YouVersion Logo
Search Icon

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 14

14
Սամփսոնը և թամնաթացի աղջիկը
1Եվ Սամփսոնն իջավ Թամնաթա և Թամնաթայում փղշտացիների աղջիկներից մի կին տեսավ։ 2Նա վեր գնաց և իր հորն ու մորը պատմեց և ասաց. «Թամնաթայում փղշտացիների աղջիկներից մի կին տեսա, և հիմա ինձ համար կի՛ն առեք նրան»։ 3Նրա հայրն ու մայրը նրան ասացին. «Մի՞թե քո եղբայրների աղջիկների և իմ ժողովրդի մեջ կին չկա, որ դու գնաս և կին առնես անթլպատ փղշտացիներից»։ Բայց Սամփսոնն իր հորն ասաց. «Նրան ա՛ռ ինձ համար, որովհետև հաճելի է իմ աչքին»։ 4Նրա հայրն ու մայրը չգիտեին, որ այս բանը Տիրոջից է, որովհետև նա փղշտացիների դեմ մի առիթ էր որոնում. այն ժամանակ փղշտացիներն իշխում էին Իսրայելի վրա։ 5Եվ Սամփսոնն իր հոր և մոր հետ Թամնաթա իջավ. եկան մինչև Թամնաթայի այգիները, և ահա մի առյուծի կորյուն մռնչալով ելավ նրա դեմ։ 6Տիրոջ Հոգին իջավ Սամփսոնի վրա, և նա պատռեց նրան, ինչպես մի ուլ կպատռեն, և ձեռքին մի բան չկար. և իր հորն ու մորը չպատմեց, թե ինչ էր արել։ 7Եվ իջավ, այն կնոջ հետ խոսեց. և կինը հաճելի էր Սամփսոնի աչքին։
8Մի ժամանակից հետո, երբ ետ եկավ այդ կնոջն առնելու, առյուծի դիակը տեսնելու համար ծռվեց ճանապարհից, և ահա առյուծի դիակի մեջ մեղուների մի պարս և մեղր կար։ 9Նա մեղրն իր ձեռքն առավ և ուտելով գնում էր. գնաց իր հոր ու մոր մոտ և նրանց էլ տվեց, և նրանք կերան, բայց նրանց չասաց, թե մեղրը հանել էր առյուծի դիակից։
10Նրա հայրն իջավ այն կնոջ մոտ, և Սամփսոնն այնտեղ մի խնջույք արեց, որովհետև երիտասարդներն այդպես էին անում։ 11Երբ նրան տեսան, երեսուն ընկեր բերին, որ լինեն նրա հետ։ 12Եվ Սամփսոնն ասաց. «Հիմա ձեզ մի հանելուկ ասեմ, եթե այս խնջույքի յոթ օրվա մեջ ինձ բացատրեք և գտնեք այն, ես էլ ձեզ երեսուն շապիկ և երեսուն ձեռք փոխելու հանդերձանք կտամ, 13բայց եթե չկարողանաք բացատրել ինձ համար, այն ժամանակ դուք ինձ երեսուն շապիկ և երեսուն ձեռք փոխելու հանդերձանք կտաք»։ Եվ նրանք ասացին նրան. «Հանելուկդ մեզ ասա՛, որ լսենք»։ 14Եվ նրանց ասաց. «Ուտողից կերակուր դուրս եկավ, և հզորից անուշ ելավ»։ Եվ նրանք այս հանելուկը երեք օրում չկարողացան բացատրել։ 15Յոթերորդ օրը Սամփսոնի կնոջն ասացին. «Մարդուդ խաբի՛ր, որ հանելուկը մեզ բացատրի, թե չէ գուցե քեզ էլ, քո հոր տունն էլ կրակով այրենք։ Մեզ կողոպտելու համար կանչեցիք, չէ՞»։ 16Եվ Սամփսոնի կինը լաց եղավ նրա մոտ ու ասաց. «Անպայման դու ինձ ատում ես և ինձ չես սիրում. դու իմ ժողովրդի որդիներին մի հանելուկ ես ասել և ինձ չես բացատրել»։ Եվ նա ասաց նրան. «Ահա իմ հորն ու մորը չհայտնեցի և քե՞զ պիտի հայտնեի»։ 17Եվ նա իրենց խնջույքի յոթ օրերին էլ լաց եղավ նրա մոտ, և նա յոթերորդ օրը նրան բացատրեց, որովհետև նեղություն էր տալիս իրեն. կինն էլ հանելուկը բացատրեց իր ժողովրդի որդիներին։ 18Եվ քաղաքի մարդիկ յոթերորդ օրը՝ արեգակի մայր մտնելուց առաջ, նրան ասացին. «Ի՞նչն է անուշ մեղրից, և ի՞նչը՝ հզոր առյուծից»։ Եվ նա ասաց նրանց. «Եթե դուք իմ երինջով չհերկեիք, իմ հանելուկը չէիք գտնի»։ 19Եվ Տիրոջ Հոգին իջավ նրա վրա, և նա իջավ Ասկաղոն, նրանցից երեսուն մարդ սպանեց և նրանց հանդերձները վերցրեց ու տվեց հանելուկը բացատրողներին, և բարկությունը բորբոքվեց, ու նա գնաց իր հոր տուն։ 20Եվ Սամփսոնի կինը մարդու գնաց նրա բարեկամին՝ իր ընկերոջը։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in