ՀԵՍՈՒ 13
13
Դեռ չգրավված երկրները
1Հեսուն ծերացել էր և օրերն անցկացրել։ Եվ Տերը նրան ասաց. «Դու ծերացել և օրերդ անց ես կացրել, բայց շատ մեծ երկիր է մնացել ժառանգելու։ 2Մնացած երկիրն այս է. փղշտացիների բոլոր սահմանները և ամբողջ Գեսուրը. 3Եգիպտոսի դիմացի Սիորից սկսած Ակկարոնի սահմանը հյուսիսում, որ քանանացիներինն է համարվում, փղշտացիների հինգ նախարարությունները, այսինքն՝ գազացիներինը, ազոտացիներինը, ասկաղոնացիներինը, գեթացիներինը և ակկարոնացիներինը, նաև ավացիների նախարարությունը։ 4Հարավային կողմից՝ քանանացիների ամբողջ երկիրը և սիդոնացիների Մեարան մինչև Ափեկ, մինչև ամորհացիների սահմանը, 5գեբաղացիների երկիրը և ամբողջ արևելյան Լիբանանը՝ Հերմոն լեռան ստորոտի Բաաղգադից մինչև Եմաթի մուտքը։ 6Բոլոր լեռնաբնակներին՝ Լիբանանից մինչև Մասրեփոթ-Մայիմ, բոլոր սիդոնացիներին ես քշելու եմ Իսրայելի որդիների առջևից. միայն թե դու այս երկիրը բաժանի՛ր իսրայելացիներին որպես ժառանգություն, ինչպես որ պատվիրեցի քեզ։
Հորդանան գետի արևելյան կողմի երկրի բաժանումը
7Հիմա այս երկիրն իբրև ժառանգություն բաժանի՛ր ինը ցեղերին և Մանասեի կես ցեղին». 8Ռուբենի և Գադի ցեղերն արդեն Մանասեի ցեղի մյուս կեսի հետ ստացել են իրենց ժառանգությունը, որ Մովսեսը տվեց Հորդանան գետի այն կողմում՝ դեպի արևելք, ինչպես որ Տիրոջ ծառա Մովսեսը տվել է նրանց. 9Առնոնի ձորի եզերքին գտնվող Արոերից և ձորի մեջ գտնվող քաղաքը և Մեդաբայի ամբողջ դաշտը մինչև Դեբոն, 10նաև Եսեբոնում թագավորող ամորհացիների Սեհոն թագավորի բոլոր քաղաքները մինչև Ամմոնի որդիների սահմանը, 11Գաղաադը, գեսուրացիների ու մաքաթացիների սահմանը, ամբողջ Հերմոն լեռը և ամբողջ Բասանը մինչև Սելքա, 12Բասանում Օգի ամբողջ թագավորությունը, որը թագավորում էր Աստարովթում և Եդրայիում։ Սա էր մնացել հսկաների մնացորդներից, բայց Մովսեսը հարվածեց ու քշեց նրանց։ 13Բայց Իսրայելի որդիները չհալածեցին գեսուրացիներին ու մաքաթացիներին, և գեսուրացիներն ու մաքաթացիները բնակվում են Իսրայելում մինչև այսօր։ 14Միայն Ղևիի ցեղին ժառանգություն չտվեց. Իսրայելի Տեր Աստծու զոհաբերություններն են նրանց ժառանգությունը, ինչպես որ ասել էր Մովսեսին։
Ռուբենին հատկացված երկիրը
15Մովսեսը Ռուբենի որդիների ցեղին տվեց ըստ նրանց ազգատոհմերի։ 16Նրանց սահմանը եղավ Առնոնի ձորի եզերքին գտնվող Արոերից և ձորում գտնվող քաղաքը և Մեդաբայի մոտ եղած ամբողջ դաշտավայրը, 17Եսեբոնն ու նրա բոլոր դաշտային քաղաքները, Դեբոնը, Բամոթ-Բահաղը և Բեթմեելմոնը, 18Հասսան, Կադեմոթը, Մեփայաթը, 19Կարիաթեմը, Սեբաման, Սարեթ-Սահառը հովտի լեռան վրա, 20Բեթ-Փեգորը, Փասգա լեռան ստորոտը, Բեթեսիմոթը, 21դաշտավայրի բոլոր քաղաքները և Եսեբոնում թագավորող ամորհացիների Սեհոն թագավորի ամբողջ թագավորությունը։ Մովսեսը հարվածեց սրան, ինչպես նաև Մադիամի իշխաններին՝ Եվիին, Րոկոմին, Սուրին, Ուրին և Ռոբին, որոնք Սեհոնի նախարարներն էին և բնակվում էին այդ երկրում։ 22Իսրայելի որդիների կողմից սպանվածների մեջ էր նաև Բեորի որդի Բաղաամ գուշակը, որին նրանք սրով սպանեցին։ 23Ռուբենի որդիների սահմանն էր Հորդանան գետը և Գեբուլը։ Այս է Ռուբենի որդիների ազգատոհմերի ժառանգությունը. այս քաղաքներն են և դրանց գյուղերը։
Գադին հատկացված երկիրը
24Մովսեսը բաժին տվեց նաև Գադի ցեղին՝ ըստ իրենց ազգատոհմերի։ 25Նրանց սահմանը եղավ Հազերը, Գաղաադի բոլոր քաղաքները, Ամմոնի որդիների երկրի կեսը մինչև Արոեր, որը Ռաբբայի դիմացն է, 26Եսեբոնից մինչև Ռամոթ-Մասփա ու Բոտանիմ, Մանայիմից մինչև Դաբիրի սահմանը, 27նաև հովտում Բեթարամն ու Բեթնամրան, Սոկքովթն ու Սափոնը՝ Եսեբոնի Սեհոն թագավորի թագավորության մնացորդը. սահմանը Հորդանան գետն է մինչև Քեներեթի ծովեզերքը, Հորդանան գետի այն կողմը՝ դեպի արևելք։ 28Այս է Գադի որդիների ժառանգությունն ըստ իրենց ազգատոհմերի. այս քաղաքներն են և դրանց գյուղերը։
Մանասեի ցեղի արևելյան կեսին հատկացված երկիրը
29Մովսեսը բաժին տվեց նաև Մանասեի կես ցեղին, որը Մանասեի կես ցեղի ժառանգությունը եղավ ըստ իրենց ազգատոհմերի։ 30Նրանց սահմանն այս եղավ. Մանայիմից՝ Բասանի Օգ թագավորի ամբողջ թագավորությունը՝ ամբողջ Բասանը, Բասանում գտնվող Հայիրի բոլոր գյուղաքաղաքները՝ վաթսուն քաղաք։ 31Գաղաադի կեսը և Աստարովթն ու Եդրային՝ Բասանում Օգի թագավորության քաղաքները, Մանասյան Մաքիրի որդիներինը եղան, այսինքն՝ Մաքիրի որդիների կեսինը՝ ըստ իրենց տոհմերի։
32Սրանք են, որ Մովսեսը ժառանգություն տվեց Մովաբի դաշտերում՝ Երիքովի դիմաց, Հորդանան գետի այն կողմում՝ դեպի արևելք։ 33Բայց Մովսեսը Ղևիի ցեղին ժառանգություն չտվեց. Իսրայելի Տեր Աստվածն է նրանց ժառանգությունը, ինչպես որ ասել էր նրանց։
Currently Selected:
ՀԵՍՈՒ 13: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018