Ղուկաս 10
10
Յոթանասուներկու աշակերտների առաքելությունը
1Դրանից հետո Տերն ընտրեց ուրիշ յոթանասուներկու հոգու և նրանց իրենից առաջ երկու-երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքն էր գնալու։ 2Եվ նրանց ասում էր. «Հունձը շատ է, բայց մշակները՝ քիչ. ուրեմն հնձի Տիրոջն աղաչե՛ք, որ իր հնձի համար մշակներ ուղարկի։ 3Գնացե՛ք. ահա ես ձեզ ուղարկում եմ իբրև գառներ՝ գայլերի մեջ։ 4Մի՛ վերցրեք ո՛չ քսակ, ո՛չ մախաղ, ո՛չ կոշիկ և ճանապարհին ոչ ոքի հետ զրույցի մի՛ բռնվեք։ 5Ո՛ր տունն էլ մտնեք, նախ ասե՛ք. "Խաղաղությո՛ւն այս տանը"։ 6Եվ եթե այնտեղ խաղաղասեր մարդ լինի, ձեր մաղթանքը նրան կհասնի, ապա թե ոչ, ձեզ կվերադառնա։ 7Այդ տա՛նը մնացեք, նրանց ունեցածից կերե՛ք ու խմե՛ք, որովհետև մշակն իր վարձին արժանի է։ Տնից տուն մի՛ տեղափոխվեք։ 8Եվ ո՛ր քաղաքը մտնեք, ու ձեզ ընդունեն, կերե՛ք, ինչ որ ձեր առաջ դնեն։ 9Եվ այնտեղ եղած հիվանդներին բժշկե՛ք ու նրանց ասե՛ք. "Աստծու արքայությունը մոտեցել է ձեզ"։ 10Բայց եթե մտնեք մի քաղաք, որտեղ ձեզ չընդունեն, նրա հրապարակները դուրս գալով՝ ասե՛ք. 11"Նույնիսկ ձեր քաղաքի փոշին, որ նստել է մեր ոտքերին, ձեզ վրա ենք թափ տալիս, բայց ա՛յս իմացեք, որ Աստծու արքայությունը մոտեցել է ձեզ"։ 12Ասում եմ ձեզ, որ սոդոմացիների համար այն օրն ավելի հեշտ կլինի, քան այդ քաղաքի։
Վայեր չապաշխարող քաղաքներին
(Մտթ. 11.20-24)
13Վա՛յ քեզ, Քորազի՛ն, վա՛յ քեզ, Բեթսայի՛դա, որովհետև եթե այն հրաշքները, որոնք ձեր մեջ կատարվեցին, Տյուրոսում ու Սիդովնում եղած լինեին, վաղուց քրձի ու մոխրի մեջ նստած ապաշխարած կլինեին։ 14Տյուրոսի ու Սիդովնի համար դատաստանի օրն ավելի հեշտ կլինի, քան ձեզ համար։ 15Եվ դու, Կափառնաո՛ւմ,
որ մինչև երկինք ես բարձրացել,
մինչև դժոխք պիտի իջնես։
16Ձեզ լսողն ի՛նձ է լսում, ու ձեզ մերժողն ի՛նձ է մերժում, իսկ ինձ մերժողն էլ ինձ ուղարկողի՛ն է մերժում»։
Յոթանասուներկու աշակերտների վերադարձը
17Եվ յոթանասուներկուսը վերադարձան ուրախությամբ՝ ասելով. «Տե՛ր, նույնիսկ դևերն են մեզ հնազանդվում քո անունով»։ 18Եվ նրանց ասաց. «Տեսնում էի սատանային, որ վայր է ընկել երկնքից փայլակի պես։ 19Ահա ձեզ իշխանություն տվեցի ոտնակոխելու օձերին, կարիճներին և թշնամու ունեցած ողջ զորությունը, և ձեզ ոչինչ չի վնասի։ 20Բայց մի՛ ուրախացեք, որ ոգիները հնազանդվում են ձեզ, այլ ուրախացե՛ք, որ ձեր անունները գրված են երկնքում»։
Հիսուսի բերկրանքը
(Մտթ. 11.25-27, 13.16-17)
21Նույն ժամին Հիսուսը Սուրբ Հոգով ցնծաց ու ասաց. «Գոհանում եմ քեզնից, Հա՛յր, Տե՛ր երկնքի և երկրի, որ իմաստուններից ու գիտուններից այս բաները ծածկեցիր և մանուկներին հայտնեցիր։ Այո՛, ո՛վ Հայր, որովհետև այսպես քեզ հաճելի եղավ։ 22Ամեն բան ինձ տրվեց իմ Հորից, և ոչ ոք չգիտի, թե ո՛վ է Որդին, բացի Հորից, և ոչ էլ՝ ո՛վ է Հայրը, բացի Որդուց, և ում որ Որդին կամենա հայտնել»։
23Եվ դառնալով դեպի աշակերտները՝ հատուկ նրանց ասաց. «Երանի այն աչքերին, որ տեսնում են այն, ինչ դուք եք տեսնում։ 24Որովհետև ասում եմ ձեզ, որ շատ մարգարեներ ու թագավորներ ցանկացան տեսնել այն, ինչ դուք եք տեսնում, բայց չտեսան, և լսել այն, ինչ դուք եք լսում, բայց չլսեցին»։
Ամենամեծ պատվիրանը
(Մտթ. 22.34-40, Մրկ. 12.28-34)
25Եվ ահա մի օրենսգետ վեր կացավ և նրան փորձելու համար ասաց. «Վարդապե՛տ, ի՞նչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։ 26Հիսուսն ասաց նրան. «Օրենքում ի՞նչ է գրված, ինչպե՞ս ես կարդում»։ 27Նա պատասխանեց և ասաց. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ զորությամբ ու քո ամբողջ մտքով (Բ Օր. 6.5) և քո մերձավորին, ինչպես քո անձը (Ղևտ. 19.18)»։ 28Եվ նրան ասաց. «Ճիշտ պատասխանեցիր. դա արա՛ և կապրես»։
Բարի սամարացին
29Իսկ նա, ցանկանալով ինքն իրեն արդարացնել, Հիսուսին ասաց. «Իսկ ո՞վ է իմ մերձավորը»։ 30Հիսուսն ասաց. «Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում և ավազակների ձեռքն ընկավ։ Նրանք էլ նրան մերկացրին, վիրավորեցին ու կիսամեռ թողեցին գնացին։ 31Պատահմամբ նույն ճանապարհով մի քահանա էր իջնում, որը, նրան տեսնելով, շրջանցեց։ 32Նույն կերպ մի ղևտացի էր այդտեղով անցնում և տեսնելով նրան՝ շրջանցեց։ 33Եվ մի սամարացի, որ ճանապարհորդում էր, նույն տեղով եկավ, նրան տեսնելով՝ գթաց։ 34Մոտեցավ, նրա վերքերը կապեց՝ վրան ձեթ ու գինի լցնելով, իր գրաստի վրա դնելով՝ նրան մի իջևանատուն տարավ ու խնամեց։ 35Հաջորդ օրը երկու դինար հանեց, իջևանատիրոջը տվեց ու ասաց. "Խնամի՛ր նրան և ինչ որ ավելի ծախսես, ես մյուս անգամ վերադառնալիս կվճարեմ քեզ"։ 36Քո կարծիքով այդ երեքից ո՞րն էր մերձավորը ավազակների ձեռքն ընկած այն մարդու համար»։ 37Նա ասաց. «Նա, ով ողորմեց նրան»։ Ապա Հիսուսը նրան ասաց. «Գնա՛, դո՛ւ էլ այդպես արա»։
Այց Մարթային և Մարիամին
38Երբ գնում էին, Հիսուսը մի գյուղ մտավ, և մի կին, որի անունը Մարթա էր, նրան ընդունեց իր տանը։ 39Նա մի քույր ուներ՝ Մարիամ անունով, որ նստեց Հիսուսի ոտքերի մոտ ու նրա խոսքերն էր լսում։ 40Իսկ Մարթան շատ զբաղված էր սպասավորելով. նա եկավ ու ասաց. «Տե՛ր, քեզ հոգ չէ՞, որ քույրս ինձ մենակ թողեց ծառայելու։ Արդ ասա՛ դրան, որ ինձ օգնի»։ 41Հիսուսը պատասխանեց ու նրան ասաց. «Մա՛րթա, Մա՛րթա, դու հոգս ես անում և շատ բաներով ես զբաղված։ 42Բայց մի բան է հարկավոր. և Մարիամը լավ բաժինն է ընտրել, որ նրանից չպիտի վերցվի»։
Currently Selected:
Ղուկաս 10: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018