YouVersion Logo
Search Icon

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18

18
Միքան և Դանի ցեղը
1Այն օրերին Իսրայելում թագավոր չկար. և այն օրերին Դանի ցեղն իր համար բնակվելու ժառանգություն էր որոնում, որովհետև մինչև այդ օրերը Իսրայելի ցեղերի մեջ նրան ժառանգություն չէր ընկել։ 2Եվ Դանի որդիներն իրենց ազգատոհմերից և իրենց սահմաններից՝ Սարաայից և Եսթավուղից, հինգ զորավոր մարդ ուղարկեցին, որպեսզի երկիրը լրտեսեն ու քննեն, և նրանց ասացին. «Գնացե՛ք, երկիրը քննե՛ք»։ Եվ նրանք գնացին Եփրեմի լեռնային շրջանը՝ մինչև Միքայի տունը, և գիշերը մնացին այնտեղ։ 3Երբ նրանք Միքայի տան մոտ էին, ճանաչեցին այն ղևտացի պատանու ձայնը, այն կողմը թեքվեցին ու ասացին. «Ո՞վ քեզ այստեղ բերեց, և դու այստեղ ի՞նչ ես անում, այստեղ ի՞նչ ունես»։ 4Նա ասաց նրանց. «Միքան ինձ այսպես ու այսպես արեց և ինձ վարձակալեց, որ քահանա լինեմ նրա համար»։ 5Նրան ասացին. «Աղաչում ենք, հարցրո՛ւ Աստծուն, որ իմանանք, թե արդյոք հաջո՞ղ կլինի մեր գնացած ճանապարհը»։ 6Եվ քահանան նրանց ասաց. «Գնացե՛ք խաղաղությամբ, ձեր գնացած ճանապարհը Տիրոջ առաջ է»։
7Այն ժամանակ այդ հինգ մարդիկ գնացին և մտան Լայիս ու տեսան նրա մեջ բնակվող ժողովրդին, որ սիդոնացիների պես ապրում էին ապահովության մեջ, հանգիստ ու անհոգ, և այդ երկրում չկար մեկը, որ իշխանություն ունենար ու վնաս տար, և սիդոնացիներից հեռու էին, և բնավ գործ չունեին ոչ մի մարդու հետ։ 8Եվ այդ հինգ մարդը գնացին Սարաա և Եսթավուղ՝ իրենց եղբայրների մոտ, և իրենց եղբայրները նրանց ասացին. «Դուք ի՞նչ ասելիք ունեք»։ 9Նրանք ասացին. «Վե՛ր կացեք գնանք նրանց վրա, որովհետև մենք տեսանք երկիրը, և ահա շատ լավ երկիր է. դուք ի՞նչ եք թույլ նստել. անհոգություն մի՛ արեք այդ երկիրը գնալու և ժառանգելու համար։ 10Հենց որ գնաք, կմտնեք անհոգ մի ժողովրդի մեջ և ընդարձակ մի երկիր, որն Աստված ձեր ձեռքն է տվել, և այնպիսի մի տեղ, ուր երկրի վրա եղած բաներից ոչինչ պակաս չէ»։
11Եվ այնտեղից՝ Դանի ազգատոհմից, այսինքն՝ Սարաայից և Եսթավուղից վեց հարյուր սպառազինված մարդիկ գնացին։ 12Եվ ելան վեր ու բանակ դրին Հուդայի Կարիա-Թարիմում. դրա համար էլ այդ տեղի անունը մինչև այսօր ասվում է Մահանե-Դան. ահա այն Կարիաթ-Արիմի ետևն է։ 13Այնտեղից անցան Եփրեմի լեռնային շրջանը և եկան մինչև Միքայի տունը։ 14Եվ այն հինգ մարդիկ, որոնք գնացել էին Լայիսի երկիրը լրտեսելու, պատասխանեցին և իրենց եղբայրներին ասացին. «Գիտե՞ք, որ այս տներում եփուդ կա, թերափիմ և քանդակած ու ձուլածո կուռք. և հիմա իմացե՛ք, թե ինչ պիտի անեք»։ 15Այն ժամանակ նրանք, դեպի այնտեղ դառնալով, գնացին այն ղևտացի պատանու տունը՝ Միքայի տունը, և հարցրին նրա ողջությունը։ 16Իսկ Դանի որդիներից այն վեց հարյուր սպառազինված մարդիկ կանգնեցին դռան մուտքի մոտ։ 17Եվ երկիրը լրտեսելու գնացած այն հինգ մարդիկ մտան այնտեղ և վերցրին քանդակած կուռքը, եփուդը, թերափիմն ու ձուլածո կուռքը, իսկ քահանան այն վեց հարյուր սպառազինված մարդկանց հետ կանգնել էր դռան մուտքի մոտ։ 18Երբ նրանք Միքայի տուն մտան և վերցրին քանդակած կուռքը, եփուդը, թերափիմն ու ձուլածո կուռքը, քահանան նրանց ասաց. «Ի՞նչ եք անում»։ 19Նրանք ասացին նրան. «Լո՛ւռ մնա, ձեռքդ բերանիդ վրա՛ դիր և ե՛կ մեզ հետ. և հայր ու քահանա՛ եղիր մեզ համար. մի՞թե քեզ համար լավ է քահանա լինել մեկ մարդու տանը, թե՞ Իսրայելում լինել մեկ ցեղի և մեկ ազգատոհմի քահանան»։ 20Եվ ուրախանալով իր սրտում՝ քահանան վերցրեց եփուդը, թերափիմն ու քանդակած կուռքը և մտավ այն ժողովրդի մեջ։ 21Եվ նրանք ետ դարձան գնացին, և՛ ընտանիքները, և՛ անասունները, և՛ թանկագին կարասիները դրեցին իրենց առաջ։
22Երբ նրանք Միքայի տնից հեռացան, Միքայի տան մոտ եղած տների մարդիկ հավաքվեցին և Դանի որդիներին հասան. 23կանչեցին Դանի որդիներին, և նրանք շրջեցին իրենց երեսներն ու Միքային ասացին. «Քեզ ի՞նչ է եղել, որ բազմություն հավաքած ես գալիս»։ 24Նա ասաց. «Իմ շինած աստվածները և իմ քահանային վերցրել եք գնացել, և ինձ էլ ի՞նչ մնաց. և դեռ ինչո՞ւ եք ինձ ասում. “Քեզ ի՞նչ է եղել”»։ 25Դանի որդիները նրան ասացին. «Մեր մեջ էլ քո ձայնը չլսվի, թե չէ գուցե բարկասիրտ մարդիկ հարձակվեն ձեզ վրա, և քո կյանքն ու քո ընտանիքի կյանքը կորցնես»։ 26Եվ Դանի որդիները գնացին իրենց ճանապարհով։ Միքան, տեսնելով, որ նրանք զորավոր են իրենից, ետ դարձավ և գնաց իր տուն։
27Իսկ նրանք Միքայի շինածներն ու նրա քահանային վերցրին և գնացին Լայիսի վրա՝ այն հանգիստ ու անհոգ ժողովրդի վրա, նրանց սրի բերան քաշեցին և քաղաքը կրակով այրեցին։ 28Նրանք, Սիդոնից հեռու լինելով և ոչ մի մարդու հետ գործ չունենալով, իրենց ազատող չկար. այն քաղաքը Բեթ-Րոոբի հովտում էր. և քաղաքը վերաշինեցին ու բնակվեցին նրա մեջ։ 29Եվ քաղաքի անունն իրենց հոր՝ Իսրայելի որդի Դանի անունով կոչեցին Դան, բայց քաղաքի անունն առաջ Լայիս էր։ 30Դանի որդիները քանդակած կուռքը կանգնեցրին իրենց համար, և Մանասեի որդու՝ Գերսոնի որդի Հովնաթանը, ինքն ու իր որդիները մինչև երկրի գերության օրը Դանի ցեղի քահանաներն էին։ 31Ուստի նրանք Միքայի շինած կուռքն իրենց համար պահեցին այնքան ժամանակ, քանի դեռ Աստծու տունը Սելովի մեջ էր։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in