Հուդա 1
1
Ուղերձ և ողջույն
1Հուդան՝ Հիսուս Քրիստոսի ծառա ու Հակոբոսի եղբայրը՝ նրանց, ովքեր սիրված#1.1 Որոշ ձեռ. ունեն սրբված։ են Հայր Աստծուց և Հիսուս Քրիստոսի համար պահված ու ընտրված. 2թող ողորմությունը, խաղաղությունը և սերը առատ լինեն ձեզ վրա։
Սուտ ուսուցիչներ
3Սիրելինե՛ր, ամեն ջանք թափեցի, որ ձեզ մեր ընդհանուր փրկության մասին գրեմ. հարկ եղավ, որ գրեմ ձեզ ու խնդրեմ, որ պայքարեք մեկընդմիշտ սրբերին ավանդված հավատի համար. 4որովհետև սողոսկեցին ձեր մեջ ոմանք, որոնք վաղուց սահմանված էին սույն դատաստանի համար, ամբարիշտներ, որոնք մեր Աստծու շնորհն անառակության վերածեցին և ուրանում են այն միակ Իշխանին և մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին։
5Իսկ ես կամենում եմ հիշեցնել ձեզ, թեև արդեն այս բոլորը գիտեք, որ Տերը ժողովրդին Եգիպտոսի երկրից փրկեց և հետո անհավատներին կորստյան մատնեց։ 6Եվ այն հրեշտակներին, որոնք իրենց իշխանությունը չպահեցին, այլ իրենց բնակատեղին լքեցին, մեծ օրվա դատաստանի համար հավիտենական կապանքներով խավարի մեջ պահեց, 7ինչպես Սոդոմն ու Գոմորը և նրանց շուրջը եղած քաղաքները, որոնք սրանց նման պոռնկացան և այլ բնույթի էության հետևից գնացին, իբրև օրինակ դարձան՝ հավիտենական կրակի դատաստանն ընդունելով։
8Նույն կերպ էլ սրանք, որ զառանցանքի մեջ մարմինն են պղծում, Աստծու իշխանությունն են անարգում ու փառքը հայհոյում։ 9Այն դեպքում, երբ Միքայել հրեշտակապետը, սատանայի հետ վիճելով, պատասխան էր տալիս Մովսեսի մարմնի մասին, չհամարձակվեց հայհոյանքի խոսքեր ասելով դատապարտել, այլ ասաց. «Տերը թող քեզ նախատի»։ 10Իսկ սրանք այն բաները, որ չեն իմանում, հայհոյում են, և ինչ որ անբան անասունի պես բնազդով գիտեն, նրանց մեջ ապականվում են։ 11Վա՜յ նրանց, որ Կայենի ճանապարհով են ընթանում ու Բաղաամի մոլորությամբ վարձին են նվիրվում և Կորխի պես հակառակվելով կործանվում են։ 12Սրանք կեղտոտ բծեր են, որոնք, ձեր սիրո ճաշին մասնակցելով, միասին աներկյուղ ուտել-խմելիս իրենց անձերն են գիրացնում։ Անջուր ամպեր են՝ քամիներից քշված, աշնան պտղակորույս ծառեր՝ կրկնակի մեռած, արմատախիլ եղած, 13ծովի կատաղի ալիքներ, որ իրենց ամոթն են փրփրեցնելով թափում, մոլոր աստղեր, որոնց համար է պահված հավիտենական խավարի վիհը։
14Ենովքն էլ, որ յոթերորդն է Ադամից սկսած, սրանց մասին մարգարեացել ու ասել է. «Ահա Տերը գալիս է իր բյուրավոր սրբերով, 15որ բոլորին դատաստան անի և հանդիմանի բոլոր ամբարիշտներին իրենց այն գործերի համար, որ ամբարշտությամբ գործեցին և այն բոլոր խիստ խոսքերի համար, որ ամբարիշտ մեղավորները նրա դեմ խոսեցին»։ 16Սրանք տրտնջացողներ ու ոչնչով չգոհացողներ են, որոնք իրենց անձերի ցանկությունների համաձայն են գնում, և նրանց բերանն ամբարտավան բաներ է խոսում։ Շահի համար երեսպաշտություն են անում։
17Բայց դուք, սիրելինե՛ր, հիշե՛ք մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալների կողմից նախկինում ասված խոսքերը. 18որովհետև ասում էին ձեզ, թե վերջին ժամանակներում ծաղրող մարդիկ կլինեն, որոնք իրենց ամբարիշտ ցանկությունների հետևից կգնան։
19Սրանք նշավակելի, զգայական մարդիկ են, որոնք Հոգին չունեն։ 20Բայց դուք, սիրելինե՛ր, ձեր անձերը ձեր սուրբ հավատի վրա՛ կառուցեք՝ Սուրբ Հոգով աղոթելով։ 21Ձեզ Աստծու սիրո մե՛ջ պահեք՝ հավիտենական կյանքի համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությանն սպասելով։ 22Ողորմա՛ծ եղեք թերահավատների հանդեպ։ 23Փրկե՛ք նրանց՝ կրակից խլելով, իսկ ուրիշներին հանդուրժե՛ք երկյուղով՝ ատելով նույնիսկ նրանց աղտոտված պատմուճանը։
Փառաբանություն
24Եվ նրան, որ կարող է անարատ պահել ձեզ և անեղծ կանգնեցնել իր փառքի առջև անխառն ցնծությամբ, 25այն միակ իմաստուն Աստծուն և մեր Փրկչին՝ մեր Հիսուս Քրիստոսին՝ Տիրոջը, փա՜ռք և մեծություն, զորություն և իշխանություն բոլոր ժամանակներից առաջ և այժմ ու բոլոր ժամանակներում։ Ամեն։
Currently Selected:
Հուդա 1: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018