YouVersion Logo
Search Icon

ԵԶԵԿԻԵԼ 21

21
Աստծու սուրը
1Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 2«Մարդո՛ւ որդի, դեմքդ դեպի Երուսաղե՛մ դարձրու և խոսի՛ր սրբարանների դեմ և մարգարեացի՛ր Իսրայելի երկրի դեմ։ 3Եվ ասա՛ Իսրայելի երկրին. “Այսպես է ասում Տերը. "Ահա ես քեզ դեմ եմ և իմ սուրը պիտի հանեմ իր պատյանից և քեզնից պիտի վերացնեմ արդարին և ամբարիշտին։ 4Քանի որ ես քեզնից պիտի վերացնեմ արդարին և ամբարիշտին, ուրեմն իմ սուրն իր պատյանից պիտի դուրս գա ամեն մարմնի վրա հարավից մինչև հյուսիս։ 5Եվ ամեն մարմին պիտի գիտենա, որ ես՝ Տերը, իմ սուրը հանել եմ իր պատյանից. նա այլևս հետ չի դառնալու"”։ 6Եվ դու, մարդո՛ւ որդի, ողբա՛. կոտրած սրտով#21.6 Բռց. զիստ։ և դառը ցավով ողբա՛ նրանց աչքի առաջ։ 7Եվ եթե լինի, որ քեզ ասեն. “Ինչո՞ւ ես ողբում”, դու էլ ասա՛. “Այն գույժի համար, որ գալիս է։ Ամեն սիրտ պիտի հալվի, և ամեն ձեռք պիտի թուլանա, ամեն հոգի պիտի նվաղի, և ամեն ծունկ ջրի պես պիտի գնա. ահա գալիս է և պիտի կատարվի”,- ասում է Տեր Աստված»։
8Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 9«Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր և ասա՛. “Այսպես է ասում Տերը։ Ասա՛. "Սուրը, սուրը սրվեց և հղկվեց։ 10Մեծ կոտորած անելու համար է սրվել, փայլատակելու համար է հղկվել. մի՞թե ուրախանանք, թե որդուս ցուպը արհամարհում է ամեն փայտ։#21.10 Կամ նա արհամարհում է իմ որդու գավազանը և ամեն փայտ։ 11Բայց այն տրվեց հղկվելու՝ ձեռքով բռնելու համար. այդ սուրը սրվել է ու հղկվել սպանողի ձեռքում դրվելու համար։ 12Աղաղակի՛ր և ողբա՛, մարդո՛ւ որդի, որովհետև այն իմ ժողովրդի դեմ և Իսրայելի բոլոր իշխանավորների դեմ է. նրանք իմ ժողովրդի հետ սրի են մատնված. դրա համար խփի՛ր ազդրիդ#21.12 Հմմտ. Երմ. 31.19։։ 13Որովհետև փորձվեց, և ի՞նչ։ Եթե ցուպն էլ անարգես, այն չի՞ լինի",- ասում է Տեր Աստված”»։ 14«Եվ դու, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր և ձեռքերդ իրա՛ր խփիր, և սուրը երկու անգամ թող հարվածի, և երրորդ անգամ. այն սպանվածների սուրն է, սուրը մեծ կոտորածի, որ շրջապատում է նրանց, 15որպեսզի սրտերը հալվեն, և շատերն ընկնեն. նրանց բոլորի դարպասների վրա սուր դրեցի. ա՜հ, այն շինվել է փայլատակելու համար, սրվել է մորթելու համար։ 16Աջ կո՛ղմն անցիր կամ ձախ կո՛ղմն անցիր, որ կողմը քո շեղբը դարձել է։ 17Ես էլ ձեռքերս միմյանց պիտի խփեմ և իմ զայրույթը պիտի հագեցնեմ։ Տերը՝ ես եմ խոսել»։
Բաբելոնի թագավորի սուրը
18Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 19«Եվ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար դու երկու ճանապա՛րհ ընտրիր, որպեսզի Բաբելոնի թագավորի սուրը գա. երկուսը մի երկրից պիտի դուրս գան. և նշանասյո՛ւն շինիր, յուրաքանչյուր քաղաքի ճանապարհի գլխի՛ն շինիր այն։ 20Մի ճանապա՛րհ ընտրիր, որ սուրը գա ամմոնացիների Ռաբբահ և Հուդայի երկիր՝ պարսպավոր Երուսաղեմ։
21Որովհետև Բաբելոնի թագավորը կանգնել է ճանապարհի գլխին՝ երկու ճանապարհների բաժանման տեղի վրա, որ գուշակություն անի. նա երերացնում է նետերը, հարցնում է թերափիմներին, նայում է լյարդին#21.21 Զոհ-անասունի լյարդին նայելը գուշակության տարածված ձև էր։։ 22Նրա աջ ձեռքին Երուսաղեմի գուշակության նշանը ելավ՝ նրա դարպասներին պարսպակործաններ տեղադրելու, պատվարներ կանգնեցնելու, պաշարման հողապատնեշներ հիմնելու, գոռալով բերանը բացելու, ձայնը բարձրացնելու։ 23Բայց սա նրանց աչքին սնոտի գուշակության պես պիտի լինի. նրանք երդումներ էին արել, բայց նա անօրենություն է հիշեցնելու նրանց, որ բռնվեն։
24Ուստի այսպես է ասում Տեր Աստված. “Քանի որ դուք ձեր անօրենությունը հիշեցրիք, ձեր հանցանքները հայտնվեցին, որպեսզի ձեր բոլոր գործերի մեջ ձեր մեղքերը երևան. քանի որ դուք այդ հիշեցրիք, դուք պիտի բռնվեք”։
25Եվ դու, ո՛վ պիղծ և ամբարիշտ իշխան Իսրայելի, օրդ հասել է, քո անօրենության վերջին պատժի ժամանակը։
26Այսպես է ասում Տեր Աստված. “Հեռացրո՛ւ խույրը և հանի՛ր թագը. այլևս նույնը չի լինելու. #21.26 Բռց. սա այս չէ։ ցածրին բարձրացրո՛ւ և բարձրին ցածրացրո՛ւ։ 27Տակնուվրա, տակնուվրա, տակնուվրա պիտի անեմ նրան. սա չպիտի լինի, մինչև որ նա, ում պատկանում է իրավունքը, գա. նրան եմ տալու այն”։
Սուրը և ամմոնացիները
28Եվ դու, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր և ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված Ամմոնի որդիների մասին և նրանց նախատինքի մասին, և ասա՛. "Սուրը, սուրը մերկացած է մորթելու համար, կատարելապես հղկված, որպեսզի իր փայլատակումով ոչնչացնի։ 29Քո մասին ունայն տեսիլքներ տեսնելիս և քո մասին սուտ գուշակություններ անելիս քեզ դնում են ամբարիշտների սպանվածների վզին, որոնց օրը հասել է, նրանց վերջնական պատժի ժամանակը։ 30Վերադարձրո՛ւ իր պատյանին. այնտեղ, որտեղ ստեղծվեցիր, քո ծագման երկրում պիտի դատեմ քեզ։ 31Եվ քեզ վրա պիտի թափեմ իմ ցասումը, իմ բարկության կրակը պիտի փչեմ քեզ վրա և քեզ վայրենի մարդկանց ձեռքը պիտի մատնեմ. ոչնչացնելու վարպետ են։ 32Հրո ճարակ պիտի լինես դու, քո արյունը երկրի մեջտեղում պիտի լինի, և դու չպիտի հիշվես, որովհետև Տերը՝ ես եմ խոսում"”»։

Currently Selected:

ԵԶԵԿԻԵԼ 21: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in