ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 1
1
Երուսաղեմի ցավերը
1Ի՜նչ առանձին է նստում բազմամարդ քաղաքը, այրիի պես է դարձել ազգերի մեջ, գավառներում իշխանուհի եղողը հարկատու է դարձել։
2Դառնապես լաց է լինում գիշերը, և նրա արտասուքն իր այտերի վրա է, իր բոլոր հոմանիներից նա մխիթարող չունի. նրա բոլոր ընկերները դավաճանեցին նրան, թշնամիներ եղան նրա համար։
3Տառապանքի և տաժանելի ստրկության համար Հուդան տարագրվեց. նա բնակվում է ազգերի մեջ, հանգստություն չի գտնում, նրա բոլոր հալածողները իր նեղությունների մեջ հասան նրան։
4Սիոնի ճանապարհները սգում են, որովհետև հանդիսավոր տոներին ոչ մեկը չի գալիս, նրա բոլոր դարպասներն ամայացել են, նրա քահանաները հառաչում են, նրա կույսերը տրտմել են, իսկ ինքը դառնորեն տառապում է։
5Նրա հակառակորդները նրա տերերը#1.5 Բռց. գլխավոր։ եղան, նրա թշնամիները հանգիստ են. հանցանքների շատության պատճառով Տերը տրտմեցրել է նրան. նրա երեխաները թշնամու առաջից գերության տարվեցին։
6Սիոնի դուստրերից անցավ նրանց ամբողջ վայելչությունը, նրա իշխաններն արոտավայր չգտնող եղջերուների նման եղան և տկարացած գնում են հալածողի առաջից։
7Իր տառապանքի և թշվառության օրերին Երուսաղեմը հիշեց իր բոլոր ցանկալի իրերը, որ ուներ վաղեմի օրերից, երբ որ իր ժողովուրդը թշնամու ձեռքն ընկավ և օգնող չուներ. թշնամիները տեսան և ծիծաղեցին նրա կործանման վրա։
8Երուսաղեմը ծանրորեն մեղանչեց, դրա համար ծաղր եղավ, բոլոր նրան պատվողները նրան անարգեցին, որովհետև տեսան նրա մերկությունը, իսկ նա հառաչեց ու շրջվեց։
9Նրա անմաքրությունն իր քղանցքների վրա է. նա իր վախճանը չհիշեց. նրա անկումը զարմանասքանչ էր, նա մխիթարիչ չունի. «Նայի՛ր, ո՛վ Տեր, իմ տառապանքին, որովհետև թշնամին հպարտացավ»։
10Թշնամին իր ձեռքը մեկնեց նրա բոլոր ցանկալի իրերին։ Երուսաղեմը տեսավ հեթանոսների մուտքն իր սրբարան, որոնց դու հրամայել էիր, որ քո ժողովարանը չմտնեն։
11Նրա ամբողջ ժողովուրդը հառաչում է հաց փնտրելով, իրենց ցանկալի բաներն ուտելիքով են փոխանակում՝ իրենց կյանքը պահպանելու#1.11 Բռց. սիրտը ուժեղացնելու։ համար։ «Նայի՛ր, ո՛վ Տեր, և տե՛ս, որովհետև ես անարգված եմ»։
12Ձեզ համար ոչի՞նչ է, ո՛վ ճանապարհով բոլոր անցնողներ, նայե՛ք և տեսե՛ք, թե կա՞ արդյոք իմ ցավի նման ցավ, որ եկավ ինձ վրա, որով Տերը տրտմեցրել է իր սաստիկ զայրույթի օրը։
13Նա բարձրից կրակ ուղարկեց իմ ոսկորների մեջ, ոտքերիս համար ցանց տարածեց, ինձ ետ դարձրեց, ամայի դարձրեց ինձ, ուժաթափ՝ ամբողջ օրը։
14Իմ հանցանքներից լուծ է կապվել նրա ձեռքով. նրանք հյուսվեցին, բարձրացան իմ պարանոցի վրա. նա նվաճել է իմ ուժը։ Տերն ինձ այնպիսի ձեռքերի է մատնել, որ չեմ կարողանում դիմանալ։
15Տերը մերժեց իմ բոլոր զորավորներին, ժողով գումարեց իմ դեմ՝ իմ երիտասարդներին կոտորելու համար, Տերը հնձանի նման տրորեց Հուդայի կույս դստերը։
16Այս բաների համար եմ լաց լինում, աչքերս արցունք են թափում, որովհետև ինձանից հեռու է մխիթարիչը, որն իմ հոգին պիտի վերանորոգեր. իմ որդիները նվաղեցին#1.16 Բռց. ամայացան։, որովհետև թշնամին հաղթեց#1.16 Բռց. զորացավ։։
17Սիոնը մեկնում է իր ձեռքը, բայց նրան մխիթարող չկա։ Տերը սահմանել էր Հակոբի մասին, որ նրա հարևանները նրա հակառակորդները լինեն. Երուսաղեմն անմաքուր եղավ նրանց մեջ#1.17 Բռց. դաշտանավոր կին։։
18Արդարացի է Տերը, որովհետև ես անհնազանդ եղա նրա խոսքին#1.18 Բռց. բերանին։. լսե՛ք, ո՛վ բոլոր ժողովուրդներ, և տեսե՛ք իմ տառապանքը. իմ կույսերն ու իմ երիտասարդները գերեվարվեցին։
19Կանչեցի իմ սիրելիներին, նրանք ինձ խաբեցին, իմ քահանաներն ու երեցները քաղաքում վախճանվեցին, երբ կերակուր էին որոնում իրենց համար, որպեսզի իրենց կյանքը պահպանեն։
20Նայի՛ր, ո՛վ Տեր, որ նեղության մեջ եմ, ընդերքս գալարվում է, սիրտս իմ ներսում տակնուվրա է լինում, որովհետև սաստիկ ըմբոստացա, դրսից սուրն է ինձ դժբախտացնում, ներսից՝ մահը։
21Հառաչանքս լսեցին, բայց ինձ մխիթարող չկա. իմ բոլոր թշնամիները լսեցին իմ թշվառության մասին. հրճվեցին, որ այդպես արեցիր։ Բե՛ր քո հռչակած օրը, ու նրանք ևս ինձ նման կդառնան։
22Նրանց ամբողջ չարությունը թող քո առաջ գա. վարվի՛ր նրանց հետ այնպես, ինչպես վարվեցիր ինձ հետ իմ բոլոր հանցանքների համար, որովհետև իմ հառաչանքները շատ են, և սիրտս ուժաթափ է։
Currently Selected:
ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 1: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018