ԵՍԱՅԻ 14
14
Վերադարձ գերությունից
1Տերը գթալու է Հակոբին, դարձյալ ընտրելու է Իսրայելին և նրանց հաստատելու է իրենց երկրում։ Օտարազգիներ պիտի միանան նրանց և հարեն Հակոբի տանը։ 2Ժողովուրդները նրանց առնելու և տանելու են իրենց վայրը, և Իսրայելի տունը պիտի ժառանգի#14.2 Բռց. ունենա։ նրանց Տիրոջ հողի վրա՝ իբրև ծառաների և աղախինների։ Նրանք գերի պիտի դարձնեն իրենց գերեվարողներին և պիտի տիրեն իրենց վրա բռնացողներին։
Բաբելոնի թագավորը մեռյալների աշխարհում
3Երբ Տերը քեզ հանգստացնի քո ցավից, քո տաժանքից և այն ծանր ծառայությունից, որին դու ենթարկվել էիր, 4այս հեգնական առակը պիտի պատմես Բաբելոնի թագավորի մասին և ասես. «Ինչպե՜ս դադարեց բռնավորը, վերացավ տանջալի բռնությունը։ 5Տերը կոտրեց ամբարիշտների գավազանը, իշխանավորների ցուպը, 6որ ցասմամբ հարվածում էր ժողովուրդներին չդադարող հարվածներով, որ վրդովմունքով և անզուսպ հալածանքով տիրապետում էր ազգերի վրա։ 7Հանգստացել հանդարտվել է ամբողջ երկիրը, մարդիկ ցնծությամբ երգում են։ 8Նաև եղևնիներն են ուրախանում քեզ համար, Լիբանանի մայրիներն էլ։ “Քանի որ դու ընկել ես, փայտահատը վեր չի բարձրացել մեզ կտրելու համար”։ 9Մեռելների աշխարհն իր ընդերքից սարսեց քո գալուստը դիմավորելու համար։ Նա արթնացրեց քեզ համար ուրվականներին՝ երկրի բոլոր իշխանավորներին, իրենց գահերից կանգնեցրեց ազգերի բոլոր թագավորներին։ 10Նրանք բոլորը խոսելու են և քեզ ասելու են. “Դու էլ մեզ նման տկարացար, մեզ նման եղար”։ 11Մեռելների աշխարհ իջավ քո մեծափառությունը քո տավիղների հնչյունների հետ։ Ճիճուներ են սփռված քո տակ որպես անկողին, և որդերն են քո ծածկոցը։ 12Ինչպե՜ս վայր ընկար երկնքից, ո՜վ առավոտյան արուսյակ, արշալույսի որդի, գետնին տապալվեցիր. դու, որ ստորացնում էիր ազգերին։ 13Ինքդ ասում էիր քո սրտում. “Երկինք կելնեմ, իմ գահը կդնեմ Աստծու աստղերից էլ վեր, կնստեմ աստվածների ժողովի լեռան վրա՝ հյուսիսային ծայրամասում,#14.13 Բառը նաև հատուկ անուն է, Զաֆոն։ 14կբարձրանամ ամպերի գագաթին, կնմանվեմ Ամենաբարձրյալին”։ 15Բայց մեռելների աշխարհ են իջեցրել քեզ, գբի խորխորատները։ 16Քեզ տեսնողները իրենց աչքերը պիտի սևեռեն քեզ վրա, պիտի մտածեն ու ասեն. “Սա՞ է այն մարդը, որ սարսեցնում էր երկիրը, դողացնում թագավորությունները, 17անապատի էր վերածում աշխարհը, կործանում էր նրա քաղաքները, իր բանտարկյալներին չէր արձակում, որ տուն գնան”։ 18Բոլոր ազգերի թագավորները փառքով պառկած են՝ յուրաքանչյուրն իր գերեզմանում. 19բայց դու արտաքսվեցիր քո գերեզմանից գարշելի վիժվածքի պես՝ ծածկված սրով խոցված մեռելներով, որոնք իջել են գբի հատակի քարերի վրա ոտնակոխ եղած դիակի նման։ 20Դու թաղվելով չես միանա նրանց հետ, որովհետև դու քանդեցիր քո երկիրը, սպանեցիր քո ժողովրդին։ Չարերի սերունդը չի հիշվի հավիտյան։ 21Նրա որդիների համար կոտորածի վա՛յր պատրաստեք իրենց հայրերի անօրենության պատճառով, որպեսզի վեր կենալով չժառանգեն երկիրը և աշխարհի երեսը չլցնեն քաղաքներով»։
Աստված կործանելու է Բաբելոնը
22«Ես վեր եմ կենալու նրանց դեմ,- ասում է Զորությունների Տերը,- և Բաբելոնից ջնջելու եմ նրա անունն ու մնացորդը, նրա զարմն ու սերունդը»,- ասում է Տերը։ 23«Ես այն դարձնելու եմ ոզնիների ստացվածք և ճահճուտ։ Ես այն ավլելու եմ բնաջնջման ավելով»,- ասում է Զորությունների Տերը։
Աստված կործանելու է Ասորեստանը
24Զորությունների Տերը երդվեց և ասաց. «Անշուշտ, ինչպես խորհել եմ, այնպես էլ կլինի, ինչպես ծրագրել եմ, այն էլ կկատարվի։ 25Ասորեստանցուն պիտի կոտորեմ իմ երկրում, նրան ոտնակոխ պիտի անեմ իմ լեռների վրա, և կվերանա նրա լուծը նրանց վրայից, նրա բեռը՝ նրանց ուսերից»։ 26Այս է այն որոշումը, որ որոշվել է ամբողջ երկրի համար, և այս է այն ձեռքը, որ բարձրացել է բոլոր ազգերի վրա։ 27Արդարև, ինչ որ Զորությունների Տերը որոշել է, ո՞վ կարող է այն խափանել, և երբ նրա ձեռքը բարձրացած է, ո՞վ կարող է այն հետ դարձնել։
Աստված կործանելու է փղշտացիներին
28Աքազ թագավորի մեռած տարում այս պատգամը եղավ.
29«Մի՛ ուրախացիր ամենևին, ո՛վ փղշտացիների երկիր, որ քեզ հարվածող իշխանական ցուպը կոտրվեց, որովհետև օձի արմատից քարբ է դուրս գալու, իսկ սրա ծնունդն էլ թռչող օձ է լինելու։ 30Աղքատների անդրանիկ զավակները կկերակրվեն, և կարիքավորները կպառկեն ապահով։ Բայց ես քո արմատը պիտի չորացնեմ սովով և քո մնացորդին էլ պիտի սպանեմ։ 31Ողբա՛, ո՛վ դարպաս, աղաղակի՛ր, ո՛վ քաղաք։ Ո՛վ փղշտացիների երկիր, բոլո՛րդ, հալվի՛ր, որովհետև հյուսիսից ծուխ է գալիս, և նրա շարքերում անկարգություն չկա։ 32Ի՞նչ պատասխան են տալու ազգի պատգամավորներին. Տերն է հիմնել Սիոնը, և այնտե՛ղ պիտի ապաստանեն նրա ժողովրդի թշվառները»։
Currently Selected:
ԵՍԱՅԻ 14: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018