YouVersion Logo
Search Icon

ՂԵՎՏԱԿԱՆ 18

18
Արգելված սեռական հարաբերություններ
1Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 2«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։ 3Ձեր բնակած Եգիպտոս երկրի գործերի պես չանեք և չանեք Քանանի երկրի գործերի պես, ուր ձեզ պիտի տանեմ, և նրանց կանոնների համաձայն չընթանաք։ 4Կատարե՛ք իմ հրամանները և պահե՛ք իմ կանոնները, որպեսզի դրանցով առաջնորդվեք. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։ 5Պահե՛ք իմ կանոններն ու իմ հրամանները. ով որ կատարի դրանք, կապրի դրանցով. ես եմ Տերը։
6Ոչ ոք չմոտենա իր արյունակից հարազատին՝ նրա մերկությունը բանալու համար. ես եմ Տերը։ 7Քո հոր մերկությունը կամ քո մոր մերկությունը չբանաս. նա քո մայրն է, նրա մերկությունը չբանաս։ 8Քո հոր կնոջ մերկությունը չբանաս. դա քո հոր մերկությունն է։ 9Քո հոր աղջկա կամ քո մոր աղջկա՝ քո քրոջ մերկությունը, նա տանը ծնված լինի, թե դրսում, նրանց մերկությունը չբանաս։ 10Քո որդու աղջկա կամ աղջկադ աղջկա մերկությունը չբանաս, քանի որ նրանց մերկությունը քոնն է։ 11Քո հոր կնոջ աղջկա մերկությունը չբանաս. նա քո հորից ծնված քո քույրն է, նրա մերկությունը չբանաս։ 12Քո հոր կնոջ մերկությունը չբանաս. նա քո հոր արյունակիցն է։ 13Քո մոր քրոջ մերկությունը չբանաս, որովհետև նա քո մոր ազգականն է։ 14Քո հոր եղբոր մերկությունը չբանաս, նրա կնոջը չմերձենաս. նա քո հոր եղբոր կինն է։ 15Քո հարսի մերկությունը չբանաս. նա քո որդու կինն է, նրա մերկությունը չբանաս։ 16Քո եղբոր կնոջ մերկությունը չբանաս. նա քո եղբոր մերկությունն է։ 17Մի կնոջ և նրա աղջկա մերկությունը չբանաս։ Նրա որդու աղջիկը կամ նրա աղջկա աղջիկը քեզ կին չառնես՝ նրանց մերկությունը բանալու համար։ Նրանք նրա ազգականներն են. դա պղծություն է։ 18Կին չառնես իր քրոջ հետ նրա կենդանության ժամանակ՝ չվշտացնելով նրա մերկությունը բանալով։
19Կնոջ չմերձենաս նրա անմաքրության՝ դաշտանի ժամանակ նրա մերկությունը բանալով։ 20Քո հարևանի կնոջ հետ չպառկես զուգավորության համար՝ նրա հետ պղծվելով։ 21Քո սերնդից ոչ մեկին Մողոքի համար կրակի միջով անցկացնելու չթողնես և քո Աստծու անունը չպղծես. ես եմ Տերը։
22Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում ես կնոջ հետ. դա պղծություն է։ 23Ոչ մի անասունի հետ չզուգավորվես՝ պղծվելով նրա հետ։ Կինը որևէ անասունի առաջ բնավ չկանգնի նրա հետ զուգավորվելու համար. դա գարշություն է։
24Այս բաներից ոչ մեկով չպղծվեք, որովհետև այս բոլոր բաներով պղծվեցին այն ազգերը, որոնց ձեր առջևից պիտի քշեմ։ 25Այն երկիրը պղծվեց, և ես նրա անօրենությունը պիտի հատուցեմ նրան, և այն երկիրը պիտի փսխի իր բնակիչներին։ 26Իսկ դուք պահե՛ք իմ կանոններն ու իմ հրամանները և այս պղծություններից ոչ մեկը չանեք, ո՛չ երկրացին և ո՛չ էլ ձեր մեջ բնակվող օտարականը. 27որովհետև ձեզնից առաջ այն երկրի մեջ եղած մարդիկ կատարեցին այս բոլոր պղծությունները, և երկիրը պղծվեց։ 28Որ այս երկիրը ձեզ էլ դուրս չփսխի, երբ դուք այն պղծեք, ինչպես որ փսխեց ձեզանից առաջ եղած այն ազգերին։ 29Որովհետև ամենքը, ով որ կատարի այս պղծություններից որևէ մեկը, այն կատարող անձերը կվերանան իրենց ժողովրդի միջից։ 30Պահե՛ք իմ հրամանները, որպեսզի չանեք ձեզանից առաջ գործված պիղծ սովորույթները և դրանցով չպղծվեք. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in