ԾՆՆԴՈՑ 9
9
Աստծու ուխտը Նոյի հետ
1Աստված օրհնեց Նոյին ու նրա որդիներին և ասաց նրանց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք և լցրե՛ք երկիրը։ 2Ձեր ահն ու ձեր երկյուղը թող լինի երկրի բոլոր գազանների և երկնքի բոլոր թռչունների վրա, երկրի վրա բոլոր շարժվողների և ծովի բոլոր ձկների վրա. դրանք ձեր ձեռքն են տրվել։ 3Շարժվող ամեն կենդանի թող կերակուր լինի ձեզ համար. բանջարի ու խոտի պես բոլորը ձեզ տվեցի։ 4Միայն միսը իր կյանքով, այսինքն՝ իր արյունով չուտեք։ 5Եվ ձեր արյունն էլ ձեր կյանքի համար կպահանջեմ, ամեն կենդանուց կպահանջեմ, ամեն մարդուց, իր ընկերոջից մարդու կյանքը կպահանջեմ։ 6Ով որ մարդու արյուն թափի, նրա արյունը մարդու կողմից կթափվի. որովհետև Աստծու պատկերով ստեղծեց մարդուն։ 7Իսկ դուք աճեցե՛ք ու շատացե՛ք, բազմացե՛ք երկրի վրա և շատացե՛ք նրանում»։
8Աստված ասաց Նոյին ու նրա հետ նրա որդիներին՝ ասելով. 9«Ահա ես հաստատում եմ իմ ուխտը ձեզ հետ ու ձեզանից հետո ձեր սերնդի հետ. 10և ձեզ հետ եղող ամեն շնչավոր կենդանու հետ՝ թե՛ թռչունի, թե՛ անասունի, թե՛ ձեզ հետ եղող երկրի ամեն գազանի հետ, տապանից դուրս եկած բոլորի հետ, երկրի բոլոր անասունների հետ։ 11Եվ իմ ուխտը հաստատում եմ ձեզ հետ, որ այլևս ոչ մի մարմին չի կորչելու ջրհեղեղի ջրերից, և այլևս ջրհեղեղ չի լինելու երկիրը ոչնչացնելու համար»։ 12Աստված ասաց. «Սա է այն ուխտի նշանը, որ ես դնում եմ իմ ու ձեր միջև, ինչպես նաև ձեզ հետ եղող ամեն շնչավոր կենդանու միջև հավիտենական դարերի համար։ 13Իմ աղեղը դրեցի ամպի մեջ, և նա ուխտի նշան կլինի իմ ու երկրի միջև։ 14Եվ երբ ես ամպեր հավաքեմ երկրի վրա, աղեղը ամպի մեջ կտեսնվի։ 15Այն ժամանակ ես կհիշեմ իմ ուխտը, որ հաստատել եմ իմ ու ձեր միջև և ամեն մարմնից շնչավոր էակի միջև. և ջրերն այլևս հեղեղ չեն դառնա՝ կորստյան մատնելու համար որևէ էակի։ 16Աղեղը ամպի մեջ կլինի, և ես կտեսնեմ այն, որպեսզի հիշեմ այն հավիտենական ուխտը Աստծու և կենդանի շունչ ունեցող բոլոր մարմինների միջև, որ երկրի վրա են»։ 17Աստված ասաց Նոյին. «Սա այն ուխտի նշանն է, որ ես հաստատեցի իմ ու երկրի վրա եղող բոլոր էակների միջև»։
Նոյը և իր որդիները
18Նոյի՝ տապանից դուրս եկած որդիներն էին Սեմը, Քամը և Հաբեթը։ Քամը Քանանի հայրն է։ 19Այս երեքը Նոյի որդիներն են, և սրանցից մարդիկ տարածվեցին ամբողջ երկրի վրա։
20Նոյն սկսեց մշակել հողը և մի այգի տնկեց։ 21Խմեց դրա գինուց, հարբեց և մերկ պառկած էր իր վրանում։ 22Քանանի հայրը՝ Քամը, տեսավ իր հոր մերկությունը և դրսում պատմեց իր երկու եղբայրներին։ 23Սեմը և Հաբեթը հանդերձն առան և իրենց երկուսի ուսերի վրա դրեցին ու ետ-ետ գնալով՝ ծածկեցին իրենց հոր մերկությունը. նրանց երեսները դեպի ետ էին, և նրանք իրենց հոր մերկությունը չտեսան։ 24Երբ Նոյը սթափվեց իր գինուց և իմացավ, ինչ որ արել էր իրեն իր կրտսեր որդին, 25ասաց. «Անիծյալ լինի Քանանը, ծառաների ծառա լինի նա իր եղբայրներին»։ 26Նաև ասաց. «Օրհնյալ լինի Տերը՝ Սեմի Աստվածը, իսկ Քանանը նրան ծառա թող լինի։ 27Աստված ընդարձակի Հաբեթին, և նա Սեմի վրաններում բնակվի, իսկ Քանանը ծառա լինի նրան»։
28Ջրհեղեղից հետո Նոյն ապրեց երեք հարյուր հիսուն տարի։ 29Նոյի բոլոր օրերը ինը հարյուր հիսուն տարի եղան, և նա մեռավ։
Currently Selected:
ԾՆՆԴՈՑ 9: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018