YouVersion Logo
Search Icon

ԵՍԱՅԻ 50

50
1Այսպես է ասում Տերը. «Ո՞ւր է ձեր մոր ապահարզանի վկայագիրը, որով ես նրան արձակել եմ. կամ իմ պարտատերերից ո՞ր մեկին եմ ծախել ձեզ։ Դուք ձեր անօրենությունների համար եք ծախվել, և ձեր մայրը ձեր հանցանքների համար է արձակվել։ 2Երբ ես եկա, ինչո՞ւ մարդ չկար. երբ ես կանչեցի, ինչո՞ւ պատասխանող չկար. մի՞թե իմ ձեռքը կարճացել էր, որ չկարողանայի փրկել, և կամ ես ուժ չունեի՞ ազատելու։ Ահա ես իմ սաստով ցամաքեցնում եմ ծովը, անապատ եմ դարձնում գետերը, և ջուր չլինելու պատճառով հոտում են դրանց ձկները և սատկում ծարավից։ 3Երկնքին խավար եմ հագցնում և քուրձը նրա ծածկոց եմ դարձնում»։
Տիրոջ ծառայի հնազանդությունը
4Տեր Աստված ինձ ուսյալների լեզու է տվել, որպեսզի գիտենամ հոգնածին օգնել խոսքով։ Ամեն առավոտ նա արթնացնում է, արթնացնում է իմ ականջը, որպեսզի լսեմ, ինչպես լսում են սովորողները։ 5Տեր Աստված բացեց իմ ականջը, և ես չհակառակվեցի, հետ չքաշվեցի։ 6Իմ թիկունքը տվեցի ինձ հարվածողներին և իմ ծնոտները՝ մորուքս փետողներին, իմ երեսը չծածկեցի նախատինքից ու թքից։ 7Սակայն Տեր Աստված օգնում է ինձ, դրա համար ամոթապարտ չեմ լինի, դրա համար իմ երեսը կայծքարի պես դարձրի։ Եվ գիտեմ, որ չեմ ամաչելու։ 8Ինձ արդարացնողը մոտ է. ո՞վ է ինձ հետ վիճում, միասին կանգնենք. ո՞վ է իմ հակառակորդը, թող մոտենա ինձ։ 9Ահա Տեր Աստված օգնում է ինձ. ո՞վ է, որ ինձ դատապարտելու է։ Նրանք բոլորը շորի պես կմաշվեն, և ցեցը կուտի նրանց։
10Ձեր մեջ ո՞վ կա, որ վախենում է Տիրոջից, հնազանդվում նրա ծառայի ձայնին, թեև քայլում է խավարի մեջ և լույս չունի. թող նա ապավինի Տիրոջ անվանը և հենվի իր Աստծու վրա։
11Ահա դուք բոլորդ, որ կրակ եք վառում և կայծերով շրջապատվում, գնացե՛ք ձեր կրակի լույսով և ձեր կրակ տված կայծերի մեջ։ Դա իմ ձեռքով պիտի լինի ձեզ համար, և դուք ցավով պիտի պառկեք։

Currently Selected:

ԵՍԱՅԻ 50: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in