YouVersion Logo
Search Icon

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 3

3
Պատիժ, ապաշխարություն, հույս
1Ես այն մարդն եմ, որ տառապանք տեսա նրա բարկության գավազանի տակ։
2Նա ինձ առաջնորդեց ու տարավ անլույս խավարում։
3Հենց իմ դեմ դարձրեց իր ձեռքը, կրկին ու կրկին դարձրեց։
4Մաշեցրեց մարմինս ու մաշկս, փշրեց ոսկորներս։
5Ինձ շրջափակեց և պատեց դառնությամբ ու տառապանքով։
6Մութ տեղերում բնակեցրեց ինձ, ինչպես վաղեմի մեռելներ։
7Ինձ բանտարկեց, որ դուրս չգամ, ծանրացրեց իմ շղթաները։
8Նույնիսկ երբ աղաղակեմ ու խնդրեմ, նա խափանում է իմ աղոթքը։
9Նա իմ ճանապարհները տաշած քարերով պատնեշեց, թեքեց իմ շավիղները։
10Նա ինձ համար դարանակալ արջի պես է, թաքնվող առյուծ։
11Նա խոտորեցրեց ինձ իմ ճանապարհներից, ինձ ցիրուցան արեց, խեղեց ու ամայացրեց։
12Լարեց իր աղեղը և ինձ նետի նշանակետ կարգեց։
13Իմ երիկամների մեջ արձակեց իր կապարճի նետերը#3.13 Բռց. որդիները։։
14Ես ծաղրանք դարձա իմ ամբողջ ժողովրդի համար, նրանց ծաղրերգն օրնիբուն։
15Ինձ կշտացրեց դառնությամբ, օշինդրով հագեցրեց ինձ։
16Եվ խիճերով կոտրեց իմ ատամները, ինձ մոխրի մեջ տրորեց։
17Իմ կյանքը զրկվեց խաղաղությունից, ուրախությունը մոռացել եմ։
18Եվ ասացի. «Կորավ իմ փառքը և իմ ակնկալությունը Տիրոջից»։
19Հիշի՛ր իմ տառապանքը և իմ թշվառությունը, օշինդրն ու թույնը։
20Հիշում է իմ հոգին և ընկճվում է իմ ներսում։
21Սրանք ես իմ միտքն եմ բերում, ուստի և հույս ունեմ։
22Տիրոջ ողորմությունը չի դադարում, նրա գթությունը վերջ չունի։
23Նրանք ամեն առավոտ նորանում են. մեծ է քո հավատարմությունը։
24«Տերն է իմ բաժինը,- ասաց իմ հոգին,- ուստի ես նրան եմ հուսալու»։
25Տերը բարի է իրեն հուսացողներին, այն անձին, որը նրան է փնտրում։
26Լավ է լռությամբ սպասել, սպասել Տիրոջ փրկությանը։
27Մարդու համար լավ է, որ լուծն իր երիտասարդության ժամանակ կրի։
28Թող առանձին նստի ու լռի, որովհետև այն դրվեց նրա վրա։
29Թող իր բերանը հողին դնի, գուցե հույս լինի։
30Թող իր ծնոտը տա իրեն հարվածողին ու լցվի նախատինքով։
31Որովհետև Տերը հավիտյան չի մերժի։
32Նույնիսկ եթե վշտացնի, պիտի գթա իր առատ ողորմությամբ։
33Որովհետև կամովին չէ, որ վշտացնում և տրտմեցնում է մարդկանց որդիներին։
34Ոտքերի տակ տրորել երկրի կալանավորներին,
35Մարդու իրավունքը զլանալ#3.35 Բռց. ծռել։ Ամենաբարձրյալի առաջ,
36Մարդուն անիրավություն անել իր դատի ընթացքում, Տերը չի՞ տեսնում։
37Ո՞վ է նա, որ ասի, և ասածը կկատարվի, եթե Տերը այդպես չի հրամայել։
38Ամենաբարձրյալի խոսքից չե՞ն դուրս գալիս չարիքն ու բարիքը։
39Ինչո՞ւ է տրտնջում ապրող մարդը, մարդն իր մեղքերի համար։
40Քննենք մեր ճանապարհները և փորձենք ու ետ դառնանք Տիրոջը։
41Մեր սրտերը մեր ձեռքերի հետ բարձրացնենք դեպի երկնքում եղող Աստվածը.
42Մենք հանցանք գործեցինք և ըմբոստացանք. չես ներել։
43Քեզ բարկությամբ ծածկեցիր ու մեզ հալածեցիր, սպանեցիր ու չխնայեցիր։
44Քեզ ամպով ծածկեցիր, որպեսզի աղոթքը նրանով չանցնի։
45Մեզ ժողովուրդների մեջ խոտան և անարգ դարձրիր։
46Մեր բոլոր թշնամիներն իրենց բերանը լայն բացել են մեր դեմ։
47Սարսափ ու զնդան եղավ մեզ համար, ավերում և կոտորած։
48Ջրի գետեր է թափում իմ աչքը իմ ժողովրդի դստեր կործանման համար։
49Իմ աչքը արցունք պիտի թափի ու չդադարի, առանց դադարի։
50Մինչև որ Տերը երկնքից նայի ու տեսնի։
51Աչքերս ինձ վիշտ են բերում իմ քաղաքի բոլոր աղջիկների համար։
52Իմ թշնամիներն ինձ ճնճղուկի պես որսացին առանց պատճառի։
53Իմ կյանքը գբի մեջ ոչնչացրին և քար գցեցին ինձ վրա։
54Ջրերն անցան գլխովս։ Ես ասացի, թե՝ «Կործանվեցի»։
55Խորունկ գբից ես կանչեցի քո անունը, ո՛վ Տեր։
56Ձայնս լսեցիր. ականջդ մի՛ ծածկիր իմ հառաչանքից, իմ աղաղակից։
57Այն օրը, երբ ես կանչեցի քեզ, դու մոտեցար, ասացիր. «Մի՛ վախենա»։
58Իմ հոգու դատը վարեցիր, ո՛վ Տեր, դու փրկագնեցիր իմ կյանքը։
59Ո՛վ Տեր, դու տեսար ինձ հասած կեղեքումը, պաշտպանի՛ր իմ դատը։
60Դու տեսար նրանց ամբողջ վրեժխնդրությունը, նրանց բոլոր դիտավորություններն իմ դեմ։
61Լսեցիր նրանց նախատինքը, ո՛վ Տեր, նրանց բոլոր դիտավորություններն իմ դեմ։
62Իմ թշնամիների շրթունքները և նրանց մտածմունքներն իմ դեմ օրնիբուն։
63Նրանց նստելն ու նրանց վեր կենալը դիտի՛ր, ես նրանց ծաղրերգի առարկան եմ։
64Նրանց հատուցի՛ր, ո՛վ Տեր, նրանց ձեռքի գործերի համեմատ։
65Նրանց սրտի մթություն պիտի տաս, քո անեծքը նրանց վրա լինի։
66Նրանց հալածի՛ր քո բարկությամբ և Տիրոջ երկնքի տակից նրանց բնաջնջի՛ր։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 3