ԵՍԱՅԻ 40
40
1«Մխիթարե՛ք, մխիթարե՛ք իմ ժողովրդին,- ասում է ձեր Աստվածը,- 2Երուսաղեմի հետ քաղցրությա՛մբ խոսեք, հայտարարե՛ք, որ նրա զինվորական ծառայությունն ամբողջացավ, որ թողություն է տրվել նրա անօրենությանը, որ նա իր բոլոր մեղքերի համար Տիրոջ ձեռքից կրկնապատիկ հատուցում է ստացել»։
3Մի ձայն կանչում է. «Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը անապատում, ուղի՛ հարթեք մեր Աստծու համար ամայության մեջ։ 4Ամեն ձոր կբարձրանա, ամեն լեռ ու բլուր կնվաստանա, անհարթը կհարթվի, և խորդուբորդ տեղերը՝ կուղղվեն։ 5Պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մարմին միասին պիտի տեսնեն այն, որովհետև Տիրոջ բերանն է այդ խոսել»։
6Մի ձայն ասում է. «Կանչի՛ր»։ Նա ասում է. «Ի՞նչ կանչեմ»։ «Ամեն մարմին խոտ է, և նրա ամբողջ վայելչությունը նման է դաշտի ծաղկի։ 7Խոտը չորանում է, ծաղիկը՝ թառամում, երբ Տիրոջ շունչը փչում է դրանց վրա. իրապես ժողովուրդը նման է խոտի։ 8Խոտը չորանում է, ծաղիկը՝ թառամում, բայց մեր Աստծու խոսքը մնում է հավիտյան»։
9Ե՛լ մի բարձր լեռան վրա, ո՛վ ավետաբերդ Սիոնի, ուժգին բարձրացրո՛ւ ձայնդ, ո՛վ ավետաբերդ Երուսաղեմի. մի՛ վախեցիր, բարձրացրո՛ւ ձայնդ Հուդայի քաղաքներին և ասա՛. «Ահա ձեր Աստվածը, 10ահա Տեր Աստված, որ գալիս է զորությամբ. նրա բազուկն իշխում է իր համար. ահա նրա վարձն իր հետ է, և նրա հատուցումը՝ իր առջև։ 11Հովվի նման նա հովվելու է իր հոտը, իր թևերի մեջ է հավաքելու գառներին, իր գրկում է կրելու նրանց և հանդարտորեն քշելու է կաթնատուներին։
Իսրայելի անզուգական Աստվածը
12Ո՞վ չափեց ջրերն իր ափով, և երկնքի տարածությունը՝ իր թիզով. ո՞վ չափի մեջ#40.12 Բռց. եռապատիկ։ ամփոփեց երկրի փոշին. ո՞վ կշռեց լեռները կշռորդով և բլուրները՝ կշեռքով։ 13Ո՞վ քննեց Տիրոջ հոգին և սովորեցրեց նրան իբրև խորհրդական։ 14Ումի՞ց խորհուրդ հարցրեց նա, որ նրան իմացներ. ո՞վ սովորեցրեց նրան իրավունքի ճանապարհը. գիտություն սովորեցրեց և իմաստության ճանապարհը ցույց տվեց։ 15Ահա ազգերը դույլի մի կաթիլի նման են, նրանք կշեռքի թաթին նստած փոշեհատիկի պես են համարվում։ Ահա նա կղզիները վերցնում է մանր փոշու նման։ 16Լիբանանը բավական չէ կրակի համար, և նրա անասունները՝ ողջակեզի համար։ 17Բոլոր ազգերը նրա առաջ ոչնչի պես են, նրա համար նրանք համարվում են ոչնչից էլ պակաս և ունայնություն։
18Ուրեմն ո՞ւմ եք նմանեցնում Աստծուն և ի՞նչ նմանության հետ եք համեմատում նրան։ 19Կուռքն արհեստավորն է ձուլում, ոսկերիչն այն պատում է ոսկով և արծաթե շղթաներ է ձուլում։ 20Աղքատը, որ չի կարողանում նման նվեր տալ, կընտրի չփտող փայտ և իր համար մի վարպետ արհեստավոր կփնտրի, որ իր համար աներեր մի կուռք պատրաստի»։ 21Մի՞թե չգիտեք, մի՞թե չլսեցիք, մի՞թե ձեզ չհայտարարվեց հենց սկզբից, մի՞թե բան չեք հասկացել երկրի հիմնադրությունից։ 22Նա է, որ բազմած է երկրի կամարից վերև, և դրա բնակիչները նման են մորեխների. նա է, որ տարածում է երկինքը վարագույրի պես և այն բացել է վրանի նման՝ այնտեղ բնակվելու համար։ 23Նա է, որ իշխաններին ոչնչի է վերածում և երկրի իշխանավորներին՝ ոչնչի։ 24Նրանք հազիվ տնկված, հազիվ ցանված, նրանց բունը հողի մեջ հազիվ արմատավորված. երբ նա փչում է նրանց վրա, նրանք չորանում են, ու փոթորիկը նրանց քշում է մղեղի նման։ 25«Ուրեմն ո՞ւմ եք ինձ նմանեցնում, որ ես նման լինեմ նրան»,- ասում է Սուրբը։ 26Վե՛ր բարձրացրեք ձեր աչքերը և նայե՛ք. ո՞վ է ստեղծել սրանք. նա է սրանց զորքերը թվով դուրս հանողը, սրանց բոլորին էլ իրենց անունով է կոչում նա իր զորության մեծությամբ և իր կարողությամբ. սրանցից ոչ մեկը չի կորչի։
27Ինչո՞ւ ես ասում, ո՛վ Հակոբ, և խոսում, ո՛վ Իսրայել, թե՝ «Իմ ճանապարհը ծածկված է Տիրոջից, և իմ իրավունքը զանց է առնված Աստծուց»։ 28Մի՞թե չգիտես կամ չե՞ս լսել, որ հավիտենական Աստված է Տերը, Արարիչը երկրի ծայրագույն սահմանների։ Նա չի հոգնել և չի թուլացել, նրա հանճարն անքննելի է։ 29Նա է հոգնածին ուժ տվողը, նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը։ 30Երիտասարդները կհոգնեն ու կնվաղեն, ընտիր պատանիներն ուժասպառ կլինեն, 31բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի։
Currently Selected:
ԵՍԱՅԻ 40: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018