ՈՎՍԵԵ 10
10
1Փարթամ որթատունկ է Իսրայելը, իր համար պտուղ է բերում։ Ինչքան նրա պտուղը շատացավ, այնքան զոհասեղաններ կառուցեց. որքան գեղեցիկ էր երկիրը, այնքան գեղեցկացրեց կուռքերը։ 2Երկփեղկված է նրանց սիրտը, ու հիմա պիտի կրեն իրենց հանցանքը. նա պիտի ջարդի նրանց զոհասեղանները, տապալի նրանց կուռքերը։ 3Որովհետև հիմա պիտի ասեն. «Մենք թագավոր չունենք, որովհետև Տիրոջից չվախեցանք, թագավորն ի՞նչ կարող է անել մեզ»։ 4Սին խոսքեր են խոսում, սուտ երդվում են ուխտ կնքելիս, և դատաստանը մոլախոտի պես բուսնում է արտի ակոսների մեջ։ 5Բեթավանի հորթերի համար Սամարիայի բնակիչները պիտի վախենան, նրա ժողովուրդը նրա վրա պիտի սգա, և նրա քուրմերը պիտի դողան նրա համար, նրա փառքի համար, որովհետև նա իրենցից գերի պիտի տարվի։ 6Նա տարվելու է Ասորեստան՝ իբրև ընծա մեծ թագավորի համար. ամոթը պիտի պատի Եփրեմին, իսկ Իսրայելը պիտի ամաչի իր խորհրդից։ 7Սամարիան և իր թագավորը ջրի երեսի փրփուրի պես պիտի չքանան։ 8Եվ պիտի կործանվեն Ավենի Բարձր տեղերը, Իսրայելի մեղքը. փուշ ու տատասկ պիտի բուսնի նրանց զոհասեղանների վրա, և պիտի ասեն սարերին. «Ծածկե՛ք մեզ», և բլուրներին. «Մեզ վրա՛ ընկեք»։
Աստված հայտնում է Իսրայելի վճիռը
9Գաբաայի օրերից սկսած՝ մեղք գործեցիր, ո՛վ Իսրայել. նրանք այնտեղ շարունակեցին կանգնել. մի՞թե չարության որդիների դեմ պատերազմը Գաբաայում չհասավ նրանց։ 10Երբ կամենամ, պիտի հանդիմանեմ նրանց և ժողովուրդներ պիտի հավաքեմ նրանց դեմ, երբ նրանք կպատժվեն#10.10 Բռց. երբ նրանք կլծվեն իրենց երկու օղակներին։ իրենց երկու անօրենությունների պատճառով։ 11Եփրեմը մի վարժ երինջ է, որ սիրում էր կալ կալսել, բայց ես նրա վզի վայելչության վրա լուծ կանցկացնեմ. Եփրեմին լծելու եմ, Հուդան պիտի հերկի, Հակոբը պիտի տափանի նրա համար։
12Ձեզ համար արդարությամբ սերմանե՛ք, ողորմությամբ հնձե՛ք, խոպանը մշակե՛ք ձեզ համար, քանի որ Տիրոջը փնտրելու ժամանակն է, մինչև որ ինքը գա, և արդարություն տեղա ձեզ վրա։ 13Դուք ամբարշտություն հերկեցիք, անօրենություն հնձեցիք, ստության պտուղը կերաք, որովհետև դուք ձեր ճանապարհին և ձեր զորավորների բազմությանն ապավինեցիք։ 14Ուստի պատերազմի խռովություն է բարձրանալու քո ժողովրդի մեջ, և քո բոլոր ամրոցները պիտի քանդվեն, ինչպես պատերազմի օրը Սաղման քանդեց Բեթարբելը. մայրը որդիների հետ կոտորվեց։ 15Այսպես արեց ձեզ Բեթելը ձեր չափազանց չարության պատճառով. արշալույսին Իսրայելի թագավորը պիտի բնաջնջվի։
Currently Selected:
ՈՎՍԵԵ 10: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018