YouVersion Logo
Search Icon

ԵՍԱՅԻ 21

21
Բաբելոնի անկման տեսիլքը
1Ծովեզրի անապատի պատգամը։
Հարավից մոլեգնող մրրիկների նման նա գալիս է անապատից՝ սոսկալի մի երկրից։ 2Մի խիստ տեսիլք է ինձ պատմվել. հափշտակողը հափշտակում, և կործանողը կործանում է։ «Բարձրացի՛ր, Եղա՛մ, պաշարի՛ր, Մարաստա՛ն, նրա պատճառած ամբողջ հառաչանքը դադարեցրել եմ»։ 3Ահա թե ինչու երանքս սաստիկ դողում է, ծննդկանի ցավերի պես ցավեր են բռնել ինձ. գալարվում եմ՝ չեմ լսում, վրդովված եմ՝ չեմ տեսնում։ 4Միտքս շփոթվել է, սարսափը զարհուրեցրել է ինձ, նա իմ ցանկալի մթնշաղը արհավիրքի գիշեր դարձրեց ինձ համար։
5Սեղան են պատրաստում, դետը հսկում է. ուտում են, խմում են։ Վե՛ր կացեք, ո՛վ իշխանավորներ, յուղեցե՛ք վահանները, 6քանզի Տերն ինձ այսպես է ասել. «Գնա՛, դե՛տ կարգիր, որ իմաց տա, ինչ որ կտեսնի»։ 7Եվ երբ նա տեսնի ձիավորներ՝ զույգ-զույգ հեծյալներ, հեծյալներ էշի վրա, հեծյալներ ուղտի վրա, թող ուշադրություն դարձնի մեծ ուշադրությամբ։ 8Նա առյուծի նման աղաղակեց. «Ո՛վ Տեր, ցերեկը ես միշտ կանգնած եմ իմ դիտանոցում և ամբողջ գիշերը ես իմ պահակակետում եմ։ 9Ահա գալիս են ձիավորներ՝ զույգ-զույգ հեծյալներ»։ Ապա պատասխանեց ու ասաց. «Ընկա՜վ, ընկա՜վ Բաբելոնը, նրա չաստվածների բոլոր արձանները փշրեց գետնով տալով»։ 10Ո՛վ իմ կամնվածներ և իմ կալի պտուղներ#21.10 Բռց. որդիներ։, ինչ որ լսել եմ Զորությունների Տիրոջից՝ Իսրայելի Աստծուց, այն տեղեկացրի ձեզ։
Պատգամ Եդովմի մասին
11Դումայի պատգամը։
Սեիրից մի ձայն է գալիս դեպի ինձ. «Պահապա՛ն, գիշերից ինչքա՞ն մնաց, պահապա՛ն, գիշերից ինչքա՞ն մնաց»։ 12Պահապանն ասում է. «Առավոտը եկել է, նաև գիշերը։ Եթե ուզում եք հարցնել, հարցրե՛ք։ Վերադարձե՛ք, եկե՛ք»։
Պատգամ Արաբիայի մասին
13Արաբիայի պատգամը։
Դուք պիտի օթևանեք Արաբիայի անտառում, ո՛վ Դեդանի քարավաններ։ 14Ծարավին ջո՛ւր բերեք, ո՛վ Թեմայի երկրի բնակիչներ, ընդառա՛ջ ելեք փախստականին այն երկրի հացով, դիմավորե՛ք, 15որովհետև նրանք փախչում են սրերից, մերկացրած սրի առաջից, լարած աղեղի առաջից, սաստիկ պատերազմի առաջից։ 16Տերն ինձ այսպես է ասել. «Մի տարվա ընթացքում՝ ըստ վարձկանի տարվա, վերջ կգտնի Կեդարի ամբողջ փառքը։ 17Կեդարի որդիների՝ զորավորների աղեղնավորների մնացորդի թիվը քիչ է լինելու», քանզի Տերը՝ Իսրայելի Աստվածն ասաց այդ։

Currently Selected:

ԵՍԱՅԻ 21: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in