ԵՍԱՅԻ 24
24
Տերը պատժելու է երկիրը
1Ահավասիկ Տերը կավերի երկիրը, քարուքանդ կանի այն, կխեղի նրա մակերեսը և ցաքուցիր կանի նրա բնակիչներին։ 2Եվ ինչպես ժողովրդին, այնպես էլ քահանային կլինի, ինչպես ծառային, այնպես էլ նրա տիրոջը, ինչպես աղախնին, այնպես էլ նրա տիրուհուն, ինչպես գնորդին, այնպես էլ վաճառողին, ինչպես փոխ տվողին, այնպես էլ փոխ առնողին, ինչպես պարտատիրոջը, այնպես էլ պարտապանին։ 3Երկիրն ամբողջովին կամայանա, ամբողջովին կկողոպտվի, որովհետև Տերն է ասել այս խոսքը։ 4Սգում, թախծում է երկիրը, նվաղում, թախծում է աշխարհը, նվաղում են երկրի ժողովուրդների մեծամեծները։ 5Երկիրը ապականված է մնալու իր բնակիչների ոտքի տակ, որովհետև նրանք զանց են առել օրենքները, փոխել են կանոնները, խափանել հավիտենական ուխտը։ 6Դրա համար անեծքը լափում է երկիրը, և նրա բնակիչները կրում են պատիժը։ Դրա համար երկրի բնակիչներն այրվեցին, ու սակավաթիվ մարդիկ մնացին։ 7Սգում է նոր գինին, թառամում է որթատունկը, հառաչում են զվարթասիրտ մարդիկ։ 8Դադարել է թմբուկների բերկրանքը, կտրվել է ուրախացողների աղմուկը, դադարել է քնարի բերկրանքը։ 9Գինին այլևս երգով չեն խմում, օղին դառն է խմողների համար։ 10Ավերվել է դատարկ քաղաքը, ամեն տուն կողպվել է ներս մտնողների համար։ 11Գինու համար աղաղակ կա փողոցներում. ամեն ուրախություն մարեց, վերացել է երկրի ցնծությունը։ 12Ամայությունն է մնացել քաղաքում, նրա դարպասը փշրվել, փլատակ է դարձել։ 13Այսպես կլինի երկրի վրա, ժողովուրդների մեջ, այսինքն՝ ինչպես թափ տված ձիթենին, ինչպես ճռաքաղը այգեկութն ավարտվելուց հետո։ 14Եվ նրանք#24.14 Այսինքն՝ վերապրողները։ պիտի բարձրացնեն իրենց ձայնը, ցնծությամբ պիտի գոչեն, պիտի փառավորեն Տիրոջը՝ մեծափառության համար ծովի կողմից աղաղակելով. 15«Դրա համար արևելքում փառավորե՛ք Տիրոջը, ծովեզրում Տիրոջ՝ Իսրայելի Աստծու անունը»։ 16Երկրի ծայրից օրհներգեր լսեցինք. «Փա՜ռք Արդարին»։ Բայց ես ասացի. «Ես վատնվո՜ւմ եմ, ես վատնվո՜ւմ եմ, վա՜յ ինձ»։ Դավաճանները դավաճանում են, դավաճանները դավաճանությամբ դավաճանում են։ 17Սարսափ, վիհ ու որոգայթ կա քեզ վրա, ո՛վ երկրի բնակիչ։ 18Ով փախչի սարսափի ձայնից, վիհն է ընկնելու, և վիհի միջից դուրս եկողը որոգայթի մեջ է բռնվելու, որովհետև վերևից բաց են պատուհանները, և երկրի հիմքերը դողում են։ 19Ճեղքվում-ճեղքոտվում է երկիրը, պատառվում-պատառոտվում է երկիրը, դողում-դողդողում է երկիրը։ 20Երերալով երերում է երկիրը հարբածի նման, ճոճվում է հյուղի նման, նրա հանցանքը ծանրացել է իր վրա, նա վայր է ընկնում և այլևս վեր չի կենա։ 21Այն օրը բարձունքներում Տերը կհատուցի բարձունքների զորքերին, իսկ երկրի վրա՝ երկրի թագավորներին։ 22Նրանք բոլորը կհավաքվեն մեկտեղ, որպես բանտարկյալներ կբանտարկվեն գբում և շատ օրերից հետո կպատժվեն։ 23Կամաչի լուսինը, կպատկառի արեգակը, երբ Սիոն լեռան վրա և Երուսաղեմում թագավորի Զորությունների Տերը, և նրա փառքը հայտնվի իր երեցների առաջ։
Currently Selected:
ԵՍԱՅԻ 24: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018