսուսը նրանց ասաց. «Շաբաթը մարդու համար է, և ոչ թե մարդը՝ շաբաթի համար։ 28Հետևաբար Մարդու Որդին շաբաթի՛ էլ տերն է»։
Currently Selected:
Մարկոս 2: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018