ՀԵՍՈՒ 23
23
Հեսուի հրաժեշտի խոսքը
1Շատ օրեր հետո, երբ Տերը հանգստացրել էր Իսրայելին նրա շրջակայքում եղած բոլոր թշնամիներից, և Հեսուն ծերացել ու օրերն անց էր կացրել, 2այն ժամանակ Հեսուն կանչեց ամբողջ Իսրայելին, այսինքն՝ նրա ծերերին, իշխաններին, դատավորներին և գլխավորներին ու ասաց նրանց. «Ես ծերացել և օրերս անց եմ կացրել։ 3Դուք տեսաք այն ամենը, ինչ ձեր Տեր Աստվածն արեց ձեր առաջ այս բոլոր ազգերին. որովհետև ձեր Տեր Աստվածն ինքն էր ձեզ համար պատերազմողը։ 4Նայե՛ք, ես ձեզ համար վիճակով բաժանեցի այս մնացած ազգերը ձեր միջև որպես ժառանգություն, ըստ ձեր ցեղերի, այն բոլոր ազգերը, որոնց ես ջարդեցի Հորդանան գետից մինչև Մեծ ծովը՝ դեպի արևմուտք։ 5Ձեր Տեր Աստվածն ինքը նրանց կհալածի ու կքշի ձեր առջևից, և դուք կժառանգեք նրանց երկիրը, ինչպես որ ձեր Տեր Աստվածն ասել է ձեզ։ 6Ուրեմն շատ վճռակա՛ն եղեք, որ պահեք ու կատարեք այն ամենը, ինչ գրված է Մովսեսի օրենքի գրքում, որ դրանից աջ կամ ձախ չխոտորվեք, 7որպեսզի չմտնեք ձեզ մոտ մնացած այդ ազգերի մեջ, չհիշեք նրանց աստվածների անունները, նրանցով չերդվեք և երկրպագություն չանեք նրանց, 8այլ ձեր Տեր Աստծո՛ւն հարեք, ինչպես որ արել եք մինչև այսօր։ 9Տերը ձեր առջևից քշեց մեծ ու հզոր ազգերի, և մինչև այսօր ոչ ոք չկանգնեց ձեր դեմ։ 10Ձեզանից մեկը հազարին կհալածի, որովհետև ձեր Տեր Աստվածն ինքն է, որ պատերազմում է ձեզ համար, ինչպես որ ասել է ձեզ։
11Ուրեմն շատ զգո՛ւյշ եղեք ձեր անձերի նկատմամբ, որ սիրեք ձեր Տեր Աստծուն։ 12Բայց եթե ետ դառնաք նրանից և ձեզ մոտ մնացած այս ազգերի մնացորդին հարեք, նրանց հետ խնամիություն անեք, խառնվեք նրանց հետ, և նրանք էլ՝ ձեզ հետ, 13ապա ստո՛ւյգ իմացեք, որ ձեր Տեր Աստվածն այլևս այս ազգերին չի հալածի ձեր առջևից, այլ նրանք ձեզ համար որոգայթ և թակարդ կդառնան, խթաններ՝ ձեր կողերի համար և փշեր՝ ձեր աչքերի համար, մինչև որ բնաջինջ լինեք այս բարի երկրի վրայից, որ ձեր Տեր Աստվածը տվեց ձեզ։ 14Եվ ահա ես այսօր ամբողջ երկրի ճանապարհն եմ գնում, և դուք ձեր ամբողջ սրտով ու ձեր ամբողջ հոգով գիտեք, որ ձեր Տեր Աստվածը ձեզ համար ինչքան բարի խոսքեր որ ասել էր, դրանցից մի բան չպակասեց, բոլորն էլ կատարվեցին ձեզ համար, դրանցից ոչ մի խոսք գետինը չընկավ։ 15Եվ ինչպես որ ձեզ վրա կատարվեցին ձեր Տեր Աստծու ձեզ համար ասած բոլոր բարի խոսքերը, այդպես էլ Տերը ձեզ վրա կկատարի բոլոր չար խոսքերը, մինչև որ բնաջնջի ձեզ այս բարի երկրի վրայից, որ ձեր Տեր Աստվածը տվեց ձեզ։ 16Եթե դուք դրժեք ձեր Տեր Աստծու ձեզ պատվիրած ուխտը և գնաք օտար աստվածների պաշտեք և նրա՛նց երկրպագություն անեք, Տիրոջ բարկությունը կբորբոքվի ձեզ վրա, և դուք շուտով կկորչեք ձեզ տրված այս բարի երկրից»։
Currently Selected:
ՀԵՍՈՒ 23: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018