YouVersion Logo
Search Icon

ՀՈԲ 34

34
1Եղիուսը պատասխանեց.
2«Իմ խո՛սքը լսեցեք, ո՛վ իմաստուններ, և ո՛վ գիտուններ, ակա՛նջ դրեք ինձ։
3Որովհետև խոսքերն ականջը կքննի, ինչպես կերակրի համը քիմքը կառնի։
4Մեզ համար իրավունք ընտրենք. մեր ներսում իմանանք, թե ի՛նչն է բարի։
5Որովհետև Հոբն ասաց. “Արդար եմ, բայց Աստված իմ իրավունքը մերժեց։
6Չնայած ես արդար եմ, ինձ ստախոս են համարում։ Իմ վերքն անբուժելի է, թեև ես հանցանք չունեմ”։
7Հոբի նման ի՞նչ մարդ կա, որ հայհոյությունը խմում է ջրի պես։
8Նա գնում չարագործների հետ է ընկերանում, անօրեն մարդկանց հետ ման գալիս.
9Որովհետև ասաց. “Մարդս Աստծու հաճության մեջ լինելուց օգուտ չունի”։
10Դրա համար, ո՛վ իմաստուն մարդիկ, ի՛նձ լսեցեք. քավ լիցի, որ Աստված չարիք անի, և Ամենակարողը՝ անօրենություն։
11Որովհետև Աստված մարդու արածի համեմատ է հատուցում և ամեն մարդու իր ընթացքի համեմատ է վարձատրում։
12Բայց Աստված հիրավի անօրենություն չի անի, և Ամենակարողն իրավունքը չի ծռի։
13Ո՞վ երկիրը նրան հանձնեց և ամբողջ աշխարհն ո՞վ կարգի դրեց։
14Եթե իր նպատակն էր իր հոգին և շունչը ետ քաշել,
15Ամեն մարմին մեկտեղ կմեռնի, և մարդը հողը կվերադառնա։
16Եթե հասկացողություն ունես, լսի՛ր այս բաները, իմ խոսքերի ձայնին ակա՛նջ դիր։
17Մի՞թե արդարություն ատողը կարող է իշխել, և կամ թե արդար Հզորին կարո՞ղ ես հանցավոր հանել։
18 Աստված թագավորին ասում է՝ ո՛վ անպիտան, ազնվականներին՝ ո՛վ չար։
19Նա իշխաններին աչառություն չի անի, հարուստին աղքատից ավելի ուշադրություն չի դարձնի, որովհետև բոլորն էլ նրա ձեռքի գործն են։
20Մի վայրկյանում կմեռնեն։ Մի կեսգիշերի ընթացքում մի ժողովուրդ շփոթվում անցնում է, զորավորներն էլ են անցնում՝ առանց մարդու ձեռք դիպչելու։
21Որովհետև նրա աչքերը մարդու ճանապարհների վրա են, և սրա բոլոր քայլերը տեսնում է։
22Ո՛չ խավար կա, ո՛չ էլ թանձր ստվեր, որ այնտեղ անօրենները թաքնվեն։
23Որովհետև Աստված ժամանակ չի սահմանել, որ որևէ մեկն իր առջև ներկայանա դատաստանի համար։
24Նա մեծամեծներին առանց քննության փշրում է և նրանց տեղը ուրիշների դնում։
25Այսպես նրանց գործերին տեղյակ է և նրանց տապալում է գիշերը, ու նրանք ճզմվում են։
26Քանի որ ամբարիշտ են, մարդկանց աչքի առաջ նրանց պատժում է.
27Նրա համար, որ իրեն հետևելուց հեռացել են և իր բոլոր ճանապարհները աննկատ են թողել։
28Այնպես որ պատճառ դարձան, որ աղքատի աղաղակը նրան հասավ, ու ինքը զրկյալների աղաղակը լսեց։
29Եթե նա լուռ մնա, ո՞վ կարող է նրան դատապարտել։ Եթե նա երեսը ծածկի, ո՞վ կարող է նրան տեսնել։ Մի ազգի համար թե մի մարդու՝ մեկ է.
30Որպեսզի անաստվածը չթագավորի, և ժողովրդի համար որոգայթ չլինի։
31Որովհետև Աստծուն պետք է ասել. “Ես պատիժ կրեցի, այլևս չարիք չեմ գործի։
32Այն, ինչ չեմ տեսնում, ինձ սովորեցրո՛ւ. եթե ամբարշտություն եմ գործել, էլ չեմ անի”։
33Մի՞թե քո ուզածի պես է հատուցելու, որ դու հակառակվում ես։ Ուրեմն դո՛ւ պետք է ընտրես, ոչ թե ես։ Ինչ որ գիտես, ասա՛։
34Իմաստուններն ինձ կասեն, նույնպես և գիտուն մարդը, որ ինձ լսում է.
35“Հոբը գիտենալով չի խոսել, ու նրա խոսքերն իմաստությամբ չեն”։
36Երանի՜ թե Հոբն անօրեն մարդկանց պես տված պատասխանների համար իսպառ փորձության ենթարկվեր։
37Որովհետև մեղքի վրա ապստամբություն ավելացրեց. մեր մեջ ծափ է տալիս և Աստծու դեմ իր խոսքերը շատացնում»։

Currently Selected:

ՀՈԲ 34: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in