ՄԻՔԻԱ 2
2
Ընդդեմ հարստահարողների
1Վա՜յ անօրենություն խորհողներին և իրենց անկողիններում չարություն մտածողներին. նրանք դա կատարում են առավոտյան լույսին, որովհետև իրենց ձեռքերի կարողության մեջ է։ 2Նրանք արտեր են ցանկանում և հափշտակում դրանք և տներ խլում, մարդուն և նրա տունը հարստահարում են, մարդուն և նրա ժառանգությունը։ 3Դրա համար այսպես է ասում Տերը. «Ահա ես չարիք եմ խորհում այս տոհմի դեմ, որտեղից չեք կարողանա ձեր պարանոցները հանել և չեք քայլի հպարտությամբ, որովհետև չար ժամանակ է լինելու։ 4Այն օրը ձեզ կործանման օրինակ են բերելու և դառնագին ողբով սգալու են՝ ասելով. “Բոլորովին կործանվեցինք, նա փոխեց իմ ժողովրդի բաժինը. ինչպե՜ս է այն վերցնում ինձանից, ապստամբին է բաժանում մեր դաշտերը”։ 5Դրա համար Տիրոջ ժողովում դու վիճակի լար գցող չպիտի ունենաս։
6Նրանք “Մի՛ մարգարեացեք” ասելով մարգարեանում են։ Նրանք չպիտի մարգարեանան այս բաների մասին. նախատինքը չի վերանալու։ 7Ասվելու է. սա՞ է Հակոբի տունը, Տիրոջ համբերությունը հատել է, կամ սա վարվելու ձև՞ է։ Մի՞թե մի բարի խոսք չկա արդարների համար։ 8Բայց մի թշնամի է բարձրանում իմ ժողովրդի դեմ. ապահով անցուդարձողներից հանդերձի հետ պատմուճանն եք հափշտակում պատերազմից վերադարձողներից։ 9Իմ ժողովրդի կանանց վտարում եք իրենց հաճելի տներից, նրանց երեխաների վրայից հավիտյան վերցնում եք իմ փառքը։ 10Վե՛ր կացեք ու գնացե՛ք, որովհետև սա՛ չէ ձեր հանգստավայրը. անմաքրության պատճառով այն պիտի կործանվի և մեծ կործանումով։ 11Եթե մի մարդ ունայնություն և ստություն խոսի՝ ասելով. “Գինու և օղու մասին մարգարեանամ քեզ”, ահա նա՛ կլինի այս ազգի մարգարեն։
12Անպատճառ պիտի ժողովեմ քեզ, ո՛վ Հակոբ, ամենքի՛դ, Բոսրայի ոչխարների պես անպատճառ պիտի հավաքեմ Իսրայելի մնացորդին, ինչպես մի հոտ՝ իր փարախում. մարդկանց աղմկոտ բազմություն։ 13Խրամատ փորողը բարձրացավ նրանց առաջից, նրանք խրամատել են և անցել են դարպասով և նրանից դուրս եկել. թագավորը գնում է նրանց առջևից, Տերը՝ իբրև նրանց պարագլուխ»։
Currently Selected:
ՄԻՔԻԱ 2: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018