YouVersion Logo
Search Icon

Մատթեոս 24:3-18, 29-31

Մատթեոս 24:3-18 ՆՎԱԱ

Մինչ նա նստած էր Ձիթենյաց լեռան վրա, աշակերտներն առանձին մոտեցան նրան ու ասացին. «Ասա՛ մեզ, ե՞րբ են դրանք լինելու, և ո՞րն է լինելու քո գալստյան ու աշխարհի վերջի նշանը»։ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Զգո՛ւյշ եղեք, որ որևէ մեկը ձեզ չխաբի, որովհետև շատերն իմ անունով կգան ու կասեն. "Ես եմ Քրիստոսը", և շատերին կմոլորեցնեն։ Լսելու եք պատերազմների ձայներ ու պատերազմների լուրեր։ Տեսե՛ք, որ չսարսափեք, որովհետև այդ ամենը պետք է լինի, սակայն դա դեռ վերջը չէ։ Ազգն ազգի դեմ վեր կկենա, և թագավորությունը՝ թագավորության դեմ. լինելու են սով և տեղ առ տեղ երկրաշարժեր։ Բայց այս ամենը սկիզբն է երկունքի։ Այդ ժամանակ ձեզ նեղության են մատնելու և սպանելու են ձեզ, իմ անվան պատճառով բոլոր հեթանոս ազգերի կողմից ատելի եք լինելու։ Եվ այդ ժամանակ շատերն են գայթակղվելու, միմյանց մատնելու և միմյանց ատելու։ Եվ բազում սուտ մարգարեներ են ելնելու և շատերին մոլորեցնելու։ Եվ անօրենության բազմանալու պատճառով շատերի սերն է սառչելու։ Բայց ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի։ Եվ արքայության այս Ավետարանը քարոզվելու է ամբողջ աշխարհով՝ որպես վկայություն բոլոր հեթանոսներին, և այդ ժամանակ գալու է վերջը։ Արդ, երբ տեսնեք ավերածության սրբապղծությունը՝ սուրբ վայրում կանգնած, որի մասին ասված է Դանիել մարգարեի միջոցով (ով կարդում է, թող հասկանա), այդ ժամանակ ովքեր Հրեաստանում լինեն, թող լեռները փախչեն, ով տանիքի վրա լինի, թող չիջնի տնից որևէ բան վերցնելու, ով հանդում լինի, թող հետ չդառնա իր հագուստները վերցնելու։

Մատթեոս 24:29-31 ՆՎԱԱ

Նեղության այդ օրերից հետո արեգակն իսկույն կխավարի, լուսինն էլ իր լույսը չի տա. աստղերը երկնքից կընկնեն, ու երկնքի զորությունները կշարժվեն։ Այդ ժամանակ երկնքում կերևա Մարդու Որդու նշանը, և այդ ժամանակ երկրի բոլոր ցեղերը կողբան ու կտեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով , զորությամբ ու մեծ փառքով։ Եվ նա կուղարկի իր հրեշտակներին բարձրաձայն փողահարությամբ, որոնք կհավաքեն նրա ընտրյալներին չորս հողմերից՝ երկնքի ծայրից մինչև մյուս ծայրը։