YouVersion Logo
Search Icon

ԵՐԵՄԻԱ 42

42
Ժողովուրդը Երեմիային խնդրում է աղոթել իր համար
1Բոլոր զորապետները, Կարեի որդի Հոհանանը և Ովսեիայի որդի Հեզոնիան և ամբողջ ժողովուրդը՝ փոքրից մինչև մեծը, մոտեցան 2և ասացին Երեմիա մարգարեին. «Թող մեր աղաչանքը քո առաջ ընդունելի լինի, և մեզ համար Տիրոջը՝ քո Աստծուն, աղո՛թք արա այս ամբողջ մնացորդի համար, որովհետև շատից քիչ ենք մնացել, ինչպես որ աչքդ տեսնում է մեզ։ 3Եվ քո Տերը՝ Աստվածը, թող մեզ իմացնի մեր գնալու ճանապարհը և մեր անելիքը»։ 4Եվ Երեմիա մարգարեն նրանց ասաց. «Լսեցի, ահա ձեր խոսքերի համեմատ ես աղոթք կանեմ Տիրոջը՝ ձեր Աստծուն, և Տերը ձեզ համար ինչ պատասխան որ տալու լինի, ես ձեզ կիմացնեմ, ձեզնից ոչինչ չեմ թաքցնի»։ 5Եվ նրանք ասացին Երեմիային. «Տերը մեր դեմ ճշմարիտ և հավատարիմ վկա թող լինի, եթե չանենք այն բոլոր խոսքերի համեմատ, որոնք Տերը՝ քո Աստվածը, մեր մասին կուղարկի քեզ. այնպե՛ս կանենք. 6թե՛ բարի, թե՛ չար, մենք պիտի անսանք Տիրոջ՝ մեր Աստծու ձայնին, որի մոտ ուղարկում ենք քեզ, որպեսզի մեզ համար լավ լինի, երբ անսանք Տիրոջ՝ մեր Աստծու ձայնին»։
Աստծու պատասխանը Երեմիայի աղոթքին
7Եվ տասը օրից հետո Տիրոջ խոսքը հասավ Երեմիային։ 8Նա կանչեց Կարեի որդի Հոհանանին և նրա հետ եղող բոլոր զորապետներին ու ամբողջ ժողովրդին՝ փոքրից մինչև մեծը, 9և նրանց ասաց. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը, որի մոտ դուք ինձ ուղարկեցիք, որ ձեր աղաչանքը մատուցեմ նրան. 10“Եթե շարունակեք այս երկրում բնակվել, ես այսուհետ պիտի կառուցեմ ձեզ և չպիտի քանդեմ, ես պիտի տնկեմ ձեզ և արմատախիլ չպիտի անեմ, որովհետև վշտացա այն չարիքի համար, որ արեցի ձեզ։ 11Մի՛ վախեցեք Բաբելոնի թագավորից, որից դուք վախենում եք. նրանից մի՛ վախեցեք,- ասում է Տերը,- որովհետև ես ձեզ հետ եմ, որպեսզի ձեզ ազատեմ և ձեզ փրկեմ նրա ձեռքից։ 12Եվ ձեզ գթություն գտնել պիտի տամ, և նա ձեզ պիտի գթա ու ձեզ վերադարձնի ձեր երկիրը”։ 13Եվ եթե ասեք. “Մենք չենք մնա այս երկրում”, Տիրոջ՝ ձեր Աստծու ձայնին չանսալով՝ 14ասեք. “Ո՛չ, այլ պետք է գնանք Եգիպտոսի երկիրը, որտեղ պատերազմ չենք տեսնի և փողի ձայնը չենք լսի, հացի համար չենք սովի և այնտեղ կբնակվենք”, 15ուրեմն հիմա Տիրոջ խո՛սքը լսեք, ո՛վ Հուդայի մնացորդ. այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Եթե դուք ձեր դեմքերն ուղղեք Եգիպտոս գնալու և գնաք այնտեղ բնակվելու, 16այն ժամանակ այն սուրը, որից դուք վախենում եք, այնտեղ՝ Եգիպտոսի երկրում, պիտի հասնի ձեզ, և այն սովը, որից դուք զարհուրում եք, այնտեղ՝ Եգիպտոսում, պիտի հետևի ձեզ, և այնտեղ պիտի մեռնեք։ 17Եվ այն բոլոր մարդիկ, որոնք իրենց դեմքն ուղղել են Եգիպտոս գնալու, որ այնտեղ բնակվեն, սրով, սովով և ժանտախտով պիտի մեռնեն, և նրանցից վերապրող կամ ազատվող չպիտի լինի այն չարիքի պատճառով, որ ես պիտի բերեմ նրանց վրա”։
18Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ինչպես որ իմ բարկությունն ու իմ զայրույթը թափվեցին Երուսաղեմի բնակիչների վրա, նույնպես և ձեզ վրա պիտի թափվի իմ զայրույթը, երբ որ դուք Եգիպտոս գնաք, և դուք անեծք, ամայություն, նզովք և նախատինք պիտի լինեք և այս վայրն այլևս չպիտի տեսնեք”։ 19Տերը ձեզ է ասում, ո՛վ Հուդայի մնացորդ, Եգիպտոս մի՛ գնացեք, հաստատ իմացա՛ծ եղեք, որ այսօր ձեզ նախազգուշացրի, 20որովհետև դուք խաբեություն արեցիք ձեր հոգիների դեմ. ինձ ուղարկեցիք Տիրոջ՝ ձեր Աստծու մոտ՝ ասելով. “Մեզ համար աղո՛թք արա Տիրոջը՝ մեր Աստծուն, և ըստ այն ամենի, որ ասի Տերը՝ մեր Աստվածը, այնպե՛ս մեզ հայտնիր, և մենք կանենք”։ 21Ես այսօր ձեզ իմացրի, բայց դուք չանսացիք Տիրոջ՝ ձեր Աստծու ձայնին և այն ամենին, որոնց համար նա ինձ ձեզ մոտ է ուղարկել։ 22Ուստի հիմա հաստա՛տ իմացեք, որ սրով, սովով և ժանտախտով պիտի մեռնեք այնտեղ, ուր որ ուզում եք գնալ բնակվելու»։

Currently Selected:

ԵՐԵՄԻԱ 42: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in