YouVersion Logo
Search Icon

Եբրայեցիներին 12:1-13

Եբրայեցիներին 12:1-13 ՆՎԱԱ

Ուստի մենք էլ, որ շրջապատված ենք վկաների այսչափ բազմությամբ, դեն գցենք ամեն ծանրություն և մեղքը, որ մեզ հեշտությամբ է պաշարում, և համբերությամբ ընթանանք մեր առջև բացված մրցասպարեզ, նայենք հավատի զորագլխին ու այն կատարողին՝ Հիսուսին, որն իր առջև դրված ուրախության փոխարեն խաչը հանձն առավ և ամոթն արհամարհելով՝ Աստծու աթոռի աջ կողմում նստեց։ Ուրեմն նրա՛ մասին մտածեք, ով մեղավորների կողմից իր դեմ այսպիսի հակառակություն կրեց, որպեսզի դուք չհոգնեք և չհուսահատվեք։ Դուք դեռ արյուն թափելու չափ չեք պատերազմել՝ մեղքին հակառակ կանգնելու, և մոռացել եք այն խրատը, որով ձեզ հետ խոսում է իբրև որդիների. «Որդյա՛կ իմ, Տիրոջ խրատը մի՛ անարգիր և ո՛չ էլ նրանից հանդիմանվելու ժամանակ վհատվիր. որովհետև Տերն ում սիրում է, խրատում է. պատժում է ամեն զավակի, որին ընդունում է» ։ Եթե խրատին համբերեք, Աստված ձեզ հետ իբրև որդիների կվարվի։ Ո՞ր որդու հայրը չի խրատում։ Բայց եթե առանց խրատի մնաք, որին բոլորն են մասնակից, ուրեմն խորթ եք և ոչ հարազատ որդիներ։ Մենք ևս, մեր մարմնավոր հայրերին խրատող ունենալով, նրանցից ամաչում էինք. որչա՜փ առավել պետք է հոգիների Հորը հնազանդվենք, որ ապրենք։ Որովհետև սրանք մի որոշ ժամանակ ըստ իրենց կամքի էին խրատում, բայց նա՝ մեր օգուտի համար, որպեսզի նրա սրբությանը հաղորդակից լինենք։ Եվ ամեն խրատ տվյալ պահին ուրախություն չի թվում, այլ տրտմություն, սակայն հետո դրանով դաստիարակվածներին արդար խաղաղության պտուղ է տալիս։ Դրա համար ուղղե՛ք թուլացած ձեռքերն ու տկարացած ծնկները և ձեր ոտքերի համար ուղիղ ճանապարհնե՛ր շինեք, որպեսզի կաղը չգլորվի, այլ մանավանդ բժշկվի։