ԵՍԱՅԻ 31
31
Աստված պաշտպանելու է Երուսաղեմը
1Վա՜յ նրանց, որոնք օգնության համար իջնում են Եգիպտոս, ապավինում են ձիերի, վստահում են մարտակառքերի, որովհետև շատ են, և ձիավորների, որովհետև խիստ զորավոր են։ Սակայն չեն նայում Իսրայելի Սրբին և չեն փնտրում Տիրոջը։ 2Նա էլ, սակայն, իմաստուն է, չարիք է բերում և իր խոսքերը հետ չի վերցնում. նա չարերի տան դեմ կկանգնի և անօրենություն գործողներին օգնողների դեմ։ 3Եգիպտացիները մարդ են և ոչ թե Աստված, նրանց ձիերը մարմին են և ոչ թե հոգի։ Բայց երբ Տերը երկարի իր ձեռքը, և՛ օգնողը կսայթաքի, և՛ օգնություն ստացողը վայր կընկնի, և բոլորը միասին կոչնչանան. 4քանզի Տերն այսպես ասաց ինձ. «Ինչպես որ առյուծը կամ կորյունը մռնչում է իր որսի համար, ու նրա դեմ հովիվների բազմություն է կանչվում, և նա չի ահաբեկվում նրանց աղաղակից ու չի խռովվում նրանց աղմուկից, այնպես էլ իջնելու է Զորությունների Տերը՝ պատերազմելու Սիոն լեռան և նրա բլրի համար»։ 5Թրթռացող թռչնիկների պես Զորությունների Տերը պաշտպանելու է Երուսաղեմը, պաշտպանելու է և փրկելու է, խնայելու է և ազատելու է նրան։
6Իսրայելի՛ որդիներ, դարձե՛ք դեպի նա, ում դեմ խորապես ապստամբեցիք, 7որովհետև այդ օրն ամեն մարդ պիտի մերժի իր արծաթե կուռքերին, իր ոսկե կուռքերին, որոնք ձեր ձեռքերը շինեցին ձեզ համար որպես մեղք։ 8Եվ Ասորեստանն ընկնելու է սրով, բայց ո՛չ մարդու. մի սուր, որ մարդկային չէ, ուտելու է նրան։ Նա փախչելու է սրի առաջից, և նրա երիտասարդները բռնադատված աշխատողներ են լինելու։ 9«Նրա վեմը կանհետանա սարսափից, և նրա իշխանավորները կզարհուրեն դրոշակից»#31.9 Կամ նրա իշխանները ահաբեկված պիտի լքեն դրոշակը։,- ասում է Տերը, որի կրակը Սիոնում է, և որի հնոցը՝ Երուսաղեմում։
Currently Selected:
ԵՍԱՅԻ 31: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018