Ղուկաս 8
8
Բարեպաշտ կանայք
1Դրանից հետո նա շրջում էր քաղաքից քաղաք և գյուղից գյուղ՝ քարոզելով և Աստծու արքայությունն ավետելով։ Նրա հետ էին նաև տասներկուսը, 2մի քանի կանայք, որոնք բժշկվել էին չար ոգիներից ու հիվանդություններից. Մարիամը, որ Մագդաղենացի էր կոչվում, որից յոթ դև էր դուրս եկել, 3Հովհաննան՝ Հերովդեսի տան տեսուչ Քուզայի կինը, Շուշանը և շատ ուրիշներ, որոնք իրենց ունեցվածքով ծառայում էին նրան։
Սերմնացանի առակը
(Մտթ. 13.1-9, Մրկ. 4.1-9)
4Երբ ժողովրդի մեծ բազմություն ու բազում քաղաքներից նրա մոտ եկածներ էին հավաքվել, առակով ասաց. 5«Սերմնացանը ելավ իր սերմը ցանելու։ Սերմանելիս մի մասը ճանապարհի եզերքին ընկավ, կոխկռտվեց, ու երկնքի թռչունները կերան։ 6Ուրիշ մի մաս ապառաժի վրա ընկավ և բուսնելու ժամանակ խոնավություն չլինելու պատճառով չորացավ։ 7Մեկ այլ մաս փշերի մեջ ընկավ, և փշերը նրա հետ բուսնեցին ու խեղդեցին այն։ 8Եվ ուրիշ մի մաս բարեբեր ու պարարտ հողի վրա ընկավ և բուսնեց, հարյուրապատիկ պտուղ տվեց»։ Այս ասելիս բացականչեց. «Ով լսելու ականջ ունի, թող լսի»։
Սերմնացանի առակի մեկնությունը
(Մտթ. 13.18-23, Մրկ. 4.10-20)
9Աշակերտները նրան հարցրին. «Այդ առակն ի՞նչ է նշանակում»։ 10Նա ասաց. «Ձեզ տրված է գիտենալ արքայության խորհուրդները, բայց ուրիշների հետ առակներով եմ խոսում, որպեսզի
նայելով չտեսնեն
ու լսելով չիմանան (Ես. 6.9)։
11Իսկ առակը այս է նշանակում. սերմն Աստծու խոսքն է։ 12Որոնք ճանապարհի եզերքին են, նրանք են, ովքեր լսում են, բայց հետո սատանան գալիս և խոսքը նրանց սրտից հանում է, որ չհավատան ու չփրկվեն։ 13Որոնք ապառաժի վրա են, նրանք են, ովքեր երբ լսում են, խոսքն ուրախությամբ ընդունում են, սակայն դրանք արմատ չունեն. միառժամանակ հավատում են, բայց փորձության ժամանակ հեռանում են։ 14Փշերի մեջ ընկնողները նրանք են, որ լսում են խոսքը, բայց հոգսերի, հարստության, կյանքի հաճույքների ներքո ընթանալով՝ խեղդվում են ու անպտուղ լինում։ 15Իսկ այն պարարտ հողի մեջ եղողները նրանք են, որ բարի ու հոժար սրտով լսելով խոսքը՝ ընդունում են ու համբերությամբ պտուղ են տալիս։
Ճրագի առակը
(Մրկ. 4.21-25)
16Ոչ ոք ճրագը չի վառի և ամանի տակ թաքցնի կամ մահճի տակ դնի, այլ աշտանակի վրա կդնի, որ ներս մտնողները լույսը տեսնեն։ 17Որովհետև չկա ծածուկ բան, որ հայտնի չդառնա, ոչ էլ գաղտնի բան, որ չիմացվի ու չբացահայտվի։ 18Ուրեմն ուշադի՛ր եղեք, թե ինչպե՛ս եք լսում. որովհետև ով ունի, նրան կտրվի, իսկ ով չունի, և այն, ինչ որ կարծում է, թե ունի, նրանից կվերցվի»։
Հիսուսի մայրն ու եղբայրները
(Մտթ. 12.46-50, Մրկ. 3.31-35)
