YouVersion Logo
Search Icon

ԵՐԵՄԻԱ 49

49
Տիրոջ դատաստանը Ամմոնին
1Ամմոնի որդիների մասին. այսպես է ասում Տերը. «Մի՞թե Իսրայելը որդիներ չունի, կամ նա ժառանգ չունի՞. ինչո՞ւ Մեղքոմը#49.1 Ամմոնացիների աստվածը։ ժառանգեց#49.1 Այսինքն՝ տիրացավ։ Գադին, և իր ժողովուրդը նրա քաղաքներում բնակվեց։ 2Ուստի ահա օրեր են գալիս,- ասում է Տերը,- որ Ամմոնի որդիներին Ռաբբայի#49.2 Ամմոնացիների մայրաքաղաքը։ դեմ պատերազմի ահազանգ պիտի լսել տամ, որ նա ամայի բլուր դառնա, և նրա դուստրերը#49.2 Այսինքն՝ գյուղերը։ կրակով այրվեն, իսկ Իսրայելը պիտի տիրի իրեն տիրողներին#49.2 Բռց. իրեն ժառանգողներին պիտի ժառանգի։»,- ասում է Տերը։
3Ողբա՛, ո՛վ Եսեբոն, որ Գային կործանվեց, աղաղակե՛ք, ո՛վ Ռաբբայի դուստրեր, քո՛ւրձ հագեք, սգացե՛ք և փարախում#49.3 Կամ պատերի մեջ։ դեսուդե՛ն վազեք, որովհետև Մեղքոմն իր քահանաների ու իշխանների հետ պիտի տարագրվի։ 4Ինչո՞ւ ես քո հովիտներով պարծենում. հովիտդ ջրի պես գնաց, ո՛վ ապստամբ դուստր, որ ապավինել էիր քո գանձերին՝ ասելով. «Ո՞վ է գալու իմ դեմ»։ 5«Ահա ես քեզ վրա սարսափ եմ բերելու քո բոլոր կողմերից,- ասում է Զորությունների Տերը՝ Աստված,- և դուք պիտի ցրվեք, ամեն մարդ մի ուղղությամբ, և փախստականներին հավաքող չպիտի լինի։ 6Եվ հետո Ամմոնի որդիներին հետ պիտի դարձնեմ գերությունից»,- ասում է Տերը։
Տիրոջ դատաստանը Եդովմին
7Եդովմի մասին Զորությունների Տերն այսպես է ասում. «Մի՞թե Թեմանում այլևս իմաստություն չկա, խելամիտներից կորա՞վ խորհուրդը, անհետացե՞լ է նրանց իմաստությունը։ 8Փախո՛ւստ տվեք, դարձե՛ք, բնակվելու համար խորքե՛րը մտեք, ո՛վ Դեդանի բնակիչներ, որովհետև նրան պատժելուս ժամանակ Եսավի աղետը պիտի բերեմ նրա վրա։ 9Եթե քեզ մոտ այգեկութ անողներ գային, մի՞թե ողկույզներ չէին թողնելու. եթե գողեր գային գիշերով, նրանք հափշտակելու էին, որքան իրենց բավականացներ։ 10Սակայն ես ամբողջովին մերկացրի Եսավին, բացահայտեցի նրա թաքնվելու տեղերը, և նա չի կարող թաքնվել. կործանվեցին նրա սերունդը, նրա եղբայրները և նրա հարևանները, և նա չկա։ 11Թո՛ղ քո որբերին, ես ողջ կպահեմ նրանց, և քո այրիները թող ինձ ապավինեն»։ 12Որովհետև Տերն այսպես է ասում. «Ահա նրանք, որ արժանի չէին բաժակը խմելու, անպատճառ պետք է խմեն, իսկ դու անպատի՞ժ պիտի մնաս. անպատիժ չես մնա, այլ անպատճառ պիտի խմես։ 13Որովհետև ես երդվում եմ իմ անձով,- ասում է Տերը,- որ Բոսրան ամայություն, նախատինք, ավերակ ու նզովք պիտի դառնա, և նրա բոլոր քաղաքները մշտական ավերակներ պիտի դառնան»։
14Պատգամ լսեցի Տիրոջ կողմից, և ազգերին#49.14 Կամ հեթանոսներին։ դեսպան ուղարկվեց, թե՝ «Հավաքվե՛ք և նրա դե՛մ գնացեք, կանգնե՛ք պատերազմի։ 15Որովհետև ահա ես քեզ ազգերի մեջ փոքր արեցի և մարդկանց մեջ՝ անարգ։ 16Քո ահավորությունը, քո սրտի ամբարտավանությունը խաբել են քեզ, ո՛վ վեմի խոռոչների մեջ բնակվող և բարձր բլուրներին կառչող. թեպետ արծվի պես բարձրում դնես քո բույնը, այնտեղից էլ պիտի իջեցնեմ քեզ»,- ասում է Տերը։ 17«Եդովմն ամայություն պիտի լինի, նրա մոտով յուրաքանչյուր անցնող պիտի զարմանա և նրա բոլոր վերքերի համար երկարատև պիտի սուլի։ 18Ինչպես Սոդոմի և Գոմորի ու նրանց հարևանների կործանումը,- ասում է Տերը,- այնտեղ մարդ չի ապրի, և մարդու որդին նրա մեջ չի բնակվի։ 19Ահա Հորդանանի թավուտներից առյուծի պես պիտի բարձրանա ապահով փարախի#49.19 Բռց. մշտական բնակավայր։ դեմ, որովհետև նրան ակնթարթորեն փախչել կտամ այնտեղից։ Եվ ո՞վ է ընտրված, որ նրա վրա կարգեմ, որովհետև ո՞վ է ինձ նման, և ո՞վ պիտի նշանակի իմ ժամանակը.#49.19 Կամ ինձ ո՞վ ատյան պիտի կանչի։ ո՞վ է այն հովիվը, որ պիտի կանգնի իմ առաջ։ 20Ուրեմն լսե՛ք Տիրոջ խորհուրդը, որ խորհել է Եդովմի դեմ, և նրա մտադրությունները, որ մտածել է Թեմանի բնակիչների դեմ. նրանց հովիվ տղաներն անպատճառ պիտի քշեն նրանց, նրանց արոտավայրերն անպատճառ ամայի անապատ պիտի դառնան նրանց համար։ 21Նրանց անկումի ձայնից երկիրը պիտի դողա, նրանց աղաղակի ձայնը մինչև Կարմիր ծովը կլսվի։ 22Ահա արծվի նման կբարձրանա. կթռչի և իր թևերը կտարածի Բոսրայի վրա։ Այդ օրը Եդովմի մարտիկների սիրտը երկունքի ցավ քաշող կնոջ սրտի պես կլինի»։
Տիրոջ դատաստանը Դամասկոսին
23Դամասկոսի մասին։ «Եմաթն ու Արփաթն ամաչեցին, որովհետև վատ լուր լսեցին և վախից հալվեցին։ Ծովի նման տագնապած են. չեն կարողանում հանդարտվել։ 24Թուլացել է Դամասկոսը, շրջվել է, որ փախչի. արհավիրքը բռնել է նրան, նեղության ու երկունքի ցավերը պատել են նրան, ինչպես ծննդկան կնոջը։ 25Ինչպե՞ս չլքվեց փառքի քաղաքը, իմ բերկրանքի քաղաքը։ 26Սրա համար նրա երիտասարդները վայր կընկնեն նրա հրապարակներում, և բոլոր պատերազմիկները կլռեցվեն այդ օրը,- ասում է Զորությունների Տերը։- 27Եվ ես կրակ պիտի վառեմ Դամասկոսի պարսպի մեջ, և այն պիտի լափի Բենադադի ամրոցները»։
Կեդարի և Հասորի դատաստանը
28Կեդարի մասին և Հասորի թագավորությունների մասին, որոնց նվաճեց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը, Տերն այսպես է ասում. «Վե՛ր կացեք, գնացե՛ք Կեդարի դեմ և կործանե՛ք արևելքի որդիներին։ 29Նրանց վրանները և նրանց հոտերը պիտի վերցվեն, նրանց վարագույրները և նրանց ամբողջ գույքը, նրանց ուղտերը պիտի տանեն իրենց համար, և մարդիկ նրանց պիտի գոչեն. “Սարսափ շուրջբոլորը”։
30Փախե՛ք, արա՛գ հեռացեք, խորքերո՛ւմ բնակվեք, ո՛վ Հասորի բնակիչներ,- ասում է Տերը,- որովհետև Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը ձեր դեմ խորհուրդ է խորհել և ձեր դեմ մի մտադրություն մտածել։
31Վե՛ր կացեք, հարձակվե՛ք անդորր, ապահովությամբ բնակվող ազգի վրա,- ասում է Տերը,- որ դարպասներ չունի, նիգեր չունի, առանձին է բնակվում. 32նրանց ուղտերն ավար պիտի դառնան, և նրանց հոտերի բազմությունը՝ կողոպուտ, և ես մազի ծայր կտրողներին ամեն կողմ պիտի ցրեմ և ամեն կողմից աղետ պիտի բերեմ նրանց,- ասում է Տերը։- 33Հասորը աղվեսների որջ պիտի դառնա, հավիտենական ամայություն. այնտեղ մարդ չպիտի ապրի, և նրա մեջ մարդու որդի չպիտի բնակվի»։
Տիրոջ դատաստանը Եղամին
34Տիրոջ խոսքը, որ հասավ Երեմիա մարգարեին Եղամի մասին Հուդայի Սեդեկիա թագավորի թագավորության սկզբում՝ ասելով.
35«Այսպես է ասում Զորությունների Տերը. “Ահա ես կոտրում եմ Եղամի աղեղը՝ նրանց գլխավոր զորությունը։ 36Եվ երկնքի չորս կողմերից Եղամի վրա պիտի բերեմ չորս հողմերը և նրանց պիտի ցրեմ դեպի այս բոլոր հողմերը, և ազգ չի լինելու, որի մոտ չգնան Եղամի գաղթականները։ 37Եվ ես Եղամին պիտի զարհուրեցնեմ իրենց թշնամիների առաջ ու նրանց կյանքը փնտրողների առաջ և նրանց վրա չարիք պիտի բերեմ՝ իմ բարկության բորբոքումը,- ասում է Տերը.- նրանց հետևից սուրը պիտի ուղարկեմ, մինչև որ սպառեմ նրանց։ 38Իմ գահը Եղամում պիտի դնեմ և նրանց թագավորին ու իշխանավորներին ոչնչացնեմ,- ասում է Տերը։- 39Բայց վերջին օրերին Եղամին պիտի վերադարձնեմ գերությունից”»,- ասում է Տերը։

Currently Selected:

ԵՐԵՄԻԱ 49: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for ԵՐԵՄԻԱ 49