Մատթեոս 6:5-13
Մատթեոս 6:5-13 ՆՎԱԱ
Երբ աղոթք անես, չլինես կեղծավորների պես, որոնք սիրում են ժողովարաններում և հրապարակների անկյուններում կանգնած աղոթել, որպեսզի մարդկանց տեսանելի լինեն։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրանք իրենց վարձն ստացել են։ Այլ երբ դու աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր դուռդ և ծածուկ աղոթի՛ր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, հայտնապես կհատուցի քեզ։ Երբ աղոթք եք անում, մի՛ շատախոսեք հեթանոսների պես, որոնք կարծում են, թե իրենց շատախոսությամբ լսելի պիտի լինեն։ Արդ, նրանց մի՛ նմանվեք, որովհետև ձեր Հայրը գիտի, թե ի՛նչ է ձեզ պետք նախքան նրանից ձեր որևէ բան խնդրելը։ Արդ, դուք այսպե՛ս աղոթեք. "Հա՛յր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը. քո արքայությունը գա, քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Տո՛ւր մեզ այսօր մեր հանապազօրյա հացը։ Եվ ների՛ր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին։ Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ ազատի՛ր մեզ չարից"։