YouVersion Logo
Search Icon

Հակոբոս 2

2
Անաչառ վերաբերմունք բոլորի հանդեպ
1Եղբայրնե՛ր իմ, աչառությամբ մի՛ ունեցեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ փառքի Տիրոջ հավատը։ 2Եթե ձեր ժողովարանը մի մարդ մտնի, որ ոսկե մատանի և շքեղ հագուստ ունի, և այնտեղ մտնի նաև մի աղքատ՝ կեղտոտ հագուստով, 3և ուշադրություն դարձնեք նրան, ով շքեղ հագուստ ունի, ու ասեք. «Դու այս պատվավոր տե՛ղը նստիր», իսկ աղքատին ասեք. «Դու այդտե՛ղ կանգնիր» կամ «Եկ այստե՛ղ, պատվանդանիս մո՛տ նստիր», 4դուք ձեր մեջ աչառություն արած չե՞ք լինի կամ չար խորհուրդների դատավորներ չե՞ք լինի։
5Լսե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, չէ՞ որ Աստված այս աշխարհի աղքատներին ընտրեց, որոնք հավատով հարուստ են ու ժառանգորդները այն արքայության, որ Աստված խոստացավ իրեն սիրողներին։ 6Բայց դուք աղքատին անպատվեցիք. չէ՞ որ հարուստներն են ձեզ հարստահարում, և նրանք են ձեզ դատարան քարշ տալիս։ 7Չէ՞ որ նրանք են հայհոյում այն բարի անունը, որով դուք կոչված եք։ 8Սակայն եթե թագավորական օրենքը Սուրբ Գրքի համաձայն եք կատարում՝ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» (Ղևտ. 19.18), լավ եք անում։ 9Բայց եթե աչառություն եք անում, մեղք եք գործում՝ օրենքից որպես օրինազանցներ դատապարտվելով։ 10Որովհետև ով ամբողջ օրենքը պահի և մեկ բանում սայթաքի, ամբողջ օրենքին պարտական կլինի. 11քանի որ նա, ով ասաց՝ «Մի՛ շնացիր», նաև ասաց՝ «Մի՛ սպանիր» (Ելք 20.14, 13, Բ Օր. 5.18, 17)։ Ուստի եթե շնություն չանես, բայց սպանես, միևնույն է, օրինազանց կլինես։ 12Այնպե՛ս խոսեք ու այնպե՛ս արեք, որպես թե ազատության օրենքով եք դատվելու. 13որովհետև անողորմի նկատմամբ անողորմ դատաստան է լինելու. ողորմածությունը արհամարհում է դատաստանը։
Հավատ և գործ
14Ի՞նչ է օգուտը, եղբայրնե՛ր իմ, եթե մեկն ասի, թե հավատ ունի, բայց արված գործեր չունենա. մի՞թե հավատը կարող է նրան փրկել։ 15Եթե մի եղբայր կամ քույր մերկ լինեն կամ օրվա ուտելիքի կարոտ, 16և ձեզանից մեկն ասի նրանց. «Գնացե՛ք խաղաղությամբ, տաքացե՛ք ու կշտացե՛ք», բայց մարմնին անհրաժեշտ բաները նրանց չտաք, ի՞նչ օգուտ է։ 17Այդպես էլ հավատը. եթե գործեր չունենա, ինքնին մեռած է։
18Բայց գուցե մեկն ասի. «Դու հավատ ունես, իսկ ես՝ գործեր. ցո՛ւյց տուր ինձ քո հավատն առանց գործերի, իսկ ես քեզ ցույց կտամ իմ հավատը գործերով»։ 19Դու հավատում ես, որ Աստված մեկ է, լավ ես անում. դևերն էլ են հավատում և սարսափում են։ 20Բայց ուզո՞ւմ ես իմանալ, ո՛վ փուչ մարդ, որ հավատն առանց գործերի անիմաստ է։ 21Մեր հայր Աբրահամը չէ՞ որ գործերով արդարացավ՝ իր որդի Իսահակին զոհասեղանի վրա հանելով։ 22Տեսնո՞ւմ ես, որ հավատը նրա գործերին գործակից եղավ, և այդ գործերով հավատը կատարյալ դարձավ։ 23Եվ կատարվեց Գրքի խոսքը, որ ասում է. «Եվ Աբրահամն Աստծուն հավատաց, և դա նրան արդարություն համարվեց» (Ծնն. 15.6), ու Աստծու բարեկամ կոչվեց։ 24Արդ տեսնո՞ւմ եք, որ մարդ գործերով է արդարանում և ոչ միայն հավատով։ 25Նույնպես էլ Ռախաբ պոռնիկը գործերով չարդարացա՞վ, երբ լրտեսներին իր մոտ առավ և ուրիշ ճանապարհով արձակեց։ 26Ինչպես որ մարմինն է առանց հոգու մեռած, այդպես էլ հավատն է առանց գործերի մեռած։

Currently Selected:

Հակոբոս 2: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in