YouVersion Logo
Search Icon

Հակոբոս 1:1-18

Հակոբոս 1:1-18 ՆՎԱԱ

Հակոբոսը՝ Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի ծառա՝ սփյուռքում եղող տասներկու ցեղերիդ ողջո՜ւյն։ Լիարժեք ուրախությո՛ւն համարեք, եղբայրնե՛ր, երբ տարատեսակ փորձանքների մեջ ընկնեք՝ իմանալով, որ ձեր հավատի փորձությունը համբերություն է առաջացնում։ Իսկ համբերությունը թող լիովին գործուն լինի, որպեսզի կատարյալ ու լիարժեք լինեք և ոչ մի բանի պակասություն չունենաք։ Իսկ եթե ձեզանից մեկն իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին առանց նախատելու պարզապես տալիս է, և նրան կտրվի։ Միայն թե թող նա հավատով խնդրի, առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծ ու տատանվող ալիքին։ Այդ մարդը թող չկարծի, թե Տիրոջից որևէ բան կստանա։ Երկմտող մարդն անհաստատ է իր բոլոր ճանապարհներում։ Թող խոնարհ եղբայրն իր բարձրությամբ պարծենա, և հարուստը՝ իր խոնարհությամբ, քանի որ նա խոտի ծաղկի նման պիտի անցնի։ Որովհետև արևը ծագում է խորշակով հանդերձ, չորացնում է խոտը, իսկ նրա ծաղիկը թափվում է և իր տեսքի գեղեցկությունը կորցնում. այդպես էլ հարուստն է իր ճանապարհներին թառամելու։ Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև փորձվելով կստանա կյանքի պսակը, որ Տերը խոստացավ իրեն սիրողներին։ Ոչ ոք փորձության մեջ լինելիս թող չասի՝ «Աստծուց եմ փորձվում», որովհետև Աստված չարից չի փորձվում, ինքն էլ ոչ մեկին չի փորձում։ Յուրաքանչյուրը փորձվում է՝ իր իսկ ցանկությունից հրապուրվելով ու խաբվելով։ Այնուհետև ցանկությունը հղանալով մեղք է ծնում, իսկ մեղքը հասունանալով ծնում է մահ։ Մի՛ խաբվեք, իմ սիրելի՛ եղբայրներ. ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ փոփոխում կամ փոփոխման ստվեր բնավ չկա։ Նա իր կամքով ծնեց մեզ ճշմարտության խոսքով, որպեսզի մենք նրա արարածների երախայրին լինենք։

Video for Հակոբոս 1:1-18