YouVersion Logo
Search Icon

ԵԶԵԿԻԵԼ 38

38
Գոգը՝ Աստծու գործիք
1Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 2«Մարդո՛ւ որդի, դեմքդ դեպի Գո՛գը դարձրու Մագոգի երկրում՝ դեպի Ռովսի, Մոսոքի և Թոբելի գլխավոր իշխանը, և մարգարեացի՛ր նրա դեմ։ 3Ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես քեզ դեմ եմ, ո՛վ Գոգ, Մոսոքի և Թոբելի գլխավո՛ր իշխան։ 4Եվ քեզ հետ պիտի դարձնեմ, կարթեր դնեմ քո կզակներին և պիտի դուրս բերեմ քեզ ու քո ամբողջ զորքին՝ ձիերին ու ձիավորներին, զրահավորված բոլոր ասպարակիրների և վահանավորների մեծ բազմությանը, բոլորը՝ սուր կրողներ։ 5Պարսիկներին, եթովպացիներին և փուդացիներին, որ նրանց հետ են. ամենքն էլ՝ վահանավոր և սաղավարտավոր. 6Գոմերին և նրա բոլոր զորագնդերին, Թորգոմա տանը՝ հյուսիսի ծայրերից, և նրա բոլոր զորագնդերին ու շատ ժողովուրդներ քեզ հետ։
7Պատրա՛ստ եղիր և պատրաստի՛ր քեզ ու քո ամբողջ զորքը, որ ժողովվել է քո շուրջը, ու նրանց պահապա՛նը եղիր։ 8Բազում օրեր հետո զորահավաքի պիտի կանչվես. տարիներ հետո դու պիտի գաս մի երկիր, որը սրից հետ է առնված, որը վերահավաքվել է շատ ազգերի միջից Իսրայելի սարերի վրա, որոնք վաղուց ավերված էին. բայց ազգերի միջից դուրս բերվեցին, և այժմ բոլորն էլ ապահով բնակվում են։ 9Բայց դու պիտի բարձրանաս, մրրիկի պես պիտի գաս, երկիրը ծածկող ամպի պես պիտի լինես, դու և քո բոլոր զորագնդերը և շատ ժողովուրդներ քեզ հետ"”»։
10Այսպես է ասում Տեր Աստված. «Եվ այն օրը պիտի լինի, երբ մտքումդ մտքեր#38.10 Բռց. խոսքեր։ պիտի առաջանան, և դու չար խորհուրդ պիտի խորհես 11ու ասես. “Վեր գնամ անպաշտպան երկրի դեմ, հարձակվեմ խաղաղ մարդկանց վրա, որոնք ապահով բնակվում են, բոլորը բնակվում են առանց պարսպի և նիգեր ու դարպասներ չունեն, 12ավար հափշտակելու և կողոպուտ անելու, որ ձեռքդ դեմ դարձնես մարդաշատ դարձած ավերակների վրա և այն ժողովրդի վրա, որ հավաքվել է ազգերի միջից, որն անասունների ու գույքի տեր է և ապրում է աշխարհի կենտրոնում”։ 13Սաբան ու Դեդանը և Թարսիսի առևտրականներն ու նրանց ամբողջ ավագանին քեզ պիտի ասեն. “Մի՞թե ավար հափշտակելու համար եկար, մի՞թե կողոպուտ անելու համար հավաքեցիր քո զորքը, որ արծաթ ու ոսկի վերցնես, որ հոտեր ու ապրանք տանես, որ մեծ ավար հափշտակես”։
14Ուստի մարգարեացի՛ր, մարդո՛ւ որդի, և ասա՛ Գոգին. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա այն օրը, երբ իմ ժողովուրդ Իսրայելն ապահով կբնակվի, դու կիմանաս 15և կգաս քո տեղից՝ հյուսիսի ծայրերից. դու ինքդ և շատ ժողովուրդներ քեզ հետ, ամենքը՝ ձիեր հեծած, մեծ բազմությամբ և շատ զորքով։ 16Եվ դու կբարձրանաս իմ Իսրայել ժողովրդի դեմ երկիրը ծածկող ամպի նման. հետագա օրերին քեզ իմ երկրի դեմ պիտի բերեմ, որպեսզի ազգերը ճանաչեն ինձ, երբ ես քո միջոցով կսրբանամ նրանց աչքին, ո՛վ Գոգ"”»։
Աստծու պատիժը Գոգին
17Այսպես է ասում Տեր Աստված. «Մի՞թե դու նա ես, ում մասին ես խոսել եմ նախկին օրերին իմ ծառաների՝ Իսրայելի մարգարեների միջոցով, որոնք տարիներով մարգարեանում էին այն օրերին, որ քեզ նրանց դեմ եմ բերելու։ 18Այն օրը, երբ Գոգը կգա Իսրայելի երկրի դեմ,- ասում է Տեր Աստված,- իմ զայրույթը պիտի բորբոքվի։ 19Եվ իմ նախանձախնդրությամբ՝ իմ ցասման կրակով, ասում եմ. այն օրը, անշուշտ, մեծ երկրաշարժ պիտի լինի Իսրայելի երկրի վրա։ 20Եվ իմ ներկայությունից պիտի դողան ծովի ձկները և երկնքի թռչունները, դաշտի գազանները, երկրի վրա սողացող բոլոր սողունները և ամեն մարդ, որ երկրի երեսին է. սարերը պիտի փլուզվեն, գահավանդները փլվեն, և բոլոր պատերը գետին պիտի ընկնեն։ 21Եվ իմ բոլոր սարերի վրա Գոգի դեմ սուր պիտի կանչեմ,- ասում է Տեր Աստված,- ամեն մարդու սուրն իր ընկերոջ դեմ պիտի լինի։ 22Եվ նրա հետ դատաստան պիտի տեսնեմ ժանտախտով և արյունով. հորդահոս անձրև և կարկուտի քարեր, կրակ ու ծծումբ պիտի տեղամ նրա վրա ու նրա զորագնդերի վրա և նրա հետ եղող շատ ժողովուրդների վրա։ 23Եվ ես պիտի փառավորվեմ ու սրբանամ և ճանաչվեմ շատ ազգերի աչքում։ Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը»։

Currently Selected:

ԵԶԵԿԻԵԼ 38: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy