YouVersion Logo
Search Icon

ԵԼՔ 4

4
Աստված Մովսեսին հրաշագործության կարողություն է տալիս
1Մովսեսն ասաց. «Բայց նրանք ինձ չեն հավատա, ոչ էլ իմ ձայնը կլսեն. որովհետև կասեն, թե՝ “Տերը քեզ չի երևացել”»։ 2Տերն ասաց նրան. «Այդ ի՞նչ է քո ձեռքին»։ Նա պատասխանեց. «Գավազան»։ 3Տերն ասաց. «Գետի՛ն գցիր դա»։ Մովսեսը գետին գցեց գավազանը, և այն օձ դարձավ, և Մովսեսը փախավ նրա առջևից։ 4Տերն ասաց Մովսեսին. «Երկարի՛ր ձեռքդ և բռնի՛ր պոչից»։ Նա երկարեց իր ձեռքն ու բռնեց. և օձը գավազան դարձավ նրա ձեռքում։ 5«Որպեսզի հավատան, որ քեզ երևաց իրենց հայրերի Տեր Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»։
6Տերը դարձյալ ասաց նրան. «Հիմա ձեռքդ տա՛ր ծոցդ»։ Նա ձեռքը տարավ ծոցը, ապա դուրս հանեց այն. և ահա ձեռքը բորոտ դարձավ՝ ձյան պես։ 7Եվ ասաց. «Ձեռքդ դարձյա՛լ ծոցդ տար»։ Նա ձեռքը դարձյալ տարավ ծոցը, ապա հանեց ծոցից. և ահա ձեռքը իր մարմնի պես էր դարձել։ 8«Եթե չհավատան քեզ և ականջ չդնեն առաջին նշանի ձայնին, ապա կհավատան մյուս նշանի ձայնին։ 9Իսկ եթե այս երկու նշաններին էլ չհավատան և քո ձայնին էլ ականջ չդնեն, գետից ջո՛ւր վերցրու ու թափի՛ր գետին. և գետից քո վերցրած այդ ջուրը գետնի վրա արյուն կդառնա»։
10Մովսեսն ասաց Տիրոջը. «Ո՜վ, Տե՛ր իմ, ես ի սկզբանե ճարտարախոս չեմ և ոչ իսկ, երբ սկսեցիր խոսել քո ծառայի հետ. այլ ես ծանրախոս և ծանրալեզու եմ»։ 11Տերն ասաց նրան. «Ո՞վ է մարդուն բերան տվել, կամ ո՞վ է ստեղծում համրին կամ խուլին, տեսնողին կամ կույրին. չէ՞ որ ես՝ Տերը։ 12Իսկ հիմա գնա՛. ես քո բերանի հետ կլինեմ և քեզ կսովորեցնեմ, ինչ որ պետք է խոսես»։ 13Մովսեսն ասաց. «Ո՜վ, Տե՛ր իմ, աղաչում եմ, ուղարկի՛ր, ում ուզում ես ուղարկել»։ 14Տիրոջ բարկությունը բորբոքվեց Մովսեսի դեմ, և նա ասաց. «Մի՞թե ես քո Ահարոն եղբորը՝ Ղևտացուն, չեմ ճանաչում, որ ճարտարախոս է։ Ահա նա դուրս է գալիս քեզ դիմավորելու և քեզ տեսնելուն պես սրտանց կուրախանա։ 15Դու խոսի՛ր նրա հետ և խոսքե՛ր դիր նրա բերանում, և ես քո բերանի ու նրա բերանի հետ կլինեմ և ձեզ կսովորեցնեմ, թե ի՛նչ պետք է անեք։ 16Քո փոխարեն նա՛ կխոսի ժողովրդի հետ. նա քեզ համար կլինի որպես բերան, և դու Աստծու տեղ կլինես նրա համար։ 17Վերցրո՛ւ այս գավազանը քո ձեռքը, որպեսզի դրանով անես նշանները»։
Մովսեսը վերադառնում է Եգիպտոս
18Մովսեսը գնաց և վերադառնալով իր աներոջ՝ Հոթորի մոտ, ասաց նրան. «Թո՛ղ գնամ Եգիպտոսում գտնվող իմ եղբայրների մոտ և տեսնեմ, թե տակավին ո՞ղջ են»։ Եվ Հոթորն ասաց Մովսեսին. «Գնա՛ խաղաղությամբ»։ 19Մադիամում Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛, վերադարձի՛ր Եգիպտոս, որովհետև մեռան այն մարդիկ, որոնք քո կյանքն էին ուզում խլել»։ 20Մովսեսը վերցրեց իր կնոջն ու որդիներին, նրանց նստեցրեց էշի վրա և վերադարձավ Եգիպտոս։ Եվ Մովսեսն իր ձեռքն առավ Աստծու գավազանը։ 21Տերն ասաց Մովսեսին. «Երբ վերադառնաս գնաս Եգիպտոս, նայի՛ր, որ փարավոնի առաջ անես այն բոլոր հրաշքները, որոնք անելը ես քեզ տվեցի։ Ես խստասիրտ կդարձնեմ նրան, և նա ժողովրդին բաց չի թողնի։ 22Կասես փարավոնին. “Այսպես է ասում Տերը. Իսրայելն իմ որդին է, իմ անդրանիկը։ 23Եվ ասում եմ քեզ. թո՛ւյլ տուր իմ որդուն, որ պաշտի ինձ. իսկ եթե չուզենաս թույլ տալ նրան, ապա ես կսպանեմ քո որդուն՝ քո անդրանիկին”»։
24Ճանապարհին՝ մի իջևանում, Տերը հանդիպեց Մովսեսին և ուզեց սպանել նրան։ 25Սեպփորան, մի սուր քար վերցնելով, կտրեց իր անթլփատ որդու թլիփը և գցեց Մովսեսի ոտքերի մոտ՝ ասելով. «Դու ինձ համար արյան փեսա ես»։ 26Այսպես Տերը թողեց նրան։ Այն ժամանակ Սեպփորան ասաց. «Թլփատության պատճառով արյան փեսա»։
27Տերն ասաց Ահարոնին. «Գնա՛ անապատ՝ Մովսեսին դիմավորելու»։ Նա գնաց և Աստծու լեռան վրա հանդիպեց Մովսեսին ու համբուրեց նրան։ 28Մովսեսն Ահարոնին պատմեց իրեն ուղարկող Տիրոջ բոլոր խոսքերն ու այն բոլոր նշանները, որ նա պատվիրել էր իրեն։
29Մովսեսն ու Ահարոնը գնացին և հավաքեցին Իսրայելի որդիների բոլոր ծերերին։ 30Ահարոնը նրանց հաղորդեց այն բոլոր խոսքերը, որ Տերն ասել էր Մովսեսին. և ժողովրդի առաջ նշաններ արեց։ 31Ժողովուրդը հավատաց, երբ լսեց, որ Տերն այցելել է Իսրայելի որդիներին և տեսել նրանց նեղությունները։ Նրանք խոնարհվեցին և երկրպագեցին Տիրոջը։

Currently Selected:

ԵԼՔ 4: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in