19Հիսուսի մայրն ու նրա եղբայրները իր մոտ էին եկել ու բազմության պատճառով չէին կարողանում նրան մոտենալ։ 20Իմաց տվեցին նրան ու ասացին. «Մայրդ ու եղբայրներդ դրսում կանգնել, ուզում են տեսնել քեզ»։ 21Իսկ նա պատասխանեց նրանց և ասաց. «Իմ մայրն ու եղբայրները սրանք են, որ Աստծու խոսքը լսում են ու կատարում»։
Հիսուսը խաղաղեցնում է փոթորիկը
(Մտթ. 8.23-27, Մրկ. 4.35-41)
22Մի օր Հիսուսն իր աշակերտների հետ նավ նստեց ու նրանց ասաց. «Լճի մյուս կողմն անցնենք»։ Եվ ճանապարհ ընկան։ 23Երբ նավարկում էին, նա քնեց։ Եվ լճի վրա մրրիկ իջավ, ու նավը ջրով էր լցվում, և վտանգի մեջ էին։ 24Մոտեցան, արթնացրին նրան ու ասացին. «Վարդապե՛տ, Վարդապե՛տ, կորչում ենք»։ Եվ նա վեր կացավ, սաստեց մրրիկին ու ջրի ալեկոծությանը, և հանդարտվեցին, ու խաղաղություն եղավ։ 25Եվ նրանց ասաց. «Ո՞ւր է ձեր հավատը»։ Նրանք սարսափած զարմացան և միմյանց ասում էին. «Ո՞վ է արդյոք սա, որ հողմերին ու ջրերին էլ է հրաման տալիս, և իրեն հնազանդվում են»։
Գերգեսացի դիվահարը
(Մտթ. 8.28-34, Մրկ. 5.1-20)
26Եվ նավարկեցին գերգեսացիների երկիրը, որ Գալիլեայի հանդիպակաց կողմում է։ 27Երբ նա ցամաք ելավ, քաղաքից մի մարդ պատահեց նրան, որ դևեր ուներ։ Նա բավական ժամանակ հագուստ չէր հագել ու տան մեջ չէր ապրում, այլ գերեզմաններում։ 28Հիսուսին տեսնելով՝ աղաղակեց, նրա առաջ ընկավ և բարձրաձայն ասաց. «Ի՞նչ ունես ինձ հետ, Հիսո՛ւս, Բարձրյա՛լ Աստծու Որդի, աղաչում եմ քեզ, ինձ մի՛ տանջիր»։ 29Որովհետև պիղծ ոգուն հրամայում էր, որ այն մարդու միջից դուրս գա, քանզի շատ ժամանակ էր, ինչ բռնել էր նրան. շղթաներով ու ոտնակապերով կապված էր պահվում, բայց կապանքները կտրում ու դևի կողմից ամայի տեղեր էր տարվում։ 30Հիսուսը նրան հարցրեց. «Անունդ ի՞նչ է»։ Նա ասաց. «Լեգեոն», որովհետև նրա մեջ շատ դևեր էին մտել։ 31Եվ նրան խնդրում էին, որ իրենց չհրամայի անդունդը գնալ։ 32Այնտեղ բազում թվով խոզերի մի երամակ կար, որ լեռան վրա արածում էր։ Եվ նրան խնդրում էին, որ թույլ տա իրենց նրանց մեջ մտնել, և թույլ տվեց նրանց։ 33Դևերն այդ մարդու միջից դուրս ելան, խոզերի մեջ մտան, և երամակն այն գահավեժ տեղից դեպի լիճը խուժեց ու խեղդվեց։ 34Երբ խոզարածներն այս պատահածը տեսան, փախան և քաղաքում ու ագարակներում պատմեցին։ 35Եվ մարդիկ դուրս ելան պատահածը տեսնելու, եկան Հիսուսի մոտ ու գտան այն մարդուն, որից դևերը ելել էին, Հիսուսի ոտքերի մոտ նստած, հագնված ու զգաստացած, և վախեցան։ 36Իսկ նրանք, ովքեր տեսել էին, նրանց պատմեցին, թե դիվահարն ինչպե՛ս էր փրկվել։ 37Գերգեսացիների երկրի շրջակայքի ամբողջ բազմությունը նրան խնդրեց, որ իրենց մոտից հեռանա, որովհետև սաստիկ ահով էին բռնվել։ Նա, նավ նստելով, վերադարձավ։ 38Իսկ այն մարդը, որից դևերը դուրս էին ելել, աղաչում էր նրա հետ լինել, բայց Հիսուսը արձակեց նրան ու ասաց. 39«Վերադարձի՛ր քո տուն ու պատմի՛ր, ինչ որ Աստված քեզ արեց»։ Նա գնաց ու ամբողջ քաղաքում քարոզում էր, ինչ որ Հիսուսն իրեն արեց։
Հայրոսի աղջկա հարությունը և արյունահոսությունից տառապող կնոջ բժշկումը
(Մտթ. 9.18-26, Մրկ. 5.21-43)
40Երբ Հիսուսը վերադարձավ, ժողովուրդը ընդունեց նրան, որովհետև բոլորը սպասում էին նրան։ 41Եվ ահա մի մարդ եկավ՝ Հայրոս անունով. նա ժողովրդապետ էր։ Հիսուսի ոտքերն ընկնելով՝ աղաչում էր նրան, որ իր տուն մտնի, 42որովհետև նրա տասներկու տարեկան մինուճար դուստրը մերձիմահ էր։ Երբ Հիսուսը գնում էր, ժողովուրդը նեղում էր նրան։ 43Մի կին, որ տասներկու տարուց ի վեր արյունահոսության մեջ էր, իր ամբողջ ունեցվածքը բժիշկների վրա ծախսելով՝ չէր կարողացել ոչ մեկի կողմից բուժվել։ 44Նա հետևից մոտեցավ, Հիսուսի հագուստի քղանցքին դիպավ, և նրա արյունահոսությունն իսկույն դադարեց։ 45Եվ Հիսուսն ասաց. «Ո՞վ էր, որ ինձ դիպավ»։ Քանի որ բոլորը հերքում էին, Պետրոսն ու նրա հետ եղողներն ասացին. «Վարդապե՛տ, ժողովուրդն է քեզ սեղմում ու նեղում»։ 46Սակայն Հիսուսն ասաց. «Մեկն ինձ դիպավ, որովհետև ես իմացա, որ ինձանից զորություն դուրս եկավ»։ 47Եվ երբ կինը տեսավ, որ ծածուկ չմնաց, դողալով եկավ, նրա առաջ ընկավ և ամբողջ ժողովրդի առաջ նրան պատմեց, թե ի՛նչ պատճառով նրան դիպավ ու թե ինչպե՛ս իսկույն բժշկվեց։ 48Հիսուսն ասաց նրան. «Դո՛ւստր, քո հավատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղությամբ»։
49Մինչ նա խոսում էր, ժողովրդապետի տնից մեկը եկավ ու նրան ասաց. «Աղջիկդ մեռավ, վարդապետին նեղություն մի՛ տուր»։ 50Բայց Հիսուսը, լսելով, նրան պատասխանեց. «Մի՛ վախեցիր, միայն հավատա՛, և կփրկվի»։ 51Երբ տուն էր մտնում, ոչ ոքի չթողեց իր հետ ներս մտնել, բացի Պետրոսից, Հակոբոսից ու Հովհաննեսից, աղջկա հորից ու մորից։ 52Բոլորը լալիս էին ու նրա վրա ողբում։ Եվ նա ասաց. «Լաց մի՛ եղեք, որովհետև մեռած չէ, այլ քնած»։ 53Բայց նրան ծաղրում էին, քանզի գիտեին, թե մեռել է։ 54Իսկ նա, նրա ձեռքից բռնելով, ձայն տվեց և ասաց. «Մանո՛ւկ, վե՛ր կաց»։ 55Եվ նրա հոգին վերադարձավ, ու նա իսկույն ոտքի կանգնեց։ Հիսուսը հրամայեց նրան ուտելու բան տալ։ 56Նրա ծնողները զարմացած էին։ Հիսուսը պատվիրեց, որ եղածի մասին ոչ ոքի չասեն։
Currently Selected:
Ղուկաս 8: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018