ՈՎՍԵԵ 13
13
Իսրայելի վերջնական վճիռը
1Երբ Եփրեմը խոսում էր, ահուդող էր։ Նա բարձրացվեց Իսրայելում և հանցանք գործեց Բահաղով ու մեռավ։ 2Եվ հիմա ավելի ու ավելի են մեղք գործում և իրենց համար իրենց հմտությամբ ձուլածո կուռքեր են շինում իրենց արծաթից. բոլորն էլ արհեստավորի գործեր են։ Ասում են. «Զոհ անող մարդիկ թող հորթերին համբուրեն»։ 3Ուստի առավոտյան ամպի պես պիտի լինեն և վաղ ցողի պես, որ շուտով անցնում-գնում է. մղեղի պես, որ կալից քշում է փոթորիկը, և ծխնելույզից ելած ծխի պես։ 4Սակայն Եգիպտոսից ի վեր ես եմ քո Աստվածը՝ Տերը, և ինձնից բացի ուրիշ Աստված չես ճանաչում, և մի փրկիչ չկա ինձնից բացի։ 5Ես քեզ ճանաչեցի անապատում, տոթակեզ երկրում։ 6Երբ արածեցին ու կշտացան, հագեցան, և նրանց սիրտը հպարտացավ, ուստի ինձ մոռացան։ 7Ուրեմն ես նրանց համար առյուծի պես պիտի լինեմ, ընձառյուծի նման ճանապարհի մոտ դարան պիտի մտնեմ։ 8Նրանց պիտի հանդիպեմ ձագերը կորցրած արջի նման և պիտի պատառոտեմ նրանց կրծքավանդակը։ Եվ այնտեղ առյուծի պես պիտի ուտեմ նրանց, և դաշտի գազանը պիտի բզկտի նրանց։ 9Քո կործանումն է, ո՛վ Իսրայել, որովհետև ինձնից բացի օգնական չունեիր։ 10Ո՞ւր է հիմա քո թագավորը, որպեսզի քեզ ազատի քո բոլոր քաղաքներում, որտե՞ղ են քո իշխանավորները, որոնց մասին ասում էիր. «Ինձ թագավոր և իշխաննե՛ր տուր»։ 11Ես իմ բարկությամբ քեզ թագավոր տվեցի և իմ զայրույթով նրան վերցրի։ 12Եփրեմի անօրենությունը կապված է, նրա մեղքը՝ ի պահ դրված։ 13Ծննդկանի ցավեր են գալու նրա վրա. նա իմաստուն որդի չէ. որդեծնության արգանդի բերանին հապաղելու ժամանակը չէ։ 14Մեռելների աշխարհի զորությունից պիտի ազատեմ նրանց, մահից պիտի փրկեմ նրանց. ո՞ւր է ժանտախտդ, ով մա՛հ. ո՞ւր է ավերումդ, ո՜վ դժոխք. գութը պիտի ծածկվի իմ աչքերից։ 15Որովհետև նա պտղաբեր է եղեգների մեջ#13.15 Եբր. եղբայրների մեջ։, բայց արևելյան քամին պիտի գա, անապատից բարձրանալու է Տիրոջ հողմը, ցամաքելու է նրա աղբյուրը, և չորանալու է նրա ջրի ակը. հովը կողոպտելու է բոլոր ցանկալի իրերի գանձարանը։ 16Սամարիան իր հանցանքը պիտի կրի#13.16 Կամ ավերակ պիտի դառնա։, որովհետև ապստամբեց իր Աստծու դեմ. սրից պիտի ընկնեն, նրանց մանուկներն էլ գետնով տրվելով պիտի կոտորվեն, նրանց հղի կանայք պիտի ճեղքվեն։
Currently Selected:
ՈՎՍԵԵ 13: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018