YouVersion Logo
Search Icon

ԵԼՔ 10

10
8. Մորեխներ
1Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛ փարավոնի մոտ, որովհետև ես կարծրացրի նրա և նրա ծառաների սիրտը, որպեսզի իմ այս նշանները ցույց տամ նրանց մեջ, 2և որպեսզի դու պատմես քո որդուն և քո որդու որդուն, թե ինչ եմ արել եգիպտացիներին և թե ինչ նշաններ եմ ցույց տվել նրանց։ Եվ դուք կգիտենաք, որ ես եմ Տերը»։
3Մովսեսն ու Ահարոնը գնացին փարավոնի մոտ և ասացին նրան. «Այսպես է ասում եբրայեցիների Տեր Աստվածը. “Մինչև ե՞րբ չես ուզենալու խոնարհվել իմ առաջ։ Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ։ 4Որովհետև եթե չուզենաս արձակել իմ ժողովրդին, ահա վաղը մորեխ կուղարկեմ քո սահմանների վրա։ 5Դրանք կծածկեն երկրի երեսը, և ոչ ոք չի կարողանա տեսնել երկիրը։ Դրանք կուտեն, ինչ որ փրկվել մնացել է կարկուտից, և կուտեն արտերի մեջ բուսած ձեր բոլոր ծառերը։ 6Կլցվեն քո տները, քո բոլոր ծառաների տները և բոլոր եգիպտացիների տները, որ ո՛չ քո հայրերը և ո՛չ էլ քո հայրերի հայրերը երբեք չեն տեսել երկրի վրա իրենց ծնված օրից մինչև այսօր”»։ Մովսեսը դուրս եկավ փարավոնի մոտից։
7Փարավոնի ծառաներն իրեն ասացին. «Մինչև ե՞րբ սա որոգայթ պիտի լինի մեզ համար։ Արձակի՛ր այս մարդկանց, որ պաշտեն իրենց Տեր Աստծուն։ Մի՞թե դեռ չես տեսնում, որ Եգիպտոսը կործանվում է»։ 8Մովսեսին և Ահարոնին վերադարձրին փարավոնի մոտ։ Փարավոնը նրանց ասաց. «Գնացեք պաշտե՛ք ձեր Տեր Աստծուն. ովքե՞ր են գնացողները»։ 9Մովսեսը պատասխանեց. «Մենք գնալու ենք մեր երիտասարդներով և մեր ծերերով, մեր տղաներով և մեր աղջիկներով, գնալու ենք մեր հոտերով և մեր արջառներով, որովհետև դա Տիրոջ տոն է մեզ համար»։ 10Փարավոնն ասաց նրանց. «Այդպես թող լինի. Տերը ձեզ հետ. ես ձեզ կարձակեմ, բայց ինչո՞ւ երեխաների հետ։ Պարզ է, որ դուք չար մտադրություն ունեք#10.10 Կամ զգուշացե՛ք, որովհետև չարիք կա ձեր առջևում։։ 11Ոչ այդպես, այլ գնացե՛ք դուք՝ տղամարդիկդ, և պաշտե՛ք Տիրոջը, քանի որ դուք այդ էիք ուզում»։ Եվ դուրս արեցին նրանց փարավոնի առջևից։
12Տերն ասաց Մովսեսին. «Մեկնի՛ր ձեռքդ Եգիպտոսի երկրի վրա, որ մորեխներ ելնեն Եգիպտոսի երկրի վրա ու խժռեն երկրի ամբողջ խոտը, ամենը, ինչ որ թողել է կարկուտը»։ 13Մովսեսը մեկնեց իր գավազանը Եգիպտոսի երկրի վրա. և Տերն արևելյան հողմ փչել տվեց երկրի վրա այդ ամբողջ օրը և ամբողջ գիշերը։ Երբ առավոտ եղավ, արևելյան հողմը մորեխ բերեց։ 14Մորեխները ելան Եգիպտոսի ամբողջ երկրի վրա և Եգիպտոսի սահմանների վրա։ Շատ սաստիկ էր. դրանից առաջ այդքան մորեխ չէր եղել և դրանից հետո էլ չեղավ։ 15Մորեխը ծածկեց ամբողջ երկրի ներսը, և երկիրը մթնեց։ Եվ կերան երկրի ամբողջ խոտը և կարկուտից փրկված ծառերի բոլոր պտուղները։ Ծառերի վրա և դաշտի խոտերի վրա ոչ մի կանաչ բան չմնաց Եգիպտոսի ամբողջ երկրում։
16Փարավոնն իսկույն կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Մեղանչեցի ձեր Տեր Աստծու և ձեր դեմ։ 17Այժմ խնդրում եմ, այս անգա՛մ էլ ներեք իմ հանցանքը և աղաչե՛ք ձեր Տեր Աստծուն, որ ինձանից միայն այս մահը հեռացնի»։ 18Մովսեսը փարավոնի մոտից դուրս ելավ և աղաչեց Տիրոջը։ 19Տերն արևմտյան սաստիկ մի հողմ ուղարկեց, որը մորեխն առավ ու քշեց Կարմիր ծովը։ Եգիպտոսի բոլոր սահմաններում մի հատ մորեխ չմնաց։ 20Բայց Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, և նա չարձակեց Իսրայելի որդիներին։
9. Թանձր խավար
21Տերն ասաց Մովսեսին. «Մեկնի՛ր ձեռքդ դեպի երկինք, որպեսզի խավար լինի Եգիպտոսի վրա, շոշափելի խավար»։ 22Մովսեսն իր ձեռքը մեկնեց դեպի երկինք, և Եգիպտոսի ամբողջ երկրի վրա երեք օր թանձր խավար եղավ։ 23Մարդ մարդու չէր տեսնում. երեք օր ոչ ոք իր տեղից վեր չկացավ։ Բայց Իսրայելի բոլոր որդիների համար իրենց բնակավայրերում լույս էր։ 24Փարավոնը կանչեց Մովսեսին և ասաց. «Գնացե՛ք և պաշտե՛ք Տիրոջը. թող մնան միայն ձեր հոտերն ու արջառները. ձեր ընտանիքներն էլ թող գնան ձեզ հետ»։ 25Մովսեսն ասաց. «Դու պետք է մեր ձեռքը զոհեր և ողջակեզներ էլ տաս, որպեսզի մատուցենք մեր Տեր Աստծուն։ 26Մեր հոտերն էլ մեզ հետ պիտի գնան. դրանցից մի կճղակ անգամ չպիտի մնա, որովհետև դրանցից ենք վերցնելու մեր Տեր Աստծուն զոհելու համար։ Մինչև այնտեղ գնալը մենք չգիտենք, թե ի՛նչ պիտի զոհենք Տիրոջը»։ 27Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, և նա չկամեցավ արձակել նրանց։ 28Փարավոնն ասաց նրան. «Գնա՛ իմ մոտից, զգուշացի՛ր քո անձի համար, որ այլևս իմ երեսը չտեսնես, որովհետև այն օրը, որ իմ երեսը տեսնես, պիտի մեռնես»։ 29Մովսեսն ասաց. «Լավ ես ասում. այլևս քո երեսը չեմ տեսնի»։

Currently Selected:

ԵԼՔ 10: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy