ՈՎՍԵԵ 4
4
Տերն ամբաստանում է Իսրայելին
1Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Իսրայելի որդիներ, որովհետև Տերը վեճ ունի երկրի բնակիչների հետ. որովհետև երկրի մեջ ճշմարտություն չկա, ողորմություն չկա և Աստծու գիտություն չկա։ 2Դուրս են թափվել երդվելն ու ստելը, սպանելն ու գողանալը և պոռնկանալը, և արյուններն արյունների են խառնում։ 3Դրա համար երկիրը սգում է, և նրա բոլոր բնակիչները նվաղել են դաշտի գազանների և երկնքի թռչունների հետ, ծովի ձկներն էլ պիտի վերանան։
Տերն ամբաստանում է քահանաներին
4Սակայն թող ոչ ոք չվիճի և ոչ ոք չհանդիմանի, որովհետև քո ժողովուրդը քահանայի դեմ վեճ հարուցողների պես է։ 5Դու ցերեկը պիտի սայթաքես, և գիշերը քեզ հետ մարգարեն ևս կսայթաքի, և պիտի բնաջնջեմ քո մորը։
6Իմ ժողովուրդը բնաջնջվեց գիտություն չունենալու պատճառով։ Որովհետև դու մերժեցիր գիտությունը, ես էլ քեզ եմ մերժելու իմ քահանայությունից։ Եվ քանի որ դու մոռացար քո Աստծու օրենքը, ես էլ քո որդիներին եմ մոռանալու։ 7Ինչքան բազմացան, այնքան մեղանչեցին իմ դեմ. նրանց փառքը ես անարգության պիտի փոխեմ։ 8Նրանք ուտում են իմ ժողովրդի մեղքը,#4.8 Այսինքն՝ ուտում են մեղքի զոհը։ և նրանց սիրտը նրա անօրենությունն է ցանկանում։ 9Եվ կլինի ինչպես ժողովրդին, նույնպես և քահանային. և նրանց պիտի պատժեմ իրենց ճանապարհների համեմատ և նրանց արարքների համեմատ պիտի հատուցեմ իրենց։ 10Նրանք կուտեն ու չեն կշտանա, կպոռնկանան ու չեն բազմանա, որովհետև լքել են Տիրոջը։
Տերը դատապարտում է կռապաշտությունը
11Շնությունը, գինին ու քաղցուն գրավում են միտքը։ 12Իմ ժողովուրդն իր փայտե արձանին է հարցնում, և իր ցուպը պատասխանում է իրեն. որովհետև պոռնկության ոգին մոլորեցրել է, և իրենց Աստծուց հեռանալով՝ պոռնկացան։ 13Սարերի գագաթներին զոհ են մատուցում և բլուրների վրա՝ կաղնու, կաղամախու և բևեկնու տակ, խունկ են ծխում, որովհետև նրանց հովանին դուրեկան է։ Ուստի ձեր դուստրերը պոռնկանում են, և ձեր հարսները շնություն են անում։ 14Ես չեմ պատժի ձեր դուստրերին, երբ նրանք պոռնկանան, ոչ էլ ձեր հարսներին, երբ շնանան, որովհետև իրենք իսկ պոռնիկների հետ են մեկուսանում և նվիրյալ բոզերի հետ զոհ մատուցում, իսկ ժողովուրդը, որ չի հասկանում, պիտի կորչի։
15Թեև դու պոռնկանում ես, ո՛վ Իսրայել, թող Հուդան հանցավոր չլինի։ Եվ Գաղգաղա մի՛ գնացեք և Բեթավան մի՛ բարձրացեք. երդում մի՛ արեք. «Կենդանի է Տերը»։ 16Որովհետև կամակոր երինջի պես կամակորացել է Իսրայելը. հիմա Տերը մի լայնարձակ տեղում գառների պես պիտի արածեցնի՞ նրանց։ 17Եփրեմը կուռքերին է փարվել, թո՛ղ դրան։ 18Երբ իրենց հարբեցողությունը վերջ է գտնում, շնանալով շնանում են, նրա իշխանավորները սիրով սիրահարվում են ամոթին. 19քամին նրանց փաթաթել է իր թևերի մեջ, և նրանք պիտի ամաչեն իրենց զոհերից։
Currently Selected:
ՈՎՍԵԵ 4: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018