YouVersion Logo
Search Icon

ՀՈԲ 2

2
Սատանան կրկին փորձում է Հոբին
1Մի ուրիշ օր Աստծու որդիները եկան Տիրոջ առաջ կանգնեցին. սատանան էլ եկավ նրանց մեջ՝ Աստծու առաջ կանգնելու։ 2Տերը սատանային ասաց. «Որտեղի՞ց ես գալիս»։ Սատանան Տիրոջը պատասխանեց ու ասաց. «Երկրի վրա շրջելուց և նրա մեջ ման գալուց»։ 3Տերը սատանային ասաց. «Իմ ծառա Հոբին ուշադրություն դարձրի՞ր, որ երկրի վրա նրա նման կատարյալ, արդար, աստվածավախ և չարությունից հեռացող մարդ չկա, ու դեռ իր կատարելությունը պահում է, թեև ուզում էիր ինձ համոզել, որ նրան զուր տեղը կործանեի»։ 4Սատանան Տիրոջը պատասխանեց ու ասաց. «Մորթի տեղ մորթ. մարդս իր ողջ ունեցվածքն իր անձի դիմաց կտա։ 5Բայց հիմա ձեռքդ երկարի՛ր և նրա ոսկորին ու մարմնին դիպի՛ր և կտեսնես, որ քո դիմաց քեզ կհայհոյի»։ 6Տերը սատանային ասաց. «Ահա նա քո ձեռքին թող լինի, միայն թե նրա կյանքը պահի՛ր»։
7Սատանան Տիրոջ առջևից դուրս գնաց ու Հոբին նրա ոտքի թաթից մինչև նրա գլուխը չար պալարներով խփեց։ 8Նա, կավե ամանի մի կտոր առած ու մոխրի մեջ նստած, իրեն դրանով քերում էր։
9Նրա կինը նրան ասաց. «Դեռ քո կատարելությանը կառչա՞ծ ես։ Աստծուն հայհոյի՛ր ու մեռի՛ր»։ 10Հոբը նրան ասաց. «Հիմար կանանց նման ես խոսում։ Ուրեմն Աստծուց միայն բարի՞քն ընդունենք և չարիքը չընդունե՞նք»։ Այս ամենում Հոբն իր շուրթերով չմեղանչեց։
Հոբի բարեկամները
11Հոբի երեք բարեկամները լսեցին այս բոլոր չարիքների մասին, որ նրա գլխին եկել էին։ Եկան, ամեն մեկն իր տեղից, Եղիփազ Թեմանացին, Բաղդատ Սոքեցին ու Սոփար Նաամացին։ Համաձայնվեցին, որ միասին գնան նրան ցավակից լինեն ու մխիթարեն նրան։ 12Երբ հեռվից տեսան, նրան չճանաչեցին։ Իրենց ձայնը բարձրացնելով լաց եղան. ամեն մեկը՝ իր պատմուճանը պատառոտելով, երկինք նայելով, հող ցանեց գլխին։ 13Նրա հետ յոթ օր ու յոթ գիշեր գետնին նստեցին. նրա հետ մի բառ չէին խոսում, որովհետև տեսան, որ ցավը չափազանց մեծ էր։

Currently Selected:

ՀՈԲ 2: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in