YouVersion Logo
Search Icon

ՄԱՂԱՔԻԱ 3

3
1«Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, որ ճանապարհ պատրաստի իմ առջևից, և Տերը, որին դուք փնտրում եք, հանկարծակի իր տաճարը պիտի գա. ուխտի պատգամաբերը, որին դուք հավանում եք, ահա գալիս է,- ասում է Զորքերի Տերը։- 2Ո՞վ կարող է տոկալ նրա գալու օրվան, և նրա երևալու ժամանակ ո՞վ կարող է կանգուն մնալ. որովհետև նա զտողի կրակի պես է և լվացարարների օճառի պես։ 3Եվ նա նստելու է իբրև արծաթ զտող և մաքրող։ Եվ մաքրելու է Ղևիի որդիներին և նրանց զտելու է ոսկու և արծաթի պես, և նրանք արդարությամբ Տիրոջն ընծա մատուցողներ կլինեն։ 4Եվ Տիրոջն ընդունելի կլինի Հուդայի և Երուսաղեմի ընծան, ինչպես վաղեմի օրերին և նախկին տարիներին։ 5Եվ ձեզ մոտ կգամ դատաստանի համար և արագ վկա կլինեմ կախարդների ու շնացողների, սուտ երդում անողների դեմ, նաև վարձկանի վարձը պահողների, այրուն և որբին զրկողների և օտարականին ճնշողների դեմ, որոնք ինձանից երկյուղ չունեն»,- ասում է Զորքերի Տերը։
Տասանորդի վճարումը
6«Որովհետև ես եմ Տերը, չեմ փոխվել, և դուք չեք փոխվել ու շարունակում եք մնալ Հակոբի որդիները։
7Ձեր հայրերի օրերից ի վեր խոտորել եք իմ կանոններից և դրանք չեք պահել. ե՛տ դարձեք դեպի ինձ, և ես էլ դեպի ձեզ կդառնամ,- ասում է Զորքերի Տերը։- Բայց դուք ասում եք. “Ինչպե՞ս ետ դառնանք”։ 8Մի՞թե մարդ Աստծուն կկողոպտի. սակայն դուք ինձ կողոպտում եք։ Դուք ասում եք. “Քեզնից ի՞նչ ենք կողոպտում”. տասանորդի և բարձրացման ընծայի մեջ։ 9Դուք անեծքով անիծված եք, որովհետև ազգովին կողոպտեցիք ինձ։ 10Ամբողջ տասանորդը գանձատո՛ւն տարեք, որպեսզի իմ տան մեջ պաշար լինի, և սրանով ինձ փորձե՛ք,- ասում է Զորքերի Տերը,- թե արդյոք ձեզ համար չե՞մ բացելու երկնքի պատուհանները և օրհնություն հեղելու ձեզ վրա, այնքան շատ, որ բավարար տեղ չլինի։ 11Եվ ես ձեզ համար կշտամբելու եմ լափող միջատին, որ նա չփչացնի ձեր հողի բերքը, և այգում որթատունկը քեզ համար անպտուղ չլինի,- ասում է Զորքերի Տերը։- 12Եվ բոլոր ազգերը ձեզ երանի պիտի տան, որովհետև դուք ցանկալի երկիր եք լինելու,- ասում է Զորքերի Տերը։-
Աստված ներում է խոստանում
13Ձեր խոսքերն իմ դեմ ծանր են ինձ համար,- ասում է Տերը։ Բայց դուք ասում եք. “Մենք ի՞նչ ենք խոսում քո դեմ”։ 14Դուք ասում եք. “Զուր է Աստծուն ծառայելը, և ի՞նչ օգուտ, որ մենք պահել ենք նրա հրամանները և սուգով քայլեցինք Զորքերի Տիրոջ պատճառով։ 15Եվ հիմա մենք երանի ենք ասում գոռոզներին, և բարգավաճում են անօրենություն անողները, մինչև անգամ Աստծուն են փորձում և ազատվում”»։
16Այն ժամանակ իրար հետ խոսեցին Տիրոջից վախեցողները. Տերն ականջ դրեց ու լսեց, և նրա առջև հիշատակի գիրք գրվեց Տիրոջից վախեցողների համար և նրա անվան մասին մտածողների համար։
17«Եվ նրանք իմը կլինեն,- ասում է Զորքերի Տերը,- այն օրում, երբ ես կպատրաստեմ իմ իսկ սեփականությունը։ Ես կխնայեմ նրանց, ինչպես մարդ իր որդուն է խնայում, որ ծառայում է իրեն։ 18Դուք ետ կդառնաք և կզատորոշեք արդարին և ամբարիշտին, Աստծուն ծառայողին և չծառայողին»։

Currently Selected:

ՄԱՂԱՔԻԱ 3: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for ՄԱՂԱՔԻԱ 3