ԵՍԱՅԻ 19
19
Աստված պատժելու է Եգիպտոսին
1Պատգամ Եգիպտոսի մասին։
Ահա Տերը, որ բազմել է արագասահ ամպի վրա և գալիս է Եգիպտոս։ Եգիպտոսի կուռքերը պիտի դողան նրա ներկայությունից, և եգիպտացիների սիրտը պիտի հալվի իրենց մեջ։ 2«Ես եգիպտացուն եգիպտացու դեմ պիտի գրգռեմ, և նրանք կպատերազմեն. ամեն մարդ՝ իր եղբոր դեմ, ամեն մարդ՝ իր հարևանի դեմ, քաղաք՝ քաղաքի դեմ, և թագավորություն՝ թագավորության դեմ։ 3Եգիպտոսի ոգին պիտի դատարկվի իր միջից, ես պիտի խորտակեմ#19.3 Բռց. կուլ տամ։ նրա խորհուրդը, նրանք պիտի հարցապնդեն կուռքերին և կախարդներին, վհուկներին և գուշակներին։ 4Ես եգիպտացիներին պիտի մատնեմ մի դաժան տիրակալի ձեռքը, մի բռնակալ թագավոր պիտի իշխի նրանց վրա»,- ասում է Տերը՝ Զորությունների Տերը։ 5Ջրերը պիտի քաշվեն ծովից, և գետը պիտի չորանա ու ցամաքի։ 6Գետակները պիտի նեխեն, Եգիպտոսի վտակները պիտի բարակեն և չորանան, պիտի փտեն եղեգն ու պրտուն։ 7Նեղոսի մոտ և Նեղոսի եզերքին գտնվող մարգագետինները, Նեղոսի ամբողջ վարուցանքը պիտի չորանա, տարտղնվի և չքանա։ 8Ձկնորսները պիտի սգան, Նեղոսի մեջ բոլոր կարթ գցողները պիտի ողբան, և ջրի երեսին ուռկան փռողները պիտի նվաղեն, 9վուշ գործողներն ու բամբակագործները պիտի ամաչեն։ 10Նրա հիմքերը պիտի խորտակվեն, և բոլոր վարձկանների սիրտը պիտի տրտմի։ 11Տայանիսի իշխանավորներն անշուշտ հիմարներ են, փարավոնի իմաստուն խորհրդականների խորհուրդը հիմար է։ Դուք ինչպե՞ս եք ասում փարավոնին. «Ես իմաստունների որդի եմ, վաղեմի թագավորների որդի»։ 12Հիմա ո՞ւր են քո իմաստունները, որ քեզ հայտարարեն և իմացնեն, թե ինչ է վճռել Զորությունների Տերը Եգիպտոսի դեմ։ 13Տայանիսի իշխանավորները հիմարացել են, Մեմփիսի իշխանավորները խաբկանքի մեջ են, եգիպտացիներին մոլորեցրել են նրա ցեղերի գլխավորները#19.13 Բռց. անկյունաքարերը։։ 14Տերը նրանց մեջ շփոթության ոգի խառնեց, և նրանք մոլորեցրել են Եգիպտոսն իր բոլոր գործերի մեջ, ինչպես մոլորվում է հարբածը փսխելիս։ 15Չպիտի լինի մի գործ, որ գլուխն ու պոչը, արմավենու ոստն ու կնյունը կատարեն Եգիպտոսի համար։
Եգիպտոսը պաշտելու է Տիրոջը
16Այն օրը եգիպտացիները պիտի լինեն կանանց նման և սարսափով պիտի դողան Զորությունների Տիրոջ ձեռքի շարժումից, երբ նա այն բարձրացնի#19.16 Բռց. շարժի։ նրա վրա։ 17Հուդայի երկիրը եգիպտացիների համար արհավիրք է դառնալու, և ով հիշատակի նրան, պիտի սարսափի Զորությունների Տիրոջ այն մտադրության պատճառով, որ նա մտածել է նրանց դեմ։ 18Այն օրը Եգիպտոսում քանանացիների լեզվով խոսող և Զորությունների Տիրոջ անունով երդվող հինգ քաղաք է լինելու. դրանցից մեկին Արեգակի քաղաք#19.18 Եբր. Հերես, որ նշանակում է «կորստյան»։ են ասելու։ 19Այն օրը Տիրոջ համար մի զոհասեղան է լինելու Եգիպտոսի երկրում, և նրա սահմանին՝ մի հուշակոթող Տիրոջ համար։ 20Դա Եգիպտոսի երկրում մի նշան ու վկայություն է լինելու Զորությունների Տիրոջ համար, որովհետև նրանք բռնակալների պատճառով աղաղակելու են Տիրոջը, և նա մի փրկիչ և պաշտպան է ուղարկելու նրանց մոտ, ազատելու է նրանց։ 21Տերը իրեն ճանաչել է տալու Եգիպտոսում, և եգիպտացիներն այդ օրը պիտի ճանաչեն Տիրոջը, զոհեր ու ընծաներ պիտի մատուցեն, ուխտ պիտի անեն Տիրոջը և կատարեն այն։ 22Եվ Տերը կհարվածի Եգիպտոսին, կհարվածի ու կբժշկի նրանց, և նրանք կդառնան դեպի Տերը, որը կընդառաջի նրանց թախանձանքին և կբժշկի նրանց։ 23Այդ օրը մի պողոտա է լինելու Եգիպտոսից դեպի Ասորեստան, և ասորեստանցին գալու է Եգիպտոս, եգիպտացին՝ Ասորեստան, և եգիպտացիներն ասորեստանցիների հետ միասին են պաշտելու։ 24Այդ օրն Իսրայելը երրորդը պիտի լինի Եգիպտոսի ու Ասորեստանի կողքին. օրհնություն պիտի լինի երկրում, 25որին օրհնելու է Զորությունների Տերը՝ ասելով. «Օրհնյալ լինի Եգիպտոսը՝ իմ ժողովուրդը, և Ասորեստանը՝ իմ ձեռքի գործը, և Իսրայելը՝ իմ ժառանգությունը»։
Currently Selected:
ԵՍԱՅԻ 19: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